«Երևանն ու Բաքուն լավ կանեն՝ արագ գործեն։ Նրանք կարող են սկսել զրույցը փակուղային հարցերի շուրջ. Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագան, որոնց վրա հայ վերաբնակեցվածները իրենց տներն են կառուցել, միջազգային խաղաղապահ ուժերի պոտենցիալ դերը և ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group-ICG) «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հերթական զեկույցում նման խորհրդով է հանդես եկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ նման զեկույցները ճանաչողական բնույթ են կրում, որոնք արտացոլում են իր արևմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել։ «Նրանք հասկանում են և անուղղակիորեն արձանագրում, որ Բաքվի՝ տարածքային ամբողջականության մասին կատեգորիկ հայտարարություններն արդեն չեն անցնում, նրանք ֆիքսում են, որ լայնածավալ ուժային սցենարի հավանականությունը ներկայումս չկա։ Կանխատեսում են սադրանքի բնույթ ունեցող լարում, որը չի կարող լինել երկարատև»,- ասաց Տարասովը։
Խոսելով զեկույցում տեղ գտած «Լավրովի պլանի» հիշատակման մասին՝ Տարասովն ասաց, որ Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, որ չկա «Լավրովի պլան», պետք է ճիշտ հասկանալ, որ Մինսկի խումբը համակարգային կերպով իր առաջարկներն է մշակել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խնդրանքով այդ դիրքորոշումը հանրայնացնում է Մոսկվան, և դա սկսել են անվանել «Լավրովի պլան»։ «Կարելի էր համակերպվել դրա հետ, եթե դրա ետևում լիներ բովանդակություն, բայց Ադրբեջանում դա այն կոնտեքստում են ներկայացնում, որ կարգավորման բանալիները Մոսկվայում են, և հենց Մոսկվան է մանիպուլյացնում իրավիճակը և Մոսկվան խաղում է, բայց այդպես չէ։ Մոսկվան ընդամենը հանրայնացրել է ՄԽ առաջարկները։ Այսքանը»,- ասաց Տարասովը։
Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ կան ադրբեջանամետ տեսակետներ։ «Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի. դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից։ Մի շարք այլ դիտարկումներում ևս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա»,- ասաց Տարասովը։
Կարդացեք նաև
Նա համաձայն չէ շրջանառվող այն կարծիքների հետ, թե այս տարվա զեկույցն ավելի մանրամասն է և առանձնահատուկ կերպով տարբերվում է նախորդ տարիների զեկույցներից։ Նրա որակմամբ՝ փորձագետներն ընդհանուր առմամբ ամփոփել են բոլոր զարգացումները և արտացոլել են այն հայտարարությունները, տեղեկությունները, որոնք եղել են շրջանառության մեջ այս տարի։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում