Արտաքուստ գնաճը Հայաստանում ցածր է՝ հազիվ 1 տոկոս։ Բայց դա այն չէ, ինչը սպառողներն իրականում զգում են իրենց գրպանի պարունակության վրա։
Գնաճի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան արձանագրվող միջին ցուցանիշն է։ Գաղտնիք չէ, որ գնաճն անհամեմատ բարձր է առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։ Սա, իհարկե, նոր բան չէ։ Նախկինում էլ այդպես էր։ Դրան իշխանությունները սովորաբար ուշադրություն չեն դարձնում։ Նրանց հետաքրքրում է ավելի շատ գնաճի միջինացված ցուցանիշը։ Ոչինչ, որ դրա հաշվարկի հիմքում դրված բազմաթիվ ապրանքներ հասարակության ցածր եկամուտներ ունեցող հատվածը տարիներով չի էլ օգտագործում։ Ոչ թե չի ուզում, այլ պարզապես չի կարող իրեն նման շռայլություն կամ ճոխություն թույլ տալ։ Բայց դա դրված է գնաճի հաշվարկի հիմքում ու երբեմն էական դեր է կատարում ցուցանիշների ձևավորման գործում։
Ցածր եկամուտներ ունեցողների համար գնաճի առումով առավել կարևոր են առաջին անհրաժեշտության այն ապրանքները, որոնք գրեթե ամենօրյա օգտագործման են։ Ու դրանց գների փոփոխություններից է կախված, թե ինչպիսին կլինի գնաճի իրական ազդեցությունը մարդկանց կյանքի պայմանների վրա։
Այստեղ է, որ բախվում են հասարակության և իշխանությունների պատկերացումները գնաճի վերաբերյալ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ ընդամենը 1 տոկոսանոց գնաճի պայմաններում այս տարի, ասենք՝ բանջարեղենի շուկայում գները բարձրացել են գրեթե 11 տոկոսով։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձի աճը Հայաստանում կազմել է ընդամենը 5,9 տոկոս։ Այսինքն՝ գրեթե կրկնակի քիչ։
Այս տարվա նոյեմբերին սպառողները ստիպված են եղել լոլիկի համար 24 տոկոսով ավելի շատ գին վճարել, քան նախորդ տարի։ Վարունգն այս տարի թանկ է 16 տոկոսով, կանաչ լոբու գնաճը հասնում է 37 տոկոսի։ Մեկ տարի առաջվա համեմատ՝ գլուխ սոխը վաճառվում է՝ 26, կանաչ սոխը՝ գրեթե 30 տոկոս բարձր գնով, գազարը թանկացել է 40 տոկոսով, և այսպես շարունակ։
Մեկ տարվա կտրվածքով՝ կարտոֆիլի գնաճը կազմել է 3 տոկոս։ Նախորդ ամիս այն շուրջ 18 տոկոս էր։ Մի փոքր՝ 1,1 տոկոսով, էժանացել է կաղամբը։
Եվ սա դեռ ամենը չէ։ Ընդամենը 1 տոկոսանոց գնաճի պայմաններում, ինչպես փաստում է պաշտոնական վիճակագրությունը, շատ ավելի են թանկացել հացամթերքները։ Այս տարվա նոյեմբերին ալյուրի և ձավարեղենի գնաճը կազմել է 5 տոկոս։ Հացը թանկացել է՝ 4, հացաբուլկեղենը՝ 3,7 տոկոսով։ Մակարոնեղենի գները բարձրացել են 7,5 տոկոսով։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում