Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը` հրաժարականի մասին. «Սովոր չեմ նույն պաշտոնում երկար աշխատել»

Դեկտեմբեր 24,2019 13:38

Aravot.am-ը Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց` այնուամենայնիվ ինչո՞ւ անսպասելի հրաժարական տվեց` երկար տարիներ լինելով գիտության մեջ: Պարոն Հարությունյանը պատասխանեց, որ իր այդ քայլի մեջ արտառոց ոչինչ չկա, քանի որ ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի, մանավանդ 12 տարին իր համար ահռելի ժամանակահատված է եղել պաշտոնավարման առումով, եւ ժամանակն է տեղը երիտասարդներին զիջելու:

«Շատ լավ երիտասարդություն կա ձեւավորված, որոնք գործից հասկանում են, ես էլ 64 տարեկան եմ, արդեն փոքր չեմ: Անկեղծ ասած, դասախոսական աշխատանքին էլ շատ-շատ կարոտել եմ: Մարդն ամեն ինչ պետք է ժամանակին թողի: Չնայած տարիքս թոշակային է, բայց կարծում եմ, որ բավականին ուժ կա իմ մեջ, որը կներդնեմ դասախոսական աշխատանքի մեջ»,-ասաց Գիտության պետական կոմիտեի` հրաժարական տված նախագահը:

«Այս գործում պրոֆեսիոնալիզմից բացի, նաեւ պետք է մեծ շարժունակություն ունենալ, վազվզել այստեղ-այնտեղ, դրա համար, ճիշտ կլինի, այս գործը երիտասարդ շարունակի: Բազմաթիվ լավ երիտասարդներ ունենք, ես ոչ մի անուն չեմ տա, թող նախարարն ու վարչապետն իրենք որոշեն: Բայց նախարարին որոշ մարդկանց անուններ տվել եմ դեռ անցյալ տարի աշնանը:

Ես ինքս ասացի, որ իմ պաշտոնավարման 12 տարին լրանում է շատ շուտով, իսկ ես սովոր չեմ նույն պաշտոնում երկար աշխատել: Ասացի, որ պատրաստ եմ այլ գործով զբաղվել գիտության, կրթության ոլորտում: Բացի այդ հարկավոր է մտածել ջահելների մասին, թող գան մեզ փոխարինեն:

Սա շատ կարեւոր աշխատանք է, պետք է մի լուրջ, պրոֆեսիոնալ երիտասարդի հանձնարարել, իսկ նման երիտասարդներ, բարեբախտաբար, մենք ունենք, հույս ունեմ, որ որեւէ նորմալ մարդ կփոխարինի: Այնպես որ, այս հրաժարականի մեջ ոչ մի ողբերգություն չկա»,-ընդգծեց Սամվել Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ առայժմ վարչապետը չի ընդունել իր հրաժարականի դիմումը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031