Այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները, հայտնում է 168.am-ը։ Այս պահին լարված իրավիճակ է գյուղում։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպված է և կարծես թե մինչ այս պահը հատուկ սցենարով է ընթանում։
Հովտաշատցիները տարածք ներխուժելիս հայտարարել են, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, ու եկել ենք տանենք»։ Հետո, երբ դիմադրության են հանդիպել, հրմշտոց է սկսվել, հայհոյախառն արտահայտություններով փորձել են սադրել ձկնաբուծարանի աշխատակիցներին։ Դեպքի վայրում իրավիճակն ավելի է թեժացել, երբ ժամանել է Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Նրանք հարձակվել են նկարահանող խմբի վրա, հարվածել ու հայհոյել լրագրողին և օպերատորին, վնասել տեսախցիկը:
Նշենք, որ ձկնաբուծարանն իրականում պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին, կամ գոնե ԱՆ պետռեգիստրում գրանցված է նրա անունով։
Այս պահի տվյալներով՝ ահազանգից հետո միջադեպի վայր են ժամանել Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչները, շուտով նաև ոստիկանության ծառայողները կհասնեն դեպքի վայր։