«Այսօր կեսօրին ահազանգ ստացանք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարան ներխուժել են Արարատի մարզի Հովտաշատ համայնքի շուրջ 6 տասնյակից ավելի բնակիչներ եւ իրենց պահել են բռի, հայհոյախառն արտահայտություններով ու ինչ-ինչ պահանջներ են ներկայացրել:
Մենք ուղարկել ենք «Էպիկենտրոն» լրատվականի նկարահանող խմբին` մեր երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանին եւ օպերատորին: Դեռ մուտքի մոտ նրանց չեն թողել տարածք մտնել. եւ շուրջ 60 հոգով սափրագլուխներով, «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով միանգամից շրջափակել են ու ասել են, որ իրավունք չունեն ներս մտնել, ասել են` մեր գյուղն է, ինչ կուզենք կանենք»,- Aravot.am-ի հետ զրույցում կատարվածի մասին հայտնեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը:
«Հայհոյանքներով փորձել են վտարել նկարահանող խմբին, երբ լրագրողները փորձել են ասել, որ իրենց գործն են կատարում, դա ոչինչ չի փոխել, սկսել են սպառնալ, ամենավերջին հայհոյանքներով 60 հոգով թափվել են լրագրողի եւ օպերատորի վրա, հարվածել են, վնասել տեսախցիկը եւ մտածել են, որ դրանով կարող են վերացնել ապացույցները»,-հավելեց «Էպիկենտրոնի» տնօրենը:
Նրա տեղեկացմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ:
Կարդացեք նաև
«Հիմա մեր լրագրողները բացատրություն են տալիս ոստիկաններին, թե ինչ է կատարվել իրականում…Սա հերթական դեպքն է Նոր Հայաստանում, երբ ոտնձգություն է իրականացվում լրատվամիջոցի հանդեպ, եւ մենք իրավապահ մարմիններից պահանջում ենք, որպեսզի մեղավորները կրեն իրենց պատիժը, որովհետեւ նորմալ չէ, երբ լրագրողը օրը ցերեկով ենթարկվում է հարձակման ինչ-որ հրոսակախմբի կողմից»,-ասաց «Էպիկենտրոնի» տնօրենը:
Վարդուհի Մելտոնյանը միջադեպի մասին նաեւ գրառումի է կատարել ֆեյսբուքի իր էջում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ