«Ես ամենևին նպատակ չունեմ ասելու, թե Նիկոլ Փաշինյանը դավադիր է, փորձում է հող հանձնել և այլն, սակայն փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չմտածված և շատ դեպքերում էմոցիոնալ հայտարարությունները վնասում են հայկական կողմի դիրքերին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ամփոփելով 2019 թվականը`արցախյան հարցի զարգացումների համատեքստում, ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Բանախոսը հիշեցրեց երեկ տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախի ներգրավվածությունը մեծացել է բանակցություններում, նաև միջազգային հանրությունն է ընկալում այդ ներգրավվածության կարևորությունը: «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, այդ ժամանակ Մինսկի խմբի համանախագահները չողջունեցին այս դիրքորոշումը: Եթե մեր իշխանության ժամանակ, ապրիլյան պատերազմից հետո, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը հայտարարեց, որ բանակցությունների վերջնական փուլին պետք է մասնակցի նաև Արցախը, ապա այս անգամ համանախագահները քննադատեցին Փաշինյանի դիրքորոշումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Բանախոսի հավաստմամբ, ինչը Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհուրդների նիստում փորձում էր ներկայացնել ձեռքբերում, արդեն եղել է. Մինսկի խումբն ասել էր, որ Արցախն անպայման պետք է ներգրավվի բանակցություններում:
Էդուարդ Շարմազանովն ընդգծում է, որ անցնող 1,5 տարվա ընթացքում չի արտաբերել ամենակարևորը`Արցախը որևէ կարգավիճակում չպետք է լինի Ադրբեջանի կազմում. «Եթե Սերժ Սարգսյանը Զագրեբում հստակ նշեց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ապա դժբախտաբար Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձնավորությունը չի արտաբերել այդ խոսքը: Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը կամ ավագ ընկեր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1992 թվականի մարտին, իր հարցազրույցներից մեկում հստակ նշել էր, որ ինքը դեմ չի, որ Արցախը, որպես ինքնավար հանրապետություն լինի Ադրբեջանի կազմում: Հիմա ինչն է խանգարում Փաշինյանին, որ նա հակառակը հայտարարի»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովի համար առնվազն տարօրինակ է, երբ վարչապետը խոսում է Արցախի սուբյեկտայնության բարձրացման մասին, բայց Գյումրիում, վարչապետի ներկայությամբ Արցախի նախագահին անվանում են մարզպետ: Իր համար տարակուսելի է նաեւ «Արցախի ադրբեջանական համայնքի» հրապարակ նետելը:
Մանրամասները` տեսանյութում
«Երբ նրանք շատ սիրուն փորձում են գնդակը ուղարկել մեր դաշտ, ուզո՞ւմ են ասեմ, մեր և իրենց իշխանության տարբերությունը. մեր օրոք Ալիևը հայտարարում էր, որ համանախագահները ճնշում են իրեն, որ ճանաչի Արցախի անկախությունը, Լուկաշենկոն էլ հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ հանձնել: Այսօր Նիկոլ Փաշինյանը չի արտաբերել, որ Արցախ որևէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին էլ չի խոսում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ