Մտնելով Դիլիջանի վերաբացված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ուղեկցող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին եւ նախկին նախարար Հարություն Քուշքյանին, որոնք վարչապետին ներկայացնում էին ծնելիության ցուցանիշներն՝ ասելով, որ ծնունդների թիվը գնալով ավելանում է, Դիլիջանում նույնպես, ասաց. «Արփիի ծնվելուց ներկա եմ եղել»:
Ըստ գինեկոլոգիական բաժնի մանկաբարձ-գինեկոլոգի, անցյալ տարի Դիլիջանում եղել է 183 ծնունդ, այս տարի՝ 187 ծնունդ եւ ավելացման միտում կա:
Այսօր վարչապետը շրջեց Դիլիջանի բժշկական կենտրոնում, ծանոթացավ բուժհիմնարկի հնարավորություններին: Ասացին, որ հիվանդանոցը հագեցած է նորագույն տեխնիկայով եւ կարող է նորագույն չափորոշիչներին համապատասխան ծառայություններ մատուցել: Արսեն Թորոսյանն ասաց, որ սկզբունքային փոփոխություններ են մտցնելու հիվանդանոցներում հիվանդների ընդունման կարգի մեջ. «Գալիք տարում կփորձենք բոլոր հիվանդանոցներում զարգացնել այս հատվածը։ Ժամանակին այսպիսի բան չի եղել, դուռը թակել են ու գնացել են միանգամից բաժանմունք»
Վարչապետին տեղեկացրին, որ այստեղ կարվեն նաեւ հորմոնային, բիոքիմիական, օնկոմարկերային, հեպատիտների հետազոտություններ եւ կարիք չի լինի մարզի բնակիչը դրանց համար հասնի Երեւան: Այս բուժհաստատությունում կատարվում է նաեւ զարգացող սրտամկանի ինֆարկտի հետազոտություն եւ, ըստ բժշկի, եթե պարզվի այդպիսի իրավիճակ է, արագ միջամտության արդյունքում կարելի է կանխել ինֆարկտը:
Արսեն Թորոսյանն ասաց, որ ծրագրեր ունեն մարզում նաեւ բժշկական տուրիզմը զարգացնել:
Ներկա էր նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Կարդացեք նաև
Բժշկական կենտրոնը վերակառուցելու եւ վերազինելու համար Հարություն Քուշկյանը ներդրել է 2,4 միլիոն դոլար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ