Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել որպես վկա՝ ԵՊՀ-ի բակում կրակոցների գործով

Դեկտեմբեր 24,2019 16:30

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն այսօր հենց ԵՊՀ-ից բերման է ենթարկվել՝ ձեռնաշղթաներով: Նրան բերման են ենթարկել որպես վկա, այսօր հարցաքննվելուց հետո նրան ազատ կարձակեն: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից: Մեզ նաեւ տեղեկացրեցին, որ Ափոյանը որպես վկա բերման է ենթարկվել դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների գործի շրջանակներում:

https://www.facebook.com/vahagn.varagyan/videos/2448213355288175/

Shamshyan.com-ը  տեղեկացրել էր, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Ոստիկանության ծառայողները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Թե ինչո՞ւ են Ափոյանին բերման ենթարկել հարցաքննելու համար, արդյոք նա նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում ստացել էր եւ չէր ներկայացել, մեր այս հարցին ի պատասխան քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը պատասխանեց. «Ծանուցվել է, թե՝ ոչ, տեղեկություն չունեմ, բայց եթե չեն էլ ծանուցել ու բերման են ենթարկել, ապա դա արվել է քննության շահերից ելնելով»:

Հարությունյանի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Նշենք, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել կատարվածի կապակցությամբ, որում ասված է. «ԵՊՀ ուսանողական խորհուրդը  լրջորեն անհանգստացած է ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ապօրինի բերման ենթարկելու փաստով և բերման ենթարկելու ընդգծված ռեպրեսիվ եղանակով: Մասնավորապես նրան ազատությունից զրկել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում` մասնակցելով ՈՒԽ կազմակերպած հրապարակային միջոցառման: Հատկապես տարակուսելի է ՈւԽ նախագահին բերման ենթարկելու եղանակը: Նա ազատությունից զրկվել է ԵՊՀ վարչական շենքի տարածքում և ԵՊՀ բազմաթիվ աշխատակիցների և ուսանողների աչքի առջև, բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով տեղափոխվել է Ոստիկանության բաժին: Նրա հետ փաստացի վարվել են իբրև վտանգավոր հանցագործի, ինչը վնասում է ոչ միայն Դավիթ Ափոյանի,այլ նաև ԵՊՀ ՈւԽ-ի` որպես կարևոր ուսանողական կառույցի բարի համբավին: Այս ամենի կապակցությամբ ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ ԵՊՀ ուսխորհրդի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031