Հայաստանի Զինված ուժերը օրերս համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: Այդ մասին առաջինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաեւ նկար հրապարակեց նոր տեխնիկայի հետ:
Այսօր ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին`դրական չէ՞, որ իշխանությունն ամրապնդում է երկրի անվտանգությունը, մինչդեռ ՀՀԿ-ն քննադատում է եւ վտանգներ է տեսնում:
«Դրական է, բայց ի՞նչ կապ ունի Փաշինյանն այդ սպառազինության հետ: Այդ պայմանագիրը ստորագրվել է 2017-ի հոկտեմբերի 2-ին, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, ԱԺ փոխնախագահը Էդուարդ Շարմազանովը, իշխանության էր ՀՀԿ-ն: Էն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերները պառլամենտում քննադատում էին հայ-ռուսական համագործակցությունը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, միացյալ ռազմական ստորաբաժանման ստեղծմանը ՀՀԿ-ն կողմ էր քվեարկում եւ ստորագրում էր մեր պետության համար մատչելի, ձեռնտու ռազմական վարկեր, որոնց դրական պտուղներն այսօր քաղում է հասարակությունը, իսկ սելֆի անում է Նիկոլ Փաշինյանը»:
Հարց հնչեց նաեւ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով Սերժ Սարգսյանի գնալ-չգնալու մասին: Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց`քանիցս են հայտարարել, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի և առհասարակ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հետ կապված թաքցնելու որևէ բան չունի. «Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը և Արցախը հաղթել են ապրիլյան պատերազմում։ Մենք հանձնաժողովից որևէ թաքցնելու բան չունենք, մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմում, ավելին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ ապրիլյան հանձնաժողովը կփարատի հասարակության բոլոր մտահոգությունները»:
Կարդացեք նաև
Նա կրկնեց իր մոտեցումը` ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամներն ավելի արդար կլինեին, եթե լսեին ընդդիմության և իր գործընկերների կոչերը՝ հրավիրեն Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով, պարզելու, թե որտեղից նրան տեղեկություն, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված եղել Ռուսաստանի հետ, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ։ «Եթե այսօր էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ այդ կարծիքին, արդյոք վերջերս, երբ Սանկտ Պետերբուրգում էր և հանդիպում էր իր գործընկերների հետ, այնտեղ այդ մասին ասե՞լ է»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործից, մասնավորաբար, նախագահի և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ առերեսումից: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց`մանրամասներից տեղյակ չէ. «Կա նախաքննական գաղտնիք և նախաքննությունն ընթանում է, ես ասել եմ և դա մեր կուսակցությունը հայտարարել է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է կուսակցության նախագահի և կուսակցության դեմ։ Դեռևս նախորդ տարվա մայիսին ասել եմ, որ Հայաստանում այլևս որևէ մեկն ապահովագրված չէ, որ կարող է ձերբակալվել, որևէ մեկը ապահովագրված չէ շինծու գործերից: Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ գործը շինծու քաղաքական մեղադրանք է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ