«2019թ.-ին ունեցել ենք էլի ձեռքբերումներ, որոնց մասին չի հայտարարվել, այդ թվում՝ հայրենական արտադրության զինատեսակների: 2020թ.-ին մեր ընկերություններից ակտիվություն ենք ակնկալում՝ անօդաչու թռչող սարքերի, կապի միջոցների առնչությամբ»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ 2019թ.-ին զինված ուժերը համալրվել են ժամանակակից սպառազինությամբ, իսկ 2020թ.-ին բանակը նոր համալրումների կսպասի:
https://www.facebook.com/aravot.am/videos/2421696424747168/
Տիգրան Կարապետյանի խոսքով. «Եթե «ապրիլյանի» կրկնություն լինի, մենք խրամատներում չենք նստելու: Ռազմական գործողությունների վերսկսման վրա կարող են շատ գործոններ ազդել, բայց առկա է ամենակարեւորը՝ Ադրբեջանի իշխանության պատրանքը, թե իրենք կարող են ռազմական ճանապարհով հաջողության հասնել»:
Ինչ վերաբերում է ընդդիմախոսների քննադատություններին, թե Արցախի հարցում ՀՀ նոր իշխանության քաղաքականության պատճառով պատերազմի վտանգը մեծ է, Տիգրան Կարապետյանը նշեց. «Մեզ մեղադրողները թող հիշեն, որ ապրիլյան եղավ»:
Կարդացեք նաև
Ըստ պատգամավորի՝ եթե անգամ «ապրիլյանը» մակերեսորեն վերլուծենք, դրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը ստացավ սպառազինության զգալի առավելություն. «Ցավոք, այդ բալանսը չէր պահվել: Երբ խոսում ենք զինվորականների հետ եւ հարցեր տալիս, ակնհայտ է, որ բալանսը խախտվել է 2008թ.-ից սկսված: Հիմա իշխանության քաղաքականությունը միտված է պատերազմը կանխելուն: Մենք ԶՈՒ-ն պետք է պատրաստենք պատերազմի եւ սպառազինվենք, դա պատերազմը կանխելու լավագույն ճանապարհն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ