Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տարեկան ամփոփիչ ասուլիսում թվարկեց, թե ռուսաստանյան որ պաշտոնյաներն են այս տարի այցելել Հայաստան, ինչ ձեռքբերումներ են եղել հայ-ռուսական հարաբերություններում. «Այս տարին նշանավորվեց, եթե ոչ աննախադեպ, ապա տարբեր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվ զարգացմամբ, այդ թվում` քաղաքական երկխոսության գծով: Մեր հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, մենք կարեւոր ընդհանուր հետաքրքրություններ ունենք, որոնք միավորում են մեզ, դա արտացոլում է երկու երկրների քաղաքական կամքը՝ պահպանել ու բարձրացնել մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակը»:
Դեսպանն ասաց, որ երկու երկրների հարաբերությունների ամրացմանն ուղղված հիմնական գործոնը փոխգործակցությունն էր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ. «Ռուսաստանում բարձր են գնահատում ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները։ Դրանք արտացոլում են Հայաստանի հետաքրքրվածությունն ու պատասխանատու վերաբերմունքը՝ ինտեգրացիոն գործընթացներին…Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր կատարվում հոկտեմբերի 1-ին Երեւանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Օգտակար էր Հայաստանի պատրաստակամությունը բաց կերպով դնել պրոբլեմային հարցերը ՀԱՊԿ-ի հետ կապված, հենց դրանց քննարկումն է այն ճանապարհը, որ ՀԱՊԿ-ի արդյունավետությունը կբարձրացնի»:
Սերգեյ Կոպիրկինը քաղաքական համագործակցության մասին խոսելով՝ ասաց, որ իրենք շատ բարձր են գնահատում միջազգային հարթակներում դա լինի ԵԽ, ԵԱՀԿ, մեր երկու երկրների համագործակցությունը. «Մեզ համար սկզբունքային հարցերի քվեարկությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է մեր վստահելի գործընկերը, որի վրա մենք կարող ենք հույս դնել ամենաբարդ իրավիճակներում»:
Խոսելով անվտանգության ոլորտում համագործակցության մասին՝ դեսպանն ասաց, որ ռուսական ռազմաբազայում քայլեր են ձեռնարկվել, որ այն արդյունավետ գործի, ծրագրեր կան, որ առաջիկայում լուրջ քայլեր արվեն բազայի ենթակառուցվածքների կատարելագործման ուղղությամբ, որի արդյունքում նոր աշխատատեղեր կլինեն Հայաստանում ու նոր գումարներ կներդրվեն:
Կարդացեք նաև
Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասաց, որ հարցի կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ ղեկավարության ուշադրության կենտրոնում. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել է եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է օգնել քաղաքական ճանապարհով կարգավորմանը հասնելուն՝ երկու կողմերի համար ընդունելի տարբերակների հիման վրա: Այդպես էլ կշարունակենք առաջիկայում՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ առանձին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ