Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատժի խստացումը չի բերում անվտանգության ապահովման բարձրացմանը». քննարկվել են պետտուրքին եւ ճանապարհային երթեւեկությանն առնչվող հարցեր

Դեկտեմբեր 23,2019 17:06

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ պատգամավորների, փաստաբանների, վարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել վարորդական բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթում առկա «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկում։

Արմեն Խաչատրյանի հավաստմամբ՝ թեեւ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020թ-ի հունվարի մեկից, սակայն վարորդներն արդեն ներկայացրել են մի շարք մտահոգություններ։ Հիմնական դժգոհությունը վերադասության կարգով բողոքարկելիս 4 հազար դրամ պետական տուրքի պարտադիր պահանջի դեմ է։ Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարան դիմելիս տուրքի չափը 10 հազար դրամ է, Վճռաբեկ դատարան՝ 20 հազար։ Պատգամավորը հրապարակել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ միայն այս տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետեւանքով գրանցվել է 330 զոհ։ «Մենք իրավունք չունենք հաշտվել այս թվերի հետ եւ ամեն ինչ պետք է անել բարձրացնելու համար անվտանգ երթեւեկության մակարդակը»,- նշել է նա։

Արմեն Խաչատրյանը երեք հիմնական գործոն է առանձնացրել. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ, պարեկային ծառայության ներդրում եւ բնագավառի օրենսդրության եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցում։ Կարեւոր են համարվել նաեւ հասարակական տրանսպորտի ժամանակակից մեքենաներով համալրումը, ոլորտի հիմնովին բարեփոխումը։

ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հայկ Վարդանյանը   տեղեկացրել է, որ պարտադիր պետական տուրքի պահանջը սահմանված  է Վարչական դատավարության օրենսգրքով։ Ըստ նրա՝ հայցվորը օրենքով սահմանված կարգով կարող է ետ ստանալ տուրքի գումարը՝ տվյալ գործի դրական արդյունքի դեպքում։ Նա նաեւ նշել է, որ տուրքի չեղարկումը կհանգեցնի վարչական դատարանների ծանրաբեռնվածության ավելացման։

Այս տեսակետն անընդունելի է համարել պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ դա պետության խնդիրն է։ Պատգամավորը կարեւոր է համարել Ճանապարհային ոստիկանության նպատակաուղղված եւ արդյունավետ գործունեությունը։

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է որոշակի պարզաբանումներ՝ վերադասության կարգով բողոքարկումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ դրանց արդյունավետության բարձրացումը կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ պատժի խստացումը չի բերում անվտանգության ապահովման բարձրացմանը։ Մշտական հանձնաժողովի նախագահը կողմ է արտահայտվել դպրոցներում ճանապարհային անվտանգ երթեւեկության վերաբերյալ առարկայի ներդրմանը։

ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են պարտադիր պետական տուրքերի մուծմանը՝ փաստելով, որ դրանք բարձր են։ Նրանք առաջարկել են չեղարկել դրույթը, իսկ օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ հարցը կքննարկեն գործընկերների հետ եւ որոշման մասին կտեղեկացնեն։

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031