Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի և ամանորյա լեզվական միավորները հավասարապես ճիշտ են. Լեզվի կոմիտե

Դեկտեմբեր 24,2019 14:29

Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  այս տոնին առնչվող լեզվական միավորներին:

Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ հիմնականում Կաղանդ և Ամանոր, վերջին շրջանում՝ նաև Նոր տարի։

Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնին արևելահայ երեխաները անձկությամբ սպասում են Ձմեռ պապին (պապիկին), իսկ արևմտահայ փոքրիկները՝ Կաղանդ պապուկին (պապային):

Ըստ մեծատառերի գործածության մասին կանոնի՝  տոների անունները գրվում են մեծատառով՝ Նոր տարի (առաջին բաղադրիչը), Կաղանդ և Ամանոր:

Իսկ Կաղանդ բառը փոխառվել է հունարենից (սա էլ իր հերթին վերցրել է լատիներենից):

Կարծիք կա, թե  ճիշտ է Ամանորի ձևը, իսկ ամանորյա ածականը սխալ է: Ասենք,  որ երկուսն էլ ճիշտ են, երկու ձևերն էլ հավասարապես կիրառելի են:  Ամանորյա բառը սխալ համարողները նշում են, որ նորյա բառ առանձին չի գործածվում, ուստի ամանորյա չի կարող լինել: Այո՛, նորյա բառ չկա, բայց այս դեպքում –յա վերջածանցն միացել է ոչ թե նոր արմատին, այլ ամանոր բառին: Այդպես էլ չունենք ջրյա, բայց ունենք ստորջրյա, չունենք երկրյա, բայց ունենք ստորերկրյա և այլն:

Ուստի ճիշտ են թե՛ «Բոլոր երեխաները Ամանորի նվերներ ստացան» և թե՛ «Բոլոր երեխաները ամանորյա նվերներ ստացան»:

Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնի  անբաժան մասն է տոնածառը՝ եղևնին: Բայց եղևնին չպետք է շփոթել տոնածառի հետ: Տոնածառը զարդարված եղևնին է, բայց եղևնին դեռևս տոնածառ չէ. «Եղևնին անտառից եկավ տուն, զարդարվեց ու դարձավ տոնածառ»:

Ջերմորեն շնորհավորելով բոլորի Նոր տարին՝ Ամանորը՝ Կաղանդը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ հաշվի առնել մեր ամանորյա հիշեցումները.

Նոր տարի, Ամանոր և Կաղանդ բառերը նույն տոնի տարբեր անվանումներ են, գրվում են մեծատառով (Նոր տարի անվանման դեպքում՝ միայն առաջին բաղադրիչը).

նույն նշանակությունն ունեն Ձմեռ պապ / պապիկ և Կաղանդ պապուկ / պապա բառակապակցությունները. սրանց առաջին բաղադրիչները գրվում են մեծատառով.

Ամանորի և ամանորյա լեզվական միավորները հավասարապես ճիշտ են.

չպետք է նույնացնել եղևնին և տոնածառը:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031