Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ, ուզում եմ դժբախտ լինել, ինչի՞ եք ինձ զրկում էդ իրավունքից». «Իմ քայլի» պատգամավորը՝ Արայիկ Հարությունյանին

Դեկտեմբեր 23,2019 19:11

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում, ինչպես տեղեկացրել ենք, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների՝ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի կողմից հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդունել՝ բացատրելով, որ դա համակարգն էլ ավելի է աղճատելու, գործազուրկների բանակն է ավելանալու: Պատգամավորներն առաջարկում են, որ ուսումնարաններում ու քոլեջներում մրցութային կարգով ոչ միայն պետպատվերով, այլեւ՝ վճարովի կարգով տեղեր սահմանվեն, որ երեխաները ստիպված չգնան ավագ դպրոցներ, փոխարենը՝ արհեստ սովորեն:

Նախարարի բերած փաստարկներից հետո Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինքն ու նախարարը տարբեր են մտածում, օրինակ, նախարարը գտնում է, որ այդքան հեշտ չպետք է երեխաները բուհ ընդունվեն, իսկ Հայրապետյանն ասաց, որ բուհ ընդունվելը չպետք է բարդ լինի, բայց բուհից պետք է շատ հեշտ դուրս մնան. «Ես ձեր խոսքից չհասկացա՝ հիմա դուք այս ինստիտուտն ուզո՞ւմ եք ունենալ, թե՞ չեք ուզում, որովհետեւ միշտ կարելի է պատրվակներ փնտրել: Ասում եք՝ առանց այս օրենսդրական նախաձեռնության էլ կլուծվի, ցույց տվեք ինձ ձեր ռազմավարությունը ու մի՛ ասեք, թե 4-5 տարի հետո նոր կլուծվի: Ես ասում եմ՝ կա խնդիր, այս մեկուկես տարիների ընթացքում ի՞նչ գործուն քայլեր են մշակվել՝ ռազմավարություն ու կոնցեպտ մշակելու առումով»:

Մեկուկես տարին լսելով՝ նախարարը, կարծես, վիրավորվեց ու ասաց. «Ի՞նչ ենք արել այս մեկուկես տարվա ընթացքում՝ առնվազն կայունացրել ենք այն իրավիճակը, այն խառնաշփոթը, որ կար թե՛ հանրակրթության ոլորտում, թե՛ քոլեջներում ու ուսումնարաններում, սկսած կոռուպցիայից: Հիմա ուսումնական հաստատությունների միավորման հարցն ենք լուծում»: Նախարարն վստահեցրեց. «Էս փոփոխությունն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը,դա, հիմա միայն գլխացավանք է ավելացնելու: Գալու են ասեն՝ մեզ պետք է 500 եւ ավելի բուժքրոջ տեղ ու չենք տալու: Չենք ավելացնելու տեղերը, որովհետեւ չենք պատրաստվում 500 գործազուրկ ունենալ 3-4 տարի հետո»:

Մխիթար Հայրապետյանը արձագանքեց. «Եթե էդ 500-ը գան ձեզ մոտ ու դրա պահանջարկը չկա, դուք եք որոշողը, ասեք՝ չենք տալիս: Ասում եք՝ մեր գլխացավանքն եք ավելացնում, պարո՛ն Հարությունյան, օրենքի բաց կա, մենք ուզում ենք վերացնել: Ինձ մոտ տպավորություն է, որ ամբողջությամբ չեք ասում ձեր մտահոգությունը, եթե ավագ դպրոցների հետ է կապված, անկեղծությամբ ասեք: Մեզնից նեղանում եք, ասում եք՝ գլխացավանք եք ստեղծում, բա կառավարության գործի բնույթը դա է, պիտի գլխացավանք ստեղծվի, լուծվի»:

Արայիկ Հարությունյանն էլ վստահեցրեց, որ ավագ դպրոցների հետ դա կապ չունի:

Նախարարը բացատրեց, որ լիքը մարդ կա՝ մանկության երազանքն է իրավաբանի կրթություն երեխաներին տալը, բայց նախարարությունը շուկայի պահանջարկն է հաշվի առում ու տեղերն, ըստ այդմ, հատկացնում. «Արդյոք այն երեխաները, որոնց ծնողները ստիպելու են բուժական գործ սովորել, հետագայում դժբախտ չե՞ն լինելու՝ գնալով համալրերով գործազուրկների շարքերը»: Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը, օրինակ, երաժշտական ունակություններ, слух չունի, եթե ուզում է Ռոմանոս Մելիքյանում սովորել, ի՞նչ անելու ուսումնական հաստատությունը: Պատգամավորները հարցրեցին՝ ի՞նչ է լինելու, եթե երեխան ոչ թե ավագ դպրոց գնա, այլ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ու վճարովի սովորի: Նախարարն էլ պատասխանեց, որ վճարելուց իր երաժշտական слух-ը չի ավելանա, եթե չունի՝ չունի:

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանն ասաց. «Ես ձեզ հետ համաձայն չեմ: Եթե մարդն ուզում է բուժքրոջ կրթություն ստանալ ու դրա համար պատրաստ է վճարել, ապա ուղղակի հմտություններ է ուզում ստանալ: Մեր կուրսում բոլորս слух-ո՞վ էինք, պետության հաշվին սովորել ենք Ռոմանոս Մելիքյանում եւ մեր կուրսից 50 հոգուց 2 հոգի է շարունակել պրոֆեսիոնալ, Կոնսերվատորիա…Երկուսը դառել են ոստիկան, մեկը չգիտեմ ինչ, մեկն էլ՝ պատգամավոր: Նրանից, որ ես «Ռոմանոսում» սովորել եմ, ես դժբախտ չեմ զգում ինձ: Էն աչքերով, որ ես հիմա նայում եմ, ես պատրաստ էի նույնիսկ վճարել, սովորել «Ռոմանոսում» ու չդառնալ նույնիսկ երաժիշտ: Մենք վճարողներից չենք իմանա, թե ով է ամենալավ բուժքույրը, լավագույն զոդողը»:

Արթուր Մանուկյանի խոսքով՝ պետք է հանրությանը կողմնորոշել, թե որ ուղղությամբ գնան, այսպես ասած՝ «երջանկության եւ դժբախտության» ցուցակներ կազմեն ու տան մարդը որոշի. «Ես եմ, ուզում եմ դժբախտ լինել, ինչի՞ եք ինձ զրկում էդ իրավունքից»:

Արայիկ Հարությունյանը չարձագանքեց, իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հավելեց՝ ընդ որում, այդ դժբախտության համար վճարելու են, ինչի՞ մասին է խոսքը:

Մարդու՝ դժբախտ լինելու իրավունքի մասին Նաիրա Զոհրաբյանի հորդորն՝ ուղղված նախարարին՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031