Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների՝ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի կողմից հեղինակած մի նախագիծ, որին կառավարությունը դեմ է:
Պատգամավորներն առաջարկում են, որ ուսումնարաններում ու քոլեջներում մրցութային կարգով հնարավորություն տան ոչ միայն պետպատվերով, այլեւ՝ վճարովի կարգով տեղերի: Միջին մասնագիտական հաստատությունները իրենց ենթակառուցվածքները զարգացնելու միջոցներ չունեն, նաեւ շուկայում կա մեծ պահանջարկ օրինակ, IT ոլորտի, տուրիզմի, սպասարկման ոլորտի մասնագետների. «Եթե քոլեջները կարող են սպասարկել 500 աշակերտի, ապա կառավարության հատկացրած միջոցները, որոնք սուղ են, կարող են ապահովել միայն 100 երեխայի: Շուրջ 400 երեխա չունեն հնարավորությունը,որ մասնագիտական կրթություն ստանան: Ընդ որում,մեխանիզմներն ու մեթոդաբանությունը կառավարությունն է կարգավորելու, որեւէ տեղ որեւէ ռիսկ տեսնելու պարագայում կարող է սահմանափակում ներդնել, օրինակ, հօգուտ մարզերի: Հնարավորություն կտանք ծնողներին, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին ոչ թե ավագ դպրոցներում ուսուցման տալ, այլ՝ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորել ու մասնագետ դառնա»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով ռոբոտաշինության եւ այլ մասնագետների պահանջարկի մասին:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հորդորեց ուսումնասիրել նախ, թե բիզնեսն ի՞նչ մասնագետների պահանջ ունի, շուկայում ո՞ր մասնագետներն են պահանջված, այդ մասնագիտությունների տեղերը, ըստ այդմ սահմանել: Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Մենք խնդիր ունենք տեքստիլի հետ կապված, շինարարության հետ կապված վերջերս Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Կոտայքի մարզում կերամիկայի հետ կապված մասնագետներ են պետք: Այս ամենը օրենքի մեջ չպետք է դրվի: Այն, ինչ դուք ասում եք, կառավարության տիրույթում է գտնվում»:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «ՀՀ Սահմանադրությունը 38 հոդվածի առաջին մասով սահմանում է, որ ՀՀ-ում միջնակարգ կրթությունն անվճար է, իսկ պարտադիր կրթության ծրագիրն ու տեւողությունը սահմանում են օրենքով: «Կրթության մասին» օրենքում պարտադիր է ճանաչվել 12-ամյա միջնակարգ եւ նախնական արհեստագործական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը: Պետություն ունի հանձնառություն անվճար ապահովելու 12-ամյա կրթությունը ու այդ հանձնառությունը կատարում է: Առանց այս օրենքի ընդունման էլ բարձրացված հարցերը կլուծվեն: Ի՞նչ իրավիճակ մենք ունենք այսօր միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատություններում, դրանց գոնե կեսի դեպքում ունենք ողբալի իրավիճակ: Մենք այստեղ չունեք բազա, ունենք մասնագետների վերապատրաստման լրջագույն խնդիր ու մի հատ պատկերացրեք մի իրավիճակ, երբ ունենալով նույնիսկ պետության կողմից անվճար տեղերի սահմանափակման միջոցով գնում են սովորելու եւ այստեղ չենք կարողանում բավարար մակարդակ ապահովել, սրան գումարվում է վճարովի տեղեր: Որ ասում եք, պարոն Հայրապետյան, թե հազարներով դուրս են մնում, այո, հազարներով դուրս պետք է մնան, որովհետեւ պետությունը պետք է սահմանի, թե տվյալ շուկայի համար ինչ մասնագետներ պետք է պատրաստի, դա բնական է: Ձեր մոտ որ բողոքներով եկել են, ըստ էության, դա 3-4 ուղղությունների է վերաբերում՝ հաշվապահություն, բուժական գործ՝ բուժքույրեր եւ բուժեղբայրներ, ՏՏ ոլորտ եւ երեւի տուրիզմ: Անցյալ տարի մենք դիմել ենք առողջապահության նախարարությանը, նախարարությունն ասել է՝ պատրաստվեք զրո մասնագետ բուժական գործի, որովհետեւ շուկայում դրա պահանջարկը չկա: Հարյուրներով մեր նախարարության դիմաց ծնողներ են եկել, որոնք ասում են՝ մեր երեխեքը պետք է գնան բուժական գործ սովորեն, սովորեն մի 3-4 տարի, համալրեն գործազուրկների շարքերը: Երկու անգամ կրճատել ենք հաշվապահների տեղերը, կրճատել ենք ոչ թե նրա համար, որ գումար չունենք, արել ենք նպատակահարմարությունից, որ էդ երեխեքը գնան սովորեն էն, ինչ անհրաժեշտ է շուկային»:
Կարդացեք նաև
Նախարարը հորդորեց, որ պատգամավորներն այս օրենքն ընդունելուց առաջ գնան նման ուսումնական հաստատություններ ու տեսնեն, թե ինչ իրավիճակ է. «Այստեղ գումարի խնդիր ընդհանրապես չկա, տեղերն ավելացնելու խնդիր չունենք, կա նպատակահարմարության խնդիր: Արդյոք այն երեխաները, որոնց ծնողները ստիպելու են բուժական գործ սովորել, հետագայում դժբախտ չեն լինելու՝ գնալով համալրերով գործազուրկների շարքերը»:
Արայիկ Հարությունյանը, որպես դասախոս օրինակներ բերեց, թե ինչպես է երկրորդ կուրսում ուսանողը գալիս քննության ու զգում են՝ դա իր մասնագիտությունը չի. «Հարցնում ես՝ ծնողի դրդմամբ է գնացել: Հիմա պետությունը որոշակի կարգավորում է մտցնում, որ շուկան կարգավորի: Մենք 1,5 տարվա ընթացքում չենք կարող ունենալ լավ ուսումնասիրություն: Դուք օրինակ եք բերում զոդող, խառատ…Ես ԱՄՆ-ում ապրող մի բիզնեսմենի հետ պայմանավորվեցի, որ 10 կրթաթոշակ սահմանվի Շուշիում որակյալ զոդող, խառատ պատրաստելու համար, հիանալի բազա ունի այդ հաստատությունը, մենք երկու անգամ մրցույթ հայտարարեցինք, 0 մարդ դիմեց: Մենք աշակերտներին ճիշտ կողմնորոշման խնդիր ունենք: Գնում ես մարզեր, տասնամյակների ավանդույթ ունեցող մասնագիտություններ են ընտրում»:
Նախարարն ասաց, որ նորմալ է, երբ երեխաները չեն կարողանում շարունակել կրթությունն ու դուրս են մնում, բոլորը չեն կարող ընդունվել բուհ. «Էն կարգավորումն էլ, որ բերում եք, որ սովորեն հեռակա, ժողովուրդ ջան, էդ հեռական դարձել է չսովորողների տեղ: Հիմա դուք ստեղծում եք մի իրավիճակ, երբ հեշտ հնարավորություն է ստեղծվում վճարովիով անսահմանափակ ընդունվելու այստեղ ու լավ տրամպլին է դառնում շատ հեշտ հայտնվելու բուհական համակարգում: Մենք պետք է գնանք բուհական տեղերի զգալի կրճատման: Դիմորդների 90 տոկոսն ընդունվել է, սենց ո՞նց կլինի: Մենք աշխատում ենք կոնկուրսը լինի, դուք սրանով խթանում եք, որ կոնկուրսը ջախջախվի ընդհանրապես, կոնկուրս չլինի ոչ միջին մասնագիտական արհեստագործականում, ոչ էլ բուհերում, այսինքն, ով ուզի՝ ընդունվի, այդպես չի լինում: Դրանով մենք ավելի ենք աղճատում այս համակարգը: Դուք հիմա նախարարության համար ստեղծում եք մի իրավիճակ, մենք անցած տարի փակել ենք էդ բողոքների թեման, եկել են, հարյուրերով ծնողների բացատրել ենք, որ այդ մասնագիտությունները ձեր երեխայի համար խնդիրներ են ստեղծելու: Մարդիկ գնացել ենք, 1-2 օր էդ թեման փակվել է, հիմա դուք նոր հնարավորություն եք ստեղծում»:
Նախարարը հայտարարեց, որ մինչ նախագիծ բերելը պետք էր ուսումնասիրել. «Էս օրենքը գիտե՞ք ինչ է տալու՝ բողոքների թիվն է մենակ ավելանալու, ծնողները գալու են ասեն՝ տուր բուժքույրի տեղ, գալու ենք նրան, որ շուկան ավելի ենք աղճատելու»:
Նախարարի այս մանրակրկիտ բացատրություններից հետո անգամ պատգամավորները չլսեցին եւ նախագծին կողմ քվեարկեցին: Մանրամասները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ