Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ գործի նկատմամբ. Նազիկ Ամիրյան

Դեկտեմբեր 24,2019 18:01

Այսօր շարունակվեց Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Հերթական անգամ Ամիրյանի պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց: Նազիկ Ամիրյանը միացավ պաշտպանի միջնորդությանը՝ ասելով, որ դատարանն իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունի. «Գտնում եմ՝ նախագահող դատավորի գործողությունները ոչ միայն օրինական չեն, այլեւ ապօրինի են: Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ գործի նկատմամբ, ունեմ նաեւ կասկած քրեական գործի՝ դատավորին մակագրման մեջ մարդկային գործոնի առկայության մասին»:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննարկելու, վերադառնալուց հետո հայտնեց, որ կքննի այդ միջնորդությունը պաշտպանական կողմի՝ գրավոր հիմնավորումներ ներկայացնելուց հետո:

Նազիկ Ամիրյանի պաշտպանը նաեւ դժգոհեց, որ Մանվել Գրիգորյանի գործից Նազիկ Ամիրյանի գործը անջատելուց հետո պաշտպանական կողմին հասկանալի չէ ՝ որն է գործի վարույթը, ինքը միայն Դատալեքսից հանված որոշում ունի ձեռքի տակ:

Նախագահող դատավորն էլ պարզաբանեց՝ գործի բոլոր նյութերը կողմերին են տրամադրվել դեռ նախաքննության ժամանակ, բայց եթե դատաքննության փուլում էլ դատավարական կողմերից որեւէ մեկին քրեական գործում առկա նյութերին ծանոթանալու խնդիր առաջանա, դատարանը պատրաստ է տրամադրել:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նաեւ հաստատեց գործի քննման հետագա ընթացքը՝ ասելով, որ մեղադրանքի կողմը նախ կներկայացնի մեղադրանքի բոլոր ապացույցները, որից հետո պաշտպանական կողմը դրանց վերաբերյալ հայտարարություններ կանի: Նազիկ Ամիրյանի պաշտպանն էլ հայտարարեց, որ ցանկանում է բացարկ հայտնել դատախազին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին:

Դատավորն էլ պաշտպանի այսօրվա գործողությունները որակեց նիստը ձգձգելու փորձ. «Ցանկացաք ձգձգել, որ պարոն Բաղդասարյանը գա, միասին լինեք, (խմբ. Նազիկ Ամիրյանի մյուս պաշտպանը) , դա նախատելի չէ, լավ եք արել»:

Դատական նիստը այսքանով հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 14-ին:

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զնեք, զինամթերք պահելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվել է նաեւ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Նրա պաշտպանները գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու և ստորագրությամբ չհեռանալու մասին միջնորդություններ էին ներկայացրել. Դատարանն այսօր էլ մերժեց միջնորդությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031