ՀՖՖ նախագահի ընտրությունի արդյունքում Արմեն Մելիքբեկյանին պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ նախապես պայմանավորվածության համաձայն շնորհավորել է մրցակցին, սակայն ընտրությունների արդյունքների մասին հայտարարեց, որ շատ էմոցիոնալ է ու այս պահին չի ցանկանում գնահատել: «Նկատի ունեմ նաեւ ընտրությունների արդյունքը բողոքարկելը: Պիտի այսօրվա կատարվածի հետ, այսպես ասած, քնեմ-արթնանամ եւ որոշումս կայացնեմ»:
Հարցին, թե ինչու իրեն չհաջողվեց ընտրվել,, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Երեւի դուք ինձանից լավ գիտեք: Սա աննախադեպ էր, որ այսօր տեղի ունեցավ երկու թեկնածուի միջեւ մրցապայքար: Բայց այդ մրցապայքարը անհավասար էր: Օրինակ, ֆեդերացիայի շենքից օգտվում էր իմ մրցակիցը, այս շենքում գտնվող ռեսուրսից՝ 80-ից ավելի աշխատող, օգտվում էր իմ մրցակիցը, չէի ասի քաղաքական վերնախավը, բայց նաեւ իշխանության աջակցությունը կար այն մակարդակով, ովքեր կային դահլիճում»:
Հարց հնչեց, թե ընտրությունների արդյունքը կարո՞ղ է ազդել «Լոռի» ակումբի հետ կապված իր հետագա գործունեության վրա: «Շատ լավ հարց տվեցիք: Իմ մրցակցի համար կարող էր ճակատագրական լինել կապված ֆուտբոլի հետ: Բայց ես հենց վաղն էլ զբաղվելու եմ Հայաստանի Հանրապետությունում ինչու չէ՝ նաեւ Լոռու մարզի ֆուտբոլի զարգացմամբ»:
Արմեն Մելիքբեկյանի հետ համագործակցության հեռանկար տեսնո՞ւմ է հարցին, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ինձ նորից մղում եք էմոցիոնալ դաշտ: Համագործակցության մասին հարցին վաղը կպատասխանեմ: Միայն կարող եմ ասել, որ ես ֆուտբոլում մնալու եմ»:
Կարդացեք նաև
Թովմաս Գրիգորյանը նաեւ ասաց, որ ինն անդամների կասեցումներից երկուսը խայտառակ էին՝ «Առնարինը» եւ «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամինը»: Իսկ ընդհանուր առմամբ, այդ իննից յոթը իր ձայներն էին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ