Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիև. «Նրանք ցանկանում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելու՞մ: Մեր ճակատագիրը մենք չենք կարող հանձնել ուրիշի ձեռքը»

Դեկտեմբեր 24,2019 13:32

Ադրբեջանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը եվրաինտեգրման շրջանակում, հետագա քայլերն անհետևանք կլինեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 4 խոշոր հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ ամփոփելով 2019թ-ը:

«Պետք է հասկանալ՝ ինչ ենք մենք հասկանում եվրաինտեգրում բառի տակ: Ես կարծում եմ, որ մենք ձեռնարկել ենք մեր քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա, և դրանք անարդյունք կլինեն»,- ասել է Ալիևը:

Որպես օրինակ՝ նա բերել է այն փաստը, որ Ադրբեջանն անդամակցում է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին և այլ եվրակառույցների: «Եթե հիմա մենք խոսում ենք եվրաինտեգրման մասին ԵՄ անդամակցության համատեքստում, ապա դա հնարավոր չէ»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ այս պահին նկատվում է Եվրոպայում ապակենտրոնացման գործընթաց: «Դատելով առաջատար քաղաքական գործիչների ելույթներից՝ ԵՄ-ի ընդլայնման համար հեռանկարներ չկան: Բարդ իրավիճակում են հայտնվել նաև բալկանյան երկրները՝ ԵՄ անդամակցության թեկնածուները: Բայց չէ՞ որ նրանց բազում խոստումներ էին տվել, եթե նրանք որոշ պայմաններ բավարարեն: Եվ նրանցից որոշները գնացին այդ քայլին: Ոմանց համար այդ գործընթացը ցավոտ էր: Ես չեմ թվարկի այն երկրները, մենք գիտենք ում մասին է խոսքը: Դա հանգեցրել է այդ երկրներում ներքին բախումների, ցույցերի, հանրությունը պառակտվել է: Այժմ ԵՄ առաջատար քաղաքական գործիչներն ասում են, որ չեն կարող նրանց ընդունել: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում նման հնարավորություն չկա նաև մի շարք այլ եվրոպական երկրների համար»,- ասել է Ալիևը:

Նա նաև օրինակ է բերել Թուրքիային: «Երբվանի՞ց է Թուրքիան ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Իսկ ի՞նչ արդյունքներ կան: Չկան: Ախր սա մեծ անարդարություն է: Սկսած 2000թ-ից՝ նախկին սոցիալիստական բլոկի մի շարք երկրներ մտել են ԵՄ, իսկ նրանք ավելի ուժե՞ղ են, ավելի մե՞ծ են, քան Թուրքիան: Ինչու՞ նրանք մտել են, իսկ Թուրքիան՝ ոչ: Հարցը հռետորական է: Միայն որովհետև Թուրքիան մուսուլմանական երկիր է: Այժմ դրա մասին խոսում են բացահայտ: Այդ դեպքում այնտեղ կընդունե՞ն Ադրբեջանին: Ո՛չ»,- ասել է Ալիևը:

Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն հնարավոր բան արել է եվրաինտեգրման շրջանակում: Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ որոշ գործընթացներ անընդունելի են Ադրբեջանի համար: «Ասենք թե վաղը ասում են, որ դուք որոշակի ժամկետում մտնում եք ԵՄ: Իսկ մեզ դա պե՞տք է: Մենք տեսնում ենք գործընթացներ, մասնավորապես, կրոնական հողի վրա: Իսկ դա մեզ համար ընդունելի՞ է: Ո՛չ: Որոշ դեպքերում այսպես կոչված «ընդդիմությունը» դուրս է գալիս փողոց ԵՄ դրոշներով: Նրանք ցանկանում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելու՞մ: Մեր ճակատագիրը մենք չենք կարող հանձնել ուրիշի ձեռքը: Մենք ունենք մեր պատմությունը, մեր արժեքները»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031