Լրահոս
Օրվա լրահոսը

100-ից ավելի գործեր կան, որոնք բոլորը վերաբերում են երեխաների հնարավոր անհետացմանը, վաճառքին, բոլորն էլ Հանրապետական ծննդատան հետ կապված. «Ժամանակ»

Դեկտեմբեր 24,2019 11:09

«Երեխաների ապօրինի որդեգրման, վաճառքի գործում մեղադրյալների շրջանակը պետք է ընդլայնվի: Ռազմիկ Աբրահամյանից սկսած մինչև վերջին սանիտարկա ու լիֆտյորշա, դռնապան այս գործում ներգրավված են եղել: Դա չի էլ քննարկվում, և նրանք բոլորը պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին»,- ասաց այս գործով տուժած մայրերի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը: Նրա խոսքերով՝ անհնար է, որ երեխան առողջ ծնվեր, ապա ժամերի մեջ «մահանար» և դրանից մենակ Ռազմիկ Աբրահամյանը տեղյակ լիներ:  «Դեպքեր կան, որ քույրը եկել, ցուցմունք է տվել և ասել՝ դե, ես ինչ անեմ, ինձ մահացած երեխա են տվել, ասել են՝ տար դիր սառնարանը, ես էլ տարել դրել եմ: Բայց հո դա այդպես չէ, ինքը շատ լավ էլ իմացել է, որ երեխան մահացած չէ, այլ տարել են, առանձնացրել, որ հետո Ռազմիկ Աբրահամյանը վաճառի: Այնպես որ, մեղադրյալների շրջանակը միանշանակ պետք է ընդլայնվի, և քննություն տարվի բոլորի վերաբերյալ»,-ընդգծեց Սարգսյանը:

Փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ այս պահին իրենց ձեռքի տակ 100-ից ավելի գործեր կան, որոնք բոլորը վերաբերում են երեխաների հնարավոր անհետացմանը, վաճառքին, բոլորն էլ Հանրապետական ծննդատան հետ կապված: Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ նման ոչ մի դեպք չի բացահայտվել: Շատ դեպքերում, այո, ծնողները չեն դիմել իրավապահներին, որ աղմուկ չբարձրանա, բայց հիմնական դեպքերում դիմում եղել է, քրեական գործ հարուցվել է, բայց որևէ քննչական գործողություն չի իրականացվել դեպքը բացահայտելու համար: Իսկ եղել են դեպքեր, երբ քննիչը տուժողին հայտարարել է, որ վերևներից այլևս թույլ չեն տալիս գործը քննել, և այն պետք է փակել: Այս ամենը փաստաբանին հիմք է տալիս եզրակացնելու, որ երեխաների վաճառքի, ապօրինի որդեգրման շղթայի մի օղակն էլ իրավապահ մարմիններում է։ «Միանշանակ է, որ շղթայի մի օղակն էլ իրավապահ մարմիններն են: Ինչպես եք պատկերացնում, որ տարիներ շարունակ հանրապետությունում տեղի է ունեցել ծնողներից երեխաների խլում, երեխաների վաճառք, երեխաների օրգանների վաճառք առանց իրավապահ մարմինների հովանավորչության: Եթե այդ հովանավորչությունը չլիներ, որևէ դեպքով հնարավոր կլիներ հետքի վրա դուրս գալ: Ծնողներ կան, որ բարձրաձայնում եմ 1985-88 թվականի դեպքեր: Ռազմիկ Աբրահամյանը 75 թվականից նշանակվել է այդ պաշտոնում, և մասսայական դեպքերը սկսել են, ոնց կարող էր իրավապահների աչքից դա վրիպեր: Էլ չեմ ասում՝ Ազգային անվտանգության ծառայության աչքից: Ուրեմն այդ մարմինները կամ հանցակից են կատարվածին, կամ պարզապես տեղում չեն եղել: Փաստացի, ՀՀ-ն Ազգային անվտանգության մարմին չի ունեցել, եթե հնարավոր է 30-35 տարի շարունակ երեխա վաճառել և չբռնվել»,-եզրափակեց փաստաբանը:

Սուսաննա Սարգսյանը իրավացիորեն նշեց, որ դեպքերը շատ վաղուցվա են և աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս:

«Ժամանակ»-ին հաջողվեց գտնել մի ընտանիք, որից երեխային նույն մեխանիզմով, նույն ճանապարհով խլել են 1993-ին: Անհետացած նորածնի քուրը՝ Անահիտ Հակոբյանը մեզ պատմեց, որ իր մայրը Հանրապետական ծննդատանը ծննդաբերել է 1993-ի օգոստոսին, նորմալ հղիություն է տարել: Թեև առաջին ծննդաբերությունից հետո բժշկի մեղքով օրգանիզմում մնացած ընկերքի կտորի պատճառով ջերմություն է ունեցել, աղիներն են վիրահատել, բայց մայրը երեխային կերակրել է կրծքով, երեխան քաշ է հավաքել: Անահիտի մայրը, սակայն, օգոստոսի 22-ին 22 տարեկան հասակում հիվանդանոցում մահանում է, և երբ երեխայի հայրը գնում է, որ երեխային վերցնի, ասում են, որ երեխա չկա, երեխան ծնվել է գլխի ուռուցքով, և իրենք ուղարկել են առաջին հիվանդանոց։ «Հայրական պապս գնում է պլանի գլխի հիվանդանոց, ցույց է տալիս երեխայի թղթերը, քանի որ երեխան արդեն անուն-ազգանում ուներ, ծննդյան վկայական, նրա անունը Սոնա Հակոբյան էր: Պապիկս որ գնում է, իրենք ասում եմ՝ նման բան չկա, երեխան մահացած է, դիակ էլ չկա, դիակը ցույց չենք տա: Եվ քանի որ բոլոր բարեկամները խառն են եղել մամայիս մահվան հարցերով, այլևս չեն կարողացել երեխային գտնեն: Ասել են՝ երեխա չկա, մահացել է, ու վերջ: Բայց բոլորս էլ կասկածներ ունենք, որ քույրս ողջ է: Քույրս առանց խնդրի է ծնվել, հիվանդ չի եղել, ուղղակի այդքան երկար է մնացել հիվանդանոցում, քանի որ ես ու մյուս քույրիկս փոքր էինք ու իրեն նայող չկար: Մամաս պահել է իր մոտ հիվանդանոցում, կերակրել է, երեխան քաշ է հավաքել: Հասկանում եք, ոչ մի խնդիր չի եղել: Այդ երեխան չէր կարող մահանալ»,-ասաց Անահիտ Հակոբյանը՝ հավելելով, որ այս բացահայտումներից հետո իրենք ևս պատրաստվում են դիմել իրավապահներին, փնտրել քրոջը:

Անահիտ Հակոբյանն ասաց, որ ինքն էլ է Հանրապետական ծննդատանը ծննդաբերել 2014 թվականին, հենց նույն օրերին այդ հիվանդանոցում երեխա է կորել, մեծ աղմուկ է բարձրացել հիվանդանոցում, որից Անահիտը շատ է վախեցել։ «Ռազմիկ Աբրահամյանը ինձ կեսարյան հատում էր իրականացնում, բայց ես սարսափելի ուշադիր էի, տեսա, որ երեխայիս ոտքին խալ կար, միանգամից զանգեցի մերոնց և ասացի, որ երեխայի ոտքին խալ կա, ու եթե ուրիշ երեխա ցույց տան, ուրեմն դա իմը չի: Ես շատ վախեցած էի այդ հիվանդանոցից: Այդ հիվանդանոցում է աշխատում նաև նրա աղջիկը, որը նույնպես բարի փերի չի»,-եզրափակեց Անահիտ Հակոբյանը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031