Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոց, հյուրատուն ու ռեստորան կառուցելու 80 դիմում Գյումրիում․ մեծ թիվ են կազմում արտերկրում բնակվողները

Դեկտեմբեր 23,2019 20:07

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր իր հրավիրած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ,  խոսելով Գյումրիում կատարվող ներդրումներից, ասաց, որ քաղաքապետարանից  80 շինթույլտվություն  են խնդրել, որոնցից 30-40-ը շինարարություն ավարտին է հասցվել։ Քաղաքապետի ներկայացմամբ, շինթույլտվություն են խնդրում թե՛ հյուրանոցներ, թե՛  հյուրատներ, թե՛ռեստորաններ ու սրճարաններ, նույնիսկ հուշանվերների խանութներ կառուցելու համար։

Ըստ նրա, շատ-շատ են դրսից ներդրումներ կատարելու ցանկություն հայտնողները։

«Իհարկե, ես կարող եմ ճշտել, թե նրանք կոնկրետ որտեղից են, բայց ինձ հետաքրքրում է, թե ինչքան ներդրում է կատարվում քաղաքում։ 3 ծրագիր կա, որի մասին չեմ ուզում այս պահին բարձրաձայնել։  «Լոգիստիկ» կենտրոնը հրաշք է, հիմա շատ կարևոր է, որպեսզի պետությունը պայմանագիր կազմի համապատասխան կազմակերպության հետ, մենք հուշագիրը ստորագրել ենք, հետո կգան պետության չափորոշիչներով մենք պայմանագիր կկազմենք, կսկսեն շինարարական աշխատանքները։  Մի 2-3 ամիս ձգձգվում է, օրենսդրական խնդիր կա, օրենքների հետ կապված փոփոխություն կա։ Ինձ զանգեցին, ասացին, ասացի՝ ինչով պետք է կաջակցեմ։ Էկոնոմիկայի նախարարության հետ խոսել եմ, իրենք պայմանագրի ոչ հարթեցված կետերը պիտի վերամշակեն»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Հիշեցնենք, որ  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ:  Իսրայելական կողմին Գյումրիում ներդրումներ կատարելու հարցում ոգևորել էր այն, որ այս քաղաքն ունի օդանավակայան, իսկ օդանավակայանով Գյումրի կտեղափոխեն տարբեր բրենդների ապրանքներ, որտեղ կպահեստավորեն, կփաթեթավորեն և  էլեկտրոնային պատվերով կառաքեն Եվրասիական Միության երկրներ։

Ներդրումներ կատարելու համար Գյումրու քաղաքապետարան ներկայացրած դիմումների քանակը զարմացրել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

Նա ասաց․ «Ես, ճիշտն ասած, զարմացած եմ այս թվերի վրա, ինչպես ասում են՝ մեռյալ կետից միանգամից սկսեցինք բարձրանալ։ Այսօր շատ մեծ ուշադրություն կա, նաև հիմնական միջոցը  թանկացավ Գյումրի քաղաքում, հատկապես պատմական միջուկում, որը հնարավորություն տվեց հասկանալու, որ վերջը դու գյուղ չես, քաղաք ես, վերջը գյուղաքաղաք չես, դու երկրորդ քաղաքն ես, դու պատմական քաղաք ես, մշակութային քաղաք ես, սպորտային քաղաք ես։

Սա զբոսաշրջիկին պիտի կարողանանք ներկայացնել։ Զբոսաշրջիկը գալիս է, նույնիսկ քարտեզներ չենք տրամադրում, հիմա հանձնարարել եմ, որպեսզի ունենանք համապատասխան քարտեզներ, որ զբոսաշրջիկը կարողանա դուրս գալ, մարդը  ասենք ոչ թե  տուրիստական ընկերության միջոցով է եկել, այլ միայնակ է եկել, կգա, կմտնի թանգարան, կվերցնի քարտեզը, կվերցնի համապատասխան բրոշյուրը, որի մեջ կան պատմական տեղերը, ինքն իրեն կարող է շարժվել, ուղղությունները ցույց կտան։

Գյումրիի ամենացավոտ խնդիրները երկրաշարժից մնացած տնակներն են ու  տրանսպորտը, որ չունենք, դրա մասին մտածում ենք։ Տրանսպորտի խնդիրը փորձում ենք լուծել, վերջերս ավագանին համաձայնություն տվեց, մտանք կանաչ քաղաքների շարք, մենք հիմա աշխատում ենք կանաչ քաղաքների ծրագրերով տրանսպորտ բերել, որտեղ դրամաշնորհը հասնում է մինչև 50 տոկոս»։

Քաղաքապետը 2019 թվականին  Գյումրիում  իրականացրած ծրագրերն աննախադեպ համարեց, ըստ նրա, այսպիսի ծրագրեր չեն եղել  երկրաշարժից հետո։

«Ընդգրկվեցին չորս ծրագրեր, առաջին ՝ ամենակարևոր ծրագիրը Վերակառուցման և զարգացման  եվրոպական բանկի  վարկային միջոցներով կատարված ծրագիրն է, առաջին տրանշը, որն իրականացվեց 2018-2019 թվականներին։ 2018 թվականին չավարտեցինք, վերջնական ավարտվեց 2019 թվականին, նույնիսկ մինչև հիմա թերություններ կան, որոնք հիմա վերացնում են։ Դրա մեջ հիմնականում ընդգրկվեց փողոցաշինությունը և արտաքին լուսավորությունը, այն փողոցները, որոնք վերականգնվեցին։

Երկրորդ ծրագիրը համաշխարհային բանկի ծրագիրն է, ի դեպ, ասեմ, որ Եվրոպական բանկը մոտ 7 միլիոն եվրոյի ծրագիր իրականացրեց, վերանորոգվեց 12 կիլոմետր ճանապարհ, կարևորագույն ճանապարհներ, որոնց մեջ մտնում է երևանյան խճուղին,  Վազգեն Սարգսյան, Գերցեն և Մուշ 2/2-ը Անի թաղամասին կապող ճանապարհը, ինչպես նաև երկու հրապարակ։

Երկրորդ ծրագիրը Համաշխարհային բանկի ծրագիրն էր, իրականացվեց տարածքային զարգացման  նախարարության հիմնադրամի կողմից, մոտ 3 կիլոմետր՝ պատմական միջուկում։ Պատմական միջուկի փողոցները, որոնց մի մասը ՎԶԲ-ն էր արել 2018 թվականից սկսած, բայց մյուս  մասը՝ Շիրազի փողոցից մինչև կենտրոնական հրապարակ,  բոլոր փողոցները՝ Հակոբյան, Ղորղանյան, Աբովյան, Վարպետաց և Ջիվանին, նաև Գայի փողոցը վերանորոգվեցին Համաշխարհային բանկի կողմից՝ արտաքին լուսավորությամբ։ Արժեքը 2 միլիոն դոլար է։

Երրորդ ամենակարևոր ծրագիրը, որը բոլորիս համար աննախադեպ էր, շատ կարևոր ծրագիր էր մեր քաղաքի և ոչ միայն Գյումրիի, այլ համայնքների համար, սուբվենցիոն ծրագիրն էր, որն իր մեջ ընդգրկեց բավականին ծավալուն, ոչ միայն փողոցաշինական,  նաև այլ աշխատանքներ, որոնք ներկայացվեցին Գյումրի համայնքի կողմից։ Մոտավորապես մեկ միլիարդ հարյուր միլիոնի ծրագիր իրականացրեցինք, դեռ չենք ավարտել, բայց անպայման կավարտենք»։

Գյումրիում սուբվենցիոն ծրագրով 5 կիլոմետր ճանապարհ են կառուցել։

«4-րդ ծրագիրը  տեղական  ծրագիրն է, համայնքի կողմից իրականցվողն է , շատ կարևորվեցին սպորտդպրոցները, մանկապարտեզները, նույնիսկ սպորտդրպոց ենք կառուցում, ազատ ոճի ըմբշամարտի դպրոցն ենք կառուցում, որը շատ ցավալի վիճակում էր։ Կարողացանանք հասնել նրան, որ այս դպրոցին նույնպես հերթ հասավ, նաև Յուրի Վարդանյանի անվան դպրոցն ենք կառուցում»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաև փողոցաշինությանը՝ նշելով, որ եթե որևէ շինարարը չհասցնի ավարտել  շինաշխատանքները, կդադարեցնեն պայմանագիրը նրա հետ։

Նա նշեց, որ հիմնական շեշտը դրել էին փողոցաշինության վրա, ևս 9,4 միլիարդ տրամադրվելու է Գյումրի քաղաքին փողոցաշինության համար, վերակառուցելու են 33 փողոց և ևս մեկ հրապարակ։

Արտաքին լուսավորությունը ևս ապահովվելու է։ Իսկ առհասարակ ողջ քաղաքի արտաքին լուսավորությունն է արդիականցվելու՝ լուսատուները, հենասյուները, շուտով  նախագծի համար մրցույթ կհայտարարեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031