ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, 2019 թվականին պետության և ժողովրդի համար կարևոր առնվազն յոթ հիմնական ուղղությամբ ոչ միայն չկարողացանք ուժեղացնել մեր պետականությունը, այլև ձևավորեցինք նոր սպառնալիքներ: Արծվիկ Մինասյանն իր մտահոգությունները բարձրաձայնեց այսօր, «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ:
Առաջին երեք սպառնալիքները, ըստ բանախոսի, վերաբերվում են արտաքին հարաբերություններին, արցախյան բանակցություններին, մեր անվտանգության երաշխավոր Հայոց բանակին: Սակայն, նա շատ կարևոր է համարում նաեւ ներհասարակական հարաբերություններում հաջորդ չորսը. «Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ-ում, հայկական իրականության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Ատելության խոսքը, քարոզը, վարքագիծը, որ բխում է, նախևառաջ՝ իշխանության ձևավորած անձանց վարքագծից, ցավոք սրտի, Հայաստանում դարձավ առօրյա, և համացանցում գրեթե ամեն օր տարածվող հարյուր-հազարավոր վիրավորական մեկնաբանությունները վկայում են, որ իշխանությունը կարևոր մնալու համար ամեն գնով մանիպուլյացիաների միջոցով փորձում է ընտրել նոր թիրախներ, նոր թշնամի, նոր հակառակորդ, որպեսզի հասարակությունը չհարցնի՝ լավ, մերժեցինք անցյալը, վատ երևույթները, բայց նորը դեռ չենք կառուցել: Իսկ նորը կառուցելու համար, իշխանություն, դու ի՞նչ պետք է անես, ի՞նչ ես խոստացել, որ չես անում: Այս հարցը, ցավոք սրտի, հասարակության մի էական հատված չի տալիս, որովհետև նրան անընդհատ հրամցվում է նոր թշնամի, հակառակորդ: Վերջինը պետական կառավարման ամբողջ համակարգն էր՝ վերից վար կառուցվածքով»: Հասարակության ողջախոհ հատվածին, բանախոսի կարծիքով, ամեն կերպ փորձ է արվում անկյուն մղել:
Հաջորդ մարտահրավերը, ըստ Արծվիկ Մինասյանի, «մենատիրության հաստատման» գործողություններն էին. «Դատարանների նվաճման քաղաքականությունը, որ իշխանությունը վերից վար պլանավորված ձևով փորձում էր իրականացնել, բացահայտում է նաև անձնիշխանության, անձնակենտրոն իշխանության ցանկություններն ու ձգտումները: Դատարանների շրջափակումը, դատավորների պիտակավորումը, փողոցային արդարադատությունը, ակնհայտ ապօրինի խափանման միջոցների ընտրությունը, մարդկանց անազատության մեջ պահելը, անձին արհեստական մեղավոր նշանակելը, անմեղության վարկածը ոտնատակ տալը, այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ոչ միայն չենք կարող իրավական պետության մասին խոսել, այլև հակառակը՝ խոսում ենք բռնապետության մասին, մի հասարակության մասին, որտեղ մատնությունը դարձել է հիմնական վարքագծի կանոն, իսկ ուրացումը՝ ամենօրյա ցանկություն և հնարավորություն»:
Այս համատեքստում, բանախոսի դիտարկումներով, իշխանության ընդդիմախոս քաղաքական կուսակցություններն են պիտակավորվում եւ թիրախավորվում, մինչդեռ վերջիններս պետք է երկրում հասարակության քաղաքական կամքը ձևավորեն. «Այսինքն՝ ոչնչացվում է հենց քաղաքական ինստիտուտի կարևոր մի հատված: Առանց քաղաքական կուսակցությունների՝ նաև գաղափարախոսություն չի կարող լինել, առանց գաղափարախոսության՝ ապագա չի կարող լինել: Պատահական չէ, որ, եթե առանց գաղափարախոսության ձևավորվում է իշխանություն, այն կամ պետք է գնա մենիշխանության հաստատման և բռնատիրության միջոցով իշխանությունը պահելուն, կամ պարզապես պետականությունը կորցնելու ճանապարհով»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ