Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղ, ոչ թե խաղադրույք

Դեկտեմբեր 24,2019 10:00

Իմ մանկության եւ պատանեկության տարիներին ֆուտբոլ շատ էի սիրում: Երբ դեռ հեռուստացույց չունեինք, լսում էինք ֆուտբոլային ռեպորտաժները ռադիոյով: Հետո՝ արդեն հեռուստատեսային դարաշրջանում, բնականաբար, «Արարատի» «դրսի» ոչ բոլոր խաղերն էին հեռարձակվում հեռուստատեսությամբ, եւ մենք դարձյալ հետեւում էինք խաղի երկրորդ խաղակեսին հանրապետական ռադիոյով, իսկ երբեմն՝ խաղի վերջին 20 րոպեին՝ «Մայակ» ռադիոկայանով: Երեւանյան խաղերը «պոետիկ ոճով» ռադիոյով եւ հեռուստատեսությամբ մեկնաբանում էր Լեւոն Դանիելյանը: Ստանում էինք «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը, որտեղ կարդում էինք «Արարատի» հերթական խաղի վերլուծությունը, իսկ ԽՍՀՄ առաջնության աղյուսակները կտրում էինք թերթից եւ այդ թղթերն ամրակով կպցնում էինք իրար՝ հետեւելով մեր թիմի «շարժին»: Գնդակ էինք տշում հենց բակում (շենքի մուտքը որպես «դարպաս» էր ծառայում), ինչպես նաեւ մեր թաղամասում գտնվող բազմաթիվ տարբեր չափերի խաղադաշտերում: (Հիմա այդ դաշտերից ոչ մեկը չկա՝ ամեն տեղ ավտոտնակներ են): Մեր այն հասակակիցները, որոնք մասնակցում էին «Կաշվե գնդակի» մրցաշարերին, վայելում էին մեր մեծագույն հարգանքը:

Ինչի՞ համար եմ այս ամենը պատմում: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ֆուտբոլը կարող է զարգանալ միայն համընդհանուր անկեղծ սիրո, զանգվածային մասնակցության եւ, այո, բարվոք տնտեսական իրավիճակի պայմաններում: Տաղանդավոր ֆուտբոլիստները եւ մարզիչները, ֆուտբոլի ֆեդերացիայի հոգատար նախագահը կամ գործկոմը՝ այդ ամենն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են վերելքի համար: Իմ տպավորությամբ, այսօր Հայաստանում ֆուտբոլն այնքան չեն սիրում, որքան սիրում էին 1960-70-ական թվականներին: Մարդկանց ուշադրության կենտրոնում ոչ թե բուն խաղն է, այլ խաղադրույքները, ոչ թե մրցամարտի գեղեցկությունն է, այլ զուտ բիզնեսը: Առանց բիզնեսի, առանց ֆուտբոլիստների առքուվաճառքի, առանց եկամուտների ակնկալիքի այսօր, իհարկե, հնարավոր չէ պատկերացնել մարդկային գործունեության որեւէ ոլորտ: Բայց բիզնեսը չի կարող ինքնանպատակ լինել, դա, ի վերջո, մարդկանց ծառայություն մատուցելու միջոց է, որտեղ «մատակարարը» եւ «հաճախորդը» պետք է փոխադարձ ջերմ զգացմունքներ ունենան:

Հայաստանում, գումարած այս քիչ թե շատ «համընդհանուր» թերությունների, ամեն ինչ ծայրաստիճան քաղաքականացված է՝ «այսինչը Ռուբեն Հայրապետյանին կողմ է, այնինչը դեմ է», «այս մեկն իշխանության մարդն է, այն մեկը՝ ոչ»: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրված նախագահին ընդդիմադիր հայացքներ ունեցողները անվանել են «սորոսական» ու անգամ «ադրբեջանամետ»: Ինձ թվում է քաղաքական պայքարը ֆուտբոլի հետ նույնչափ առնչություն ունի, որքան խաղադրույք դնելու «ղումարբազությունը»: Այդ մթնոլորտում միլիարդներ էլ ունենանք, հաջողությունների չենք հասնի:

… «Արարատի» 11-րդ համար, ձախ եզրային «արագընթաց» հարձակվող Նիկոլայ Ղազարյանին երբեմն տեսնում եմ Կիեւյան փողոցով անվրդով ժպիտով անցնելիս: Երիտասարդները նրան չեն ճանաչում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ֆուտբոլի զարգացման շարժիչ ուժը մարզադաշտ հաճախող հանդիսատեսն է՝եթե միլիոնանոց Երևանում տասհազար մարդ չի գտնվում ստադիոն գնալու,ինչ?ֆուտբոլի զարգացման մասին է խոսքը

  2. Ruben says:

    Ոչխարը սեփականատիրոջ համար արտադրում է կաթ, բուրդ և միս, որը կարելի է գնել և վաճառել: Ցեղատեսակը որոշվում է շահույթով: Շահույթը արտացոլվում է վճարունակ ազգային արժույթում: Արժույթի հիմքում է կաթը, բուրդը և միսը:
    Եթե չկա ազգային արժույթ, չի լինի ֆուտբոլ կամ ֆուտբոլ կխաղան ոչխարները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031