«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց՝ Հանրային խորհուրդն անգամ այս տարի ունի արդյունքներ. դա տեսնելու համար պետք է մտնել կայքն ու նայել:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս առիթով նա մանրամասնեց. «Միակ ձևը չէ լայվեր դուրս գալը, լայքերը. դա փչացնում է հասարակության մոտեցումներն ու գնահատականները: Եթե ուզում ես ծանոթանալ Հանրային խորհրդի աշխատանքներին, պետք է նայես կայքը: Ի պատիվ շատ անդամների՝ անգամ այս տարվա ընթացքում, երբ չկային շենքային պայմաններ, ֆինանսներ, չկար շփում, անգամ այդ պայմաններում Հանրային խորհրդի որոշ հանձնաժողովներ շատ արդյունավետ են աշխատել»:
Լարիսա Ալավերդյանը դատապարտեց Հանրային խորհրդի հասցեին հնչած «ամբարտավան արտահայտություններն» ու ասաց. «Նախկինում ամբարտավան հայտարարությունները, թե ինչ են արել դրանից առաջ, ընդունելի չեն: Չեմ եղել այդ հանձնաժողովում, բայց լինի Սևանի հարցը, էկոլոգիական հարցեր, անգամ ես եմ տեղյակ եղել: Այն իշխանությունն է հմուտ համարվում, որ կարողանում է աշխատել այլախոհների հետ: Այն, որ միայն կարող է յուրայինների հետ աշխատել, դա խոսում է իշխանությունների թուլությունների մասին»:
Լարիսա Ալավերդյանն իր ու նոր իշխանության ներկայացուցիչների մեկի հանդիպումից մի դրվագ պատմեց. «Առիթ եմ ունեցել մի փոխնախարարի հետ խոսել. ինձ թվաց, թե իմ առաջ կանգնած է «ЦК КПСС» քարտուղար. այնքան կարծրատիպերով էր, բայց նա 30 տարեկան չկար: Ես ինձ սովետական ժամանակվա հոկտեմբերիկ զգացի: Ապշելու բան է»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Ստեփան Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահ նշանակումը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ես գիտելիքներ չքննարկեմ: Ես կցանկանայի՝ Ստեփան Սաֆարյանի մասին այն կարծիքը պահպանել, որն ունեցել եմ իր մասին, երբ նա եղել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր: Այն մարդիկ, որոնք միայն հիացմունք են հայտնում, տանում են դեպի կործանում այս իշխանություններին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ