Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը եւ ինքն այդ դիմադրությունը կոտրելու է, սլաքներն ուղղեց ԱԱԾ-ի կողմը. «Թեեւ շատ ոլորտներում կան դիմադրություններ եւ այդ դիմադրությունները ունեն շատ եւ շատ տարբեր դրսեւորումներ, բայց ամենալուրջ եւ էական դիմադրությունը զգացվում է ԱԱ ծառայությունում գործող որոշ շրջանակների կողմից:
Կապված վարչապետի հայտարարության հետ, որ ամբողջությամբ վստահում է եւ կարծում է, որ ԱԱԾ-ն կատարել է իր առջեւ դրված պարտականությունները, ուզում եմ հասկանալ՝ ո՞ր պարտականությունն է կատարել: Օրինակ, վարչապետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ֆունկցիան կատարե՞լ է, վարչապետի ոչ մի հեռախոսային խոսակցություն ոչ ոք չի՞ գաղտնալսվել: Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք դա ԱԱԾ-ի կիքսն է չէ՞, որ ոմանց ձեռքում հայտնվել է վարչապետի եւ ուժային ծառայություններից երկուսի հեռախոսային խոսակցությունները:
Կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ԱԱԾ-ն համագործակցում է ժողովրդավարական բարեփոխումներին դիմադրող եւ վարչապետի տարած կուրսին, վարչապետի նշանակումներին դիմադրող որոշ, այսպես կոչված, վիդեոբլոգերների հետ եւ այդ մարդկանց ինֆորմացիայով զինում է եւ այլն: Ընդ որում, զինում է ոչ թե առհասարակ ինֆորմացիայով, այլ զինում է ինֆորմացիայով, որպեսզի ազդի վարչապետի որոշման վրա մի մարդու չնշանակել ինչ-որ պաշտոնի, այլ նշանակել ուրիշ մարդու: Սրանք եւս բավականին չափով կարմիր գծեր են:
Կարմիր գծերի մասով, կարծես թե վարչապետը ավելի լայն ժամանակաշրջան է վերցրել եւ ոչ միայն իր պաշտոնավարման ժամանակաշրջանը: Եվ ես ուզում եմ հարցնել. 14 թվականին ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը, ով հետո դառավ նախագահի խոսնակ, շանտաժով, անձնական տվյալների ապօրինի մշակմամբ փորձում էր վերբովկա անել ընդդիմադիր կուսակցություններից մեկի վարչության անդամ եւ լրագրող Հրայր Մանուկյանին: Դա կարմիր գծերի ո՞ր կողմում է: 18 թվականի օգոստոսի 22-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները առևանգեցին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Դա կարմիր գծերի ո՞ր կողմում էր: Ինձ թվում է՝ այստեղ վարչապետը մի քիչ հստակեցնելու կարիք ունի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ