ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անկաշկանդ զրույց է ունեցել Aravot.am-ի հետ
Երեկ մինչեւ ՀՖՖ արտահերթ ժողովն սկսվելը նախկին գործկոմի անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եկավ լրագրողներին հատկացված սենյակ, սակայն հայտարարեց, որ ֆեդերացիայի հետ կապված հարցերի չի պատասխանելու:
Նրան մոտեցած լրագրողները, որոնց մեջ կային նաեւ ԱԺ-ում եւ կառավարությունում հավատարմագրվածներ, տարակուսեցին, թե ֆուտբոլի եւ ֆեդերացիայի մասին ուրիշ որտե՞ղ կարելի է պարոն Սիմոնյանին հարցեր ուղղել: Այդուհանդերձ, Ալեն Սիմոնյանը մնաց անդրդվելի: Անգամ մեր այն ընդհանուր դիտարկմանը, թե որեւէ ոլորտ եթե ձախողվում կամ տապալվում է, պատասխանատուները որպես կանոն հրաժարական են տալիս, ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Հիմա որ պատասխանեմ, կվերագրվի ՀՖՖ-ին, դրա համար այդ հարցին չեմ պատասխանում»:
Ընդառաջ գնալով Ալեն Սիմոնյանի պնդումներին՝ խոսել այլ թեմաներից, Aravot.am-ը առաջարկեց անկեղծ ու անկաշկանդ զրուցել վերջին շրջանում ամենից շատ քննարկվող թեմաների շուրջ: Պարոն Սիմոնյանը հաճույքով համաձայնեց:
Կարդացեք նաև
-Օրերս վարչապետը ֆեյսբուքյան լայվով ասել էր, թե ընտանիքով մեկ-մեկուկես ժամով փախել է անվտանգության ծառայությունից: Ձեր մեկնաբանությունը, որովհետեւ համացանցում կարծիք տարածվեց, թե դա նշանակում է, որ անվտանգությունը տեղում չէ, եթե երկրի ղեկավարը օրը ցերեկով նրա աչքից աննկատ անհետանում է:
-Չեմ կարծում, թե դա քննարկելու խնդիր է: Պարզ է, որ եթե դարպասները բացել են, դուրս է եկել:
-Այսինքն, վարչապետը չէ՞ր փախել:
-Այնուամենայնիվ, փախել էր՝ եթե մենակ էր, առանց անվտանգության:
-Ուրեմն, անվտանգությունը դարպասները բացել էր ու ասել՝ փախի՞ր:
-Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել:
-Ոչ մեկս այնտեղ չենք եղել:
-Ես անվտանգության մեջ խնդիր չեմ տեսնում: Ակնհայտ է, որ վարչապետի անվտանգությունը բոլորիս անվտանգությունն է: Ես կարծում եմ, որ արտաքին մասով Հայաստանի Հանրապետությունում անհանգստանալու որեւէ բան չկա: Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը, ասել եմ ու հիմա էլ կասեմ. եթե վարչապետի գլխից մի մազ պակասի, շատ ու շատ մարդիկ շատ մեծ պրոբլեմներ կունենան հենց ժողովրդի կողմից: Այնպես որ, վարչապետն իր որոշումն այդ ժամանակ կատարել է, եւ վարչապետի որոշումը չեմ մեկնաբանում: Ես անվտանգություն չունեմ, չգիտեմ անվտանգության հետ ոնց են աշխատում, ոնց կարելի է փախչել կամ չի կարելի:
-Շաբաթվա ամենաքննարկված թեմաներից մեկը վարչապետի դստեր համար ձեռք բերված մեքենան էր:
-Դա Հայաստանի Հանրապետության մեքենան է: Եւ եթե խոսում ենք անվտանգության մասին, դա անվտանգության մասնիկ է: Մեքենան չի պատկանում որեւէ մեկին, դա վարչապետի ընտանիքին սպասարկող մեքենա է:
-Որքանո՞վ էր ճիշտ կամ նպատակահարմար՝ հենց այս պահին այդ մեքենան ձեռք բերելը:
-Գիտե՞ք, երբ որ դու ազնիվ ես, երբ որ դու անկեղծ ես ու բաց, երբ որ դու գողացող չես, երբ փողի մեռած չես, երբ դու եւ քո ընտանիքի անդամները ուրիշների բիզնեսներում եւ շենքերում փայ չեք մտնում, երբ գիտես օրենքը, կարող ես օրենքի յուրաքանչյուր հնարավորությունից օգտվել: Իսկ այս պարագայում ես վարչապետի ընտանիքի մասով համարում եմ, որ շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում անվտանգությանը: Ես հեղափոխության ամենասկզբից ասել եմ, որ պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնել: Օրինակ, սկսած չվերթներից, երբ էկոնոմ դասով գնաց Նյու-Յորք՝ ես այդտեղ անվտանգության խնդիր էի տեսնում, վերջացրած հին մեքենաներով, տրանսպորտային միջոցներով, որոնք օգտագործվում են: Դա անվտանգության հարց է, որովհետեւ մենք այսօր չունենք խնդիր, որ մարդիկ մտածում են, թե իշխող կուսակցությունը կամ ղեկավարները հարստանում են, փայ են մտնում: Չէ՞ որ ես կարող եմ շատ բաներ ասել, շատ բաներ դուք կարող եք գրել, բայց փոքր երկիր է, բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, թե ով ինչով է ապրում, ոնց է ապրում: Մենք այդպիսի խնդիր չունենք:
-Այս օրերին համացանցում նաեւ հրապարակումներ եղան, որ Ռոբերտ Քոչարյանի դուստրը համալսարան էր գնում առանց թիկնապահների:
-Շատ լավ է: Ես այդ ժամանակ տեսել եմ համ նրա աղջկան, համ Սերժ Սարգսյանի աղջիկներին, տղաների հետ եմ շփվել: Իրոք, հիմնականում թիկնապահ չի եղել: Բայց նաեւ դրանով հանդերձ, անձամբ ճանաչում եմ իրենց երեխաներին կցված թիկնապահին: Անձամբ ճանաչում եմ: Միշտ կա երկրորդ կողմը:
Ես կարծում եմ, որ ես եւ դուք պետք է ֆեյսբուքյան բամբասանքի տրամաբանությունից դուրս լինենք եւ զբաղվենք լուրջ գործերով:
-Վարչապետի տիկինը, պատասխանելով լրագրող Մհեր Արշակյանի հրապարակմանը՝ իր գրառման մեջ երեխաների մասին նշում է, թե Շուշանը մինչեւ հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից, որ Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ եւ մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է, որ Աշոտը ցանկանում է, ծառայությունն ավարտելուց հետո առանց «ախրանայի» երթուղայինով ու տաքսիներով ման գալ, իսկ Արփին ուզում է իրենց հին տուն գնալ, որովհետեւ հին խաղալիքներն է ուզում: Ափսոս չե՞ն այդ երեխաները, որ այդքան անհարմարության մեջ են ապրում:
-Գիտե՞ք, նույն խնդիրը գրեթե բոլորս էլ ունենք: Ես թիկնապահ չունեմ, բայց իմ ճանաչելիության պատճառով չեմ կարողանում որեւէ տեղ ինձ հանգիստ զգալ: Կնոջս հետ գնում եմ ակումբ՝ գալիս, հեռախոսը մտցնում են քիթս, ծնունդ եմ գնում ինչ-որ տեղ՝ նույնը: Յոթ անգամ մտածում եմ՝ պարե՞լ, թե ոչ: Դա այն պարագայում, որ ես ամուսնացած տղամարդ եմ: Իսկ երեխաների պահով, ինչ խոսք՝ դժվար է: Դա պետության ղեկավարի ընտանիքի բեռն է, բեռ, որը պետք է տանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ