Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես փաստաբան չեմ». ՌԴ դեսպանը՝ Քոչարյանին պաշտպանելու, նրա հարազատների հետ հանդիպելու եւ Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներին ՌԴ-ում պատսպարելու մասին

Դեկտեմբեր 24,2019 15:56

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ:

Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին՝ Մարտի 1-ի գործով անցնող առանցքային դեմքերը գտնվում են ՌԴ-ում, օրինակ, ՊՆ նախկին նախարարը, որին չի հանձնում Ռուսաստանը, ի՞նչ եք կարծում, դա ինչպե՞ս է անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Դեսպանը պատասխանեց, որ ՀՀ գլխավոր դատախազն այդ առնչությամբ բավականին պարզ ասաց, որ միայն Ռուսաստան չեն գնում, գնում են այնտեղ, որտեղ նպատակահարմար են գտնում, որտեղ ավելի բարենպաստ է իրենց համար՝ այդ թվում՝ իրենց կապերի առումով. «Ես այստեղ չէի առանձնացնի Ռուսաստանը: Ինչ վերաբերում է արտահանձնել-չարտահանձնելուն, այդ հարցը չպետք է քաղաքականացնել, դա նախեւառաջ իրավական հարց է ու պետք է լուծվի մեր երկրների համապատասխան կոմպետենտ մարմինների կողմից: Դա այն հարցը չէ, որը մեր հարաբերությունների համար էական, գրգռիչ նշանակություն պիտի ունենա: Ես դեմ եմ, որ այդ հարցը գիտակցաբար քաղաքականացվի»:

Aravot.am-ը դեսպանին այնուամենայնիվ նորից հարցրեց՝ փաստն այն է, որ Մարտի 1-ի գործի եւ այլ քրեական գործերի շրջանակներում հետախուզվող ՀՀ նախկին պաշտոնյաները թաքնվել, պատսպարվել են Ռուսաստանում, խոսքը Միքայել Հարությունյանի, Միհրան Պողոսյանի, Գեւորգ Կոստանյանի եւ այլ պաշտոնյաների մասին է: Ու ինչքան էլ դուք ասեք, որ նրանցից ոմանք, օրինակ, Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի են, Հայաստանում կա տեսակետ, որ նրանց չարտահանձնելով՝ դուք խոչընդոտում եք Մարտի 1-ի գործի բացահայտմանը եւ պաշտպանում եք Ռոբերտ Քոչարյանին: Ո՞րն է պատճառը, որ նախընտրում եք աջակցել, պատսպարել նրանց, քան թե համագործակցել ՀՀ կառավարության հետ: Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց. «Ես արդեն ասացի այդ հարցով իմ դիրքորոշումը, դա ինձ համար քաղաքական հարց չէ, այլ իրավական: Կան համապատասխան իրավական կոնվենցիաներ, օրենսդրական կարգավորումներ երկու երկրներում էլ, կան մասնագետներ, գլխավոր դատախազությունները մեր երկրների զբաղվում են այդ հարցով պրոֆեսիոնալ մակարդակով: Եկեք նրանց հնարավորություն տանք դա անել»:

Հարցրեցինք՝ դուք պաշտպանո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին՝ Սերգեյ Կոպիրկինը բառախաղով պատասխանեց, թե «ես փաստաբան չեմ»: Մեր հաջորդ հարցը՝ այդ դեպքում Քոչարյանի հարազատների հետ էիք հանդիպում, ի՞նչ էիք խոսում՝ նկատի ունենալով ՌԴ դեսպանատանը Վլադիմիր Պուտինի եւ Բելլա Քոչարյանի հանդիպումը, դեսպանը պատասխանեց, որ անձամբ ինքը չի հանդիպել Քոչարյանի որեւէ հարազատի հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031