«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի բնորոշմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը պատահական մարդկանց հեղափոխություն էր:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան․ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ է սպասվում» խորագրով համաժողովին Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց՝ մարդիկ հեղափոխության օրերին դուրս էին եկել փողոց իրենց կյանքը բարելավելու համար, որ երկիրն ավելի անվտանգ լինի: Մինչդեռ իշխանության եկան պատահական մարդիկ:
Ըստ նրա՝ մարդկանց սպասելիքները չարդարացան. «Թոշակները կազմում են 40-50 հազար դրամ, այդ գումարով, եթե մարդիկ որոշեն դեղ գնել, հասկանալի է, որ դա հնարավոր չէ: Միջին աշխատավարձը պետք է 4-5 անգամ բարձրացնել, որ մարդիկ կարողանան ընտանիք պահել:
Խոսելով դատաիրավական համակարգի մասին՝ նա այն համարեց թագավորական, շեյխական, որտեղ որոշողը մեկ մարդ է ու նշեց. «Գործում է այն սկզբունքը, որ եթե այս մեկը դուրս չի գալիս, դատում ենք. գլխավոր դատախազի օրինակը փայլուն է: Մարդն ապրիլյան իրադարձությունների ժամանակ պահանջում էր կալանավորել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա հակասահմանադրական գործողություն է կատարում, այսօր նույն գլխավոր դատախազը, քանի որ դարձել է կամակատար, համարում են, որ խնդիր չկա և համարում են հեղափոխականների սրտի դատախազ»:
Կարդացեք նաև
Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ «թավշյա տղաներն ու աղջիկները» կարծում էին, որ կգան, կվերացնեն կոռուպցիան և ամեն ինչ լավ կլինի, բայց անցան նախկին մեթոդների՝ արտաբյուջետային մեթոդների:
Հիշեցնելով, թե ինչ կատարվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում Հենրիխ Մխիթարյանի մոր հետ, Անդրանիկ Թևանյանն ասաց. «Ուզում են խաղից հանել նրանց, որոնք այսպես ասած՝ խանգարում են: Երեկվանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է դարձել Նիկոլ Փաշինյանը, նա պիտի լինի ՀՖՖ նախագահ, ՀՔԾ պետ, գյուղապետ, դատախազ և այլն»:
Ամփոփելով՝ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այս իշխանության բլեֆի փուչիկը պայթելու է 2020-ին ու մանրամասնեց. «2018-ին այս իշխանությունները չհանձնեցին իրենց առաջին քննությունը, հետո պատճառ բերեցին, որ խորհրդարանն է մեղավոր, քանի որ արտահերթը մինչև չլինի, ներդրումներ չեն լինի: 2019-ին հսկայական չափաբաժնով ստի տոպրակներ բաժանեցին հասարակությանը և առաջարկեցին սպասումներ: 2020-ին գալիս է հաշվետվություն տալու, քարերը հավաքելու և քաղաքական լուրջ պրոցեսների ժամանակաշրջանը, երբ իշխանության առաջարկած սև սպիտակ մոդելը խաղից դուրս կգա և պարզ կլինի, որ այս իշխանությունների այլընտրանքը վիրտուալ բոբոները չեն, այն ունի այլընտրանք և դա նոր որակի Հայաստան առաջարկողներն են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
<>:
Եթե Անդրանիկ Թևանյանը իրոք մտածում է, որ մարդիկ փողոց էին դուրս եկել իրենց կյանքը բարելավելու համար /չնայած խիստ կասկածում եմ, որ նա այդպես է մտածում/,այլ ոչ թե ահավոր չափերի հասնող անարդարության, կոռուպցիայի, ՀՀԿ-ական ցինիզմի դրսևորումների դեմ, ապա ով կարդա այս մեկնաբանությունը խնդրում եմ հնարավորության դեպքում նրան հաղորդեք, որ ինքը միանգամից նաև հոդված գրի, թե ինչու 2020 թվականին չիրականացան իր կանխատեսումները: