Լրահոս
Օրվա լրահոսը

«Կհաջողվի՞ վարչապետին զսպել իր ամբիցիաները և երբեք չգնալ հողերի խոշորացման». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2019 16:02

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, թեև կարծում է, որ երկրի տնտեսության վիճակը կարող էր ավելի վատ լինել, բայց չի տեսնում շանսեր, որ այն կլավանա: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան․ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ է սպասվում» խորագրով համաժողովին նա 5 տոկոս տնտեսական աճը համարեց նկարչություն և համարեց, որ չափազանցված է շուրջ երկու անգամ: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ մյուս ցուցանիշը լինելու է 6-7 տոկոս: Հնարավոր է մինչև 8 տոկոս նկարեն:

Հրանտ Բագրատյանն այս առիթով ասաց. «Նոր տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռում է ավտոմեքենաների ներմուծումը, խաղերն ու հանքարդյունաբերությունը: Դրանք տնտեսական աճի չեմպիոններն են: Միայն խիստ աներևակայելի երևույթի դեպքում դա կարելի է համարել որևէ հաջողություն: Պետությունը ցույց է տալիս ներդրումների աճ, բայց արդյոք ամորտիզացիան ամբողջ պիտի համարվե՞ր ներդրում: Հետո էլ պետությունը անում է ցինիկ քայլ՝ վիճվարչությունն անընդհատ ամորտիզացիան ավելացնում է. այսինքն՝ հիմնական ֆոնդը, որ դուրս է գրվել, չի հանում, դրա համար ոչինչ էլ չանեն, իրենց տված թվերով՝ ինչպես հիմնական կապիտալը, աճ է գրանցվում»:

Անդրադառնալով աշխատավարձ-գնաճ հարաբերակցությանը՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Անցյալ տարի գրանցվեց 3.8 տոկոս աշխատավարձի աճ, 2.5 տոկոս գնաճ, այս տարի 5.9 տոկոս աշխատավարձի աճ և 1.5 տոկոս գնաճ: Թվում է՝ լավ է. աշխատավարձը 9.7 տոկոս աճեց, գնաճը՝ 4.2 տոկոս է, կարծես թե 5.5 տոկոս լավ ենք ապրում: Բայց այստեղ էլ հարց կա՝ կուտակայինը, որ ներդրվել է, հաշվվում է որպես եկամուտ: Օրինակ՝ ասում են, որ այս տարի 5.9 տոկոս աշխատավարձի աճ է գրանցել, բայց այն ոչ թե աճել է, այլ ինչ փոխանցում ենք կուտակայինի համար, հաշվում ենք որպես եկամուտ: Հիմա, որ հինգական տոկոս հանեմ, ստացվում է՝ ոչ մի եկամտի աճ: Այդպես էլ չգիտեմ՝ որն է իրական թիվը»:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ խնդիրները լուծելու համար մենք պիտի կառավարենք ներդրումները, վերարտադրվենք. «Պետք է մտածենք գյուղատնտեսական կոոպերացիաների մասին: Կհաջողվի՞ վարչապետին զսպել իր ամբիցիաները և երբեք չգնալ հողերի խոշորացման: Առաջին ծիծեռնակները տեսնում ենք: Ասում են, եթե տեսնում ենք՝ հողը չես մշակում, տանք ուրիշին: Բայց ինչո՞ւ, թող շուկան կկարգավորի: Հետաքրքրում է միայն այն, որ ճչացող արտահայտություններ անենք, սրտաճմլիկ արտահայտություններ անենք, թե տեսնում ես, հողը ինչի են հասցրել, եկեք տանք ուրիշին»:

Հրանտ Բագրատյանը մտահոգված է, որ այս իշխանությունները նոր Հայաստանի տեսլական չունեն. «Ցավալի է, քանի որ լավագույն դեպքում մենք այս կառավարության քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, իսկ վատագույն դեպքում դրանք կարող են էլ ավելի ահռելի դառնալ: Մի ինտելեկտուալ բան ես ասում, բոլորը հարձակվում են. ախր ասեք, արեք: Մենք այսպիսի Հայաստան չենք ունեցել: Սա ոչ մի լավ բանի չի տանելու, ի՞նչն է ստիպելու այս իշխանություններին, որոնք կրկնում են, թե ունեն ժողովրդի 83 տոկոս քվեն, անել փոփոխություններ»:

Հրանտ Բագրատյանը մտահոգություն հայտնեց՝ չի կարելի միայն ստիպել սպառումը և նշեց, որ այս իշխանության հետ այդ թեմայով խոսել հնարավոր չէ. «Իսկ դուք Հայաստանը դարձնում եք տնտեսական գերեզման, եթե նման փոփոխություններ չեք անում, չենք կարող մենք անընդհատ խրախուսել սպառումը: Սպառումը խրախուսելով ո՞նց ստեղծես արհեստական ինտելեկտի սարքը, հնարավոր չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031