Լրահոս
Օրվա լրահոսը

«2019 թվականը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի չիրականացված խոստումների տարի էր». Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 24,2019 12:31

«Քաղաքական առումով՝ 2019 թվականը Փաշինյանի և իր թիմի չիրականացված խոստումների տարի էր»,- ՀՀԿ գրասենյակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ամփոփելով անցնող 2019 թվականն, ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեկ տարի անց չկա ներգաղթ, ըստ պաշտոնական տվյալների՝ 12 հազար մարդով նվազել է բնակչության թիվը, չկան ներդրումներ և պաշտոնական տվյալների համաձայն՝ 60 միլիոն դոլարով 9 ամիսների կտրվածքով նվազել է ներդրումները: Չկա նաև տնտեսական լուրջ հեղափոխություն, որի մասին խոսում էր Փաշինյանը: ՀՀԿ-ի կառավարությունն օրվա իշխանությունը թողել է երկնիշ տնտեսական աճով: Իսկ Փաշինյանի բյուջեի հիմքում հիմա դրված է 4,9 տոկոս տնտեսական աճ:
Փաշինյանը խոստանում է թռիչքաձև տնտեսական աճ, սակայն որևէ ոլորտ չկա, որ թռիչքային զարգացում լինի, տնտեսական հեղափոխությունը միֆ է: Ի հակադրումն այս ամենի, մենք ունենք թռիչքաձև աճ նախարարների աշխատավարձի առումով: Մինչ այդ որ վարչապետը հայտարարում էր, թե Հայաստանում կա 3 մլն վարչապետ, այդ վարչապետներից գաղտնի բարձրացնում է նախարարների աշխատավարձը: Մենք գործ ունենք «պրեմիա շոուի» հետ, այս տարվա ընթացքում մենք ականատես եղանք «պրեմիաների» շքերթի, ԱԺ-ում 14 ամսվա ընթացքում ըստ մամուլի՝ եղել է 14 «պրեմիա»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անցնող տարին Էդուարդ Շարմազանովը համարում է նաեւ իշխանության կողմից կատարված չմտածված ծախսերի տարի. մասնավորաբար, վարչապետի լոսանջելեսյան այցը, կառավարական առանձնատան վերանորոգումը 2 միլիոն դոլարով, կես ժամ գորգեր լվանալու համար 5 միլիոն դրամ եւ այլն:

2019-ը, բանախոսի կարծիքով, առանձնացավ նաեւ իշխանության կողմից արված աբսուրդային հայտարարություններով: «Նախորդ տարվա սկզբին Փաշինյանն Իրանում հայտարարեց, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ: Անցել է մեկ տարի, սակայն Փաշինյանը չի տվել որևէ օտարերկրյա գործակալի անուն. սա ուղղակի խայտառակություն է, երբ պետության ղեկավարը նման հայտարարություն է անում և որևէ գործակալ մինչև օրս բացահայտված չէ: Հաջորդ հայտարարությամբ վարչապետը փորձում էր Արցախում դավադիր ուժեր փնտրել. դավադիր ուժեր ասելով նա նկատի ուներ այն ուժերին, որոնք ժամանակին հող են ազատագրել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Փաշինյանը մարշալ Ժուկովն է, որը Բեռլինն ազատագրել է, բայց դավադիրներն ուզում են հողերը հանձնել»:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, հաջորդ աբսուրդային հայտարարություն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց`1991 սեպտեմբերի 2-ին Ղարաբաղը անկախացել է Սովետական Ադրբեջանից, «Հռոմի պապը ես եմ», զուգահեռներ է անցկացրել տեր Հիսուս Քրիստոսի միջև եւ այն:

Այլ մանրամասները`տեսանյութում

ԱԺ նախկին փոխնախագահը 2019 թվականը համարում է նաեւ պետական ինստիտուտների վրա հարձակման տարի, ինչը սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`առաջին անգամ ազատ արձակելուց հետո, երբ վարչապետի կոչով շրջափակեցին դատարանների մուտքերը, ավելին, վարչապետն անձամբ մասնակցեց այդ գործողություններին: Ապա ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Էդուարդ Շարմազանովն այս ամենը հակասահմանադրական քայլեր է համարում:

«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր քայլերը, որևէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ: Որեւէ ժողովրդավար երկրում գործադիրի ղեկավարը չի հարձակվում դատական իշխանության վրա»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031