Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր խոստացել 2008-ին Սերժ Սարգսյանը` Արեւմուտքին. Շարմազանովի բացատրությունը

Դեկտեմբեր 24,2019 14:32

«Սերժ Սարգսյանը հայաստանակենտրոն գործիչ եղել է, կա եւ կմնա: Նա որեւէ մեկին, բացի իր ժողովրդից, որեւէ խոստում չի տվել, նման հրապարակումներն ուղղակի զավեշտալի են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, քաղաքական կուլիսներում տեսակետ է շրջանառվում, թե 2008 թվականի ընտրություններում Սերժ Սարգսյանը եղել է Արեւմուտքի թեկնածուն եւ այն ժամանակ խոստումներ էր տվել, որոնք չկատարեց: Վերջերս նման գրառում էր կատարել նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Էդուարդ Շարմազանովը նման խոսակցությունները պարզապես զավեշտալի է համարում:

Խոսելով ՀՀԿ-ի անելիքների մասին էլ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-հիմնադիրները մշտապես պայքարով են անցել, բայց վերջին տասնամյակներում կուսակցությանը մշտապես եղել է իշխանական դաշտում, կառուցողական-ընդդիմադիր գործունեությունն իրենց համար նոր է. «Բայց մի բան ուրախալի է`ՀՀԿ-ն պատվով է իրականացնում իր դերը»:

Թեեւ սոցիոլոգիական հարցումներին բանախոսը չի վերաբերվում իբրեւ վերջին ատյանի ճշմարտություններ, բայց վերջին շրջանի բոլոր հարցումներում մեկ օրինաչափություն է արձանագրել`Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հիմնական ընդդիմադիր ուժը ՀՀ քաղաքացիները տեսնում են ՀՀԿ-ին. «ՀՀԿ-ն շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ընդդիմադիրը եւ չորս ամենաընդդիմադիր գործիչները ՀՀԿ-ից են, այդ թվում նաեւ`ձեր խոնարհ ծառան»:

Լրագրողներից մեկը խնդրեց գնահատել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը:

Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չհամարեց գնահատել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը. «Ինձ կարող է բավարարել, կարող է չբավարարել, կարեւորը`հանրությանը բավարարի: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին`անկախ նրանից, թե նրանք ինչ ցեխ են շպրտում ՀՀԿ-ի վրա: Չնայած, ինչ կշպրտեն, երկու անգամ ավելի կստանան: Բայց մենք կարծում ենք, որ ժամանակն է մտնել գաղափարական պայքարի փուլ»: Ինչեւէ, բանախոսի կարծիքով, խնդիրը ոչ ԲՀԿ-ի մեջ է, ոչ էլ ԼՀԿ-ի, թեեւ, դասական առումով, իր համար ընդդիմադիր են այն ուժերը, որոնք «չեն ողջունել Նիկոլի իշխանազավթումը»:

Թե ԲՀԿ-ն, թե ԼՀԿ-ն, իր գնահատմամբ`«ուզած-չուզած ընդդիմություն են», քանի որ սկզբում իշխանության հետ եղել են կոալիցիա, ապա, անցել ընդդիմադիր դաշտ`սահմանադրությունն է այդպես պահանջում: Բայց Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Հայաստանում այսօր այնպիսի անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, որ եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Էդմոն Մարուքյանը որքան էլ խոսեն, ոչինչ չեն փոխելու:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031