Լրահոս
Օրվա լրահոսը

«Քչերն են հասկացել, որ 4 անիվների վրա հավաքված մեխանիզմը նաև երազներն իրականացնելու միջոց է». Ավտոմոբիլային ֆեդերացիան ամփոփեց անցնող տարին

Դեկտեմբեր 23,2019 16:48

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ավտոմոբիլային ֆեդերացիան, բարի ավանդույթի համաձայն, Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի գլխավորությամբ իր շուրջն էր համախմբել Ֆեդերացիայի անդամներին և բարեկամներին՝ ամփոփելու անցնող տարին և խրախուսական պարգևներ ու շնորհակալագրեր հանձնելու կապակցությամբ: Անգամ միջոցառման շենքի բակում արդեն իսկ թևածում էր տոնական շունչը, որը հաղորդում էին տարածքում կայանած յուրահատուկ պատմություն ու նկարագիր ունեցող ավտոմեքենաները:

Միայն անցնող տարվա մեջ «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն անդամագրվել է արական սեռի 12 և իգական՝ 11 ներկայացուցիչ: Այս մասին դեկտեմբերի 20-ին հպարտությամբ ասվեց Ֆեդերացիայի՝ 2019 թ. միջոցառումների արդյունքներով պարգևատրումների արարողության ժամանակ:

Ինչպես պարզվեց՝ նրանցից երկու հոգի ընդամենը վերջերս են անդամագրվել և դեռ չէին ստացել իրենց անդամության վկայականները: Չխախտելով ավանդույթը՝ դա արվեց հենց տարեվերջյան գեղեցիկ միջոցառման ընթացքում: Մելիք Չիբուխչյանին և Ռուդիկ Արամյանին անդամության վկայականները հանձնեց Ֆեդերացիայի պատվավոր անդամ Գարեգին Սիմոնյանը:Ավտոմոբիլային ֆեդերացիան պատվավոր անդամի կոչում մինչ այս շնորհել էր չորս հոգու, իսկ այսօր դրան արժանացավ նաև կազմակերպության ստեղծման ակունքներում կանգնած, Ֆեդերացիայի նախագահության անդամ, ավտոսպորտի հանրապետական կարգի մրցավար, բոլոր մրցությունների արդյունքների անխոնջ պատասխանատու Սուրեն Մարգարյանը:

«Վաղուց է հայտնի, որ մեքենան ոչ թե ճոխություն է, այլ փոխադրամիջոց: Սակայն քչերն են հասկացել, որ չորս անիվների վրա հավաքված այդ մեխանիզմը նաև երազները իրականացնելու՛ միջոց է, նաև ինքնահաստատման ու ինքնադրսևորմա՛ն միջոց է, նաև մրցելու՛ ու հաղթանակին հասնելու՛ միջոց է և, վերջապե՛ս, ու ամենակարևորը՝ նաև հավատարիմ ընկե՛ր է. որքան ավելի ուշադիր ես նրա նկատմամբ, այնքան ավելի վստահելի ուղեկից է նա դառնում: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան հենց այդպիսի քչերին համախմբող ու իր շարքերը մշտապես ավելացնող կառույց է»,-իր խոսքում նշեց  Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Միջոցառման ընթացքում նա նաև շնորհակալություն հայտնեց Ֆեդերացիայի բոլոր անդամներին և արարողության մասնակիցներին՝ Ֆեդերացիայի զարգացման գործում ունեցած նրանց դերի և ներդրած ջանքերի համար՝ ընդգծելով թե՛ տեղական, թե՛ միջազգային մրցաշարերում ձեռք բերված հաջողությունները:

Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ավտոսպորտը տարիք չի հարցնում: 2019-ին Գուրգեն Սեֆիլյանը և Արսեն Սարկիսովն ապացուցեցին սա՝ Լիտվայում անցկացված «Kauno Ruduo 2019» մրցությունում ավտոռալլիի վետերանների դասում զբաղեցնելով առաջին, իսկ բացարձակ դասում՝ 4-րդ տեղը, որը ևս մրցանակային է համարվում: Ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Գրիգորյանը հանձնեց նրանց մրցանակներն ու Գագիկ Աղաջանյանի կողմից տրված շնորհակալագրերը:

Ֆեդերացիայի նախագահի շնորհակալագրերին արժանացան նաև Ֆեդերացիայի նախագահության անդամ, միաժամանակ նաև Ֆեդերացիայի «Կանանց Ակումբի» ղեկավար Իրինա Բելուբեկյանը՝ ակտիվ և արդյունավետ գործունեության համար (ի դեպ՝ նրան տրվեց նաև Ջի-Բի-Էլ ընկերության արտադրության շարժական բարձրախոս), ինչպես նաև՝ Ֆեդերացիայի նախագահության անդամ, «Հին և պատմական մեքենաների ակումբի» ղեկավար Օնիկ Զաքարյանը՝ 2019 թվականի ընթացքում ֆեդերացիայի կողմից նախատեսված ավտոարշավները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Շնորհակալագրի արժանացան նաև Ֆեդերացիայի անդամ Հարություն Գրիգորյանը՝ 2019 թվականի ընթացքում Ֆեդերացիայի կողմից նախատեսված ավտոարշավների կազմակերպմանն աջակցելու և ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև՝ Ֆեդերացիայի անդամ Սևան Նիկողոսյանը՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի միջոցառումներին մշտապես տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Նրան որպես պարգև տրվեց «BMW» ապրանքանիշի թերմոս:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ֆինանսատնտեսական գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար շնորհակալագիր ստացավ Ֆեդերացիայի գլխավոր հաշվապահ Ավետ Միքայելյանը, որին որպես պարգև տրվեց Ջի-Բի-Էլ ընկերության արտադրության շարժական բարձրախոս:

«Հին և պատմական մեքենաների ակումբի» անդամներ Գոռ Խաչատրյանն ու Գուրգեն Էլիզբարյանը նույնպես պարգևատրվեցին Ֆեդերացիայի կողմից՝ 2019 թվականի միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Շնորհակալագիր ստացավ նաև «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ, Tesaket.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր, Ֆեդերացիայի անդամ Հովհաննես Գրիգորյանը՝ 2019թ. ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին ՀՀ զանգվածային լրատվական միջոցներին ներգրավելու և նրանց հավուր պատշաճի տեղեկատվություն տրամադրելու համար:

Ֆեդերացիայի շնորհակալագրին արժանացան նաև մարդիկ, որոնք չունեն անդամության վկայական, սակայն Ֆեդերացիան նրանց հետ համագործակցությամբ կարողացել է ավելիին հասնել և դեռ ճանապարհ պիտի անցնի:

Նրանց շարքում էին՝

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը՝ Ֆեդերացիայի կողմից Ծովակալ Հ. Իսակովի հուշարձանի խարիսխի վերականգնման աշխատանքներին աջակցելու և ակտիվ մասնակցելու համար: Նշենք, որ նա ստացավ նաև հատուկ հուշանվեր:

«Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը՝ «Արմ Ավտո Շոու 2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը մտահղանալու և այն հետևողականորեն ու բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ Ֆեդերացիայի միջոցառումներին մշտապես աջակցելու և ակտիվ մասնակցելու համար:

«Ծովակալ Իսակով» Հայրենական պատերազմի և ռազմածովային նավատորմի վետերանների ասոցիացիայի նախագահ Մ. Սահակյանը՝ Ծովակալ Իսակովի հիշատակը վառ պահելու և նրա հուշարձանի ամբողջականությունը վերականգնելունն ուղղված հետևողական ջանքերի համար:

«Մոբիլ Ստարտ» ավտո-մոտո դպրոցի տնօրեն Արթուր Այվազյանը՝ Ֆեդերացիայի միջոցառումներին մշտապես տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Նրան որպես պարգև տրվեց նաև «Ferrari» ապրանքանիշի թերմոս:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի երկարամյա գործընկեր Վահագն Սարուխանյանը՝ Ֆեդերացիայի միջոցառումներին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ֆեդերացիայի՝ տարվա գործունեությունն ու դրա արդյունքները: Ընդգծվեց, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Ֆեդերացիան այս տարվա մարտ ամսին ռետրո մեքենաներով ավտոարշավ էր կազմակերպել Երևան-Դսեղ-Թբիլիսի-Երևան երթուղով:

Արդեն պատմական դարձած այդ արշավի բոլոր մասնակիցները՝  Գուրգեն Էլիզբարյանը, Գոռ Խաչատրյանը, Սաշա Սահակյանը, Գուրգեն Զաքարյանը, Քաջիկ Մանուկյանը, Էդուարդ Սարիբեկյանը, Վարդան Ղալումյանը, Վահագն Աղաջանյանը, Մհեր Գյուրջինյանը, Հարմիկ Մանասերյանը, Արշակ Մանուկյանը, Ստեփան Մարտիրոսյանը, Գագիկ Հարությունյանը պարգևատրվեցին Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի և նրա գործընկեր Արսեն Ղազարյանի աջակցությամբ տպագրված՝ Թումանյանի «Հոբելյանական ընտրանի» գրքով: Գրքերը հանձնեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, որի նախաձեռնությամբ էլ «Հոբելյանական ընտրանի»-ն պատրաստվել է հրատարակության:

Շնորհակալագրեր ստացան նաև Ֆեդերացիայի «Ֆորսաժ» հեռուստահաղորդաշարի ստեղծագործական խմբի անդամները և խմբի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ Ֆեդերացիայի կողմից 2019 թ. կազմակերպված միջոցառումների վերաբերյալ որակյալ հեռուստահաղորդումներ պատրաստելու համար:

Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Ֆեդերացիայի անդամներ Էդգար Հակոբյանը և Իլյա Առաքելյանը՝ 2019 թ. ՀԱՖ սպորտային միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և ակտիվ մասնակցելու համար, ինչպես նաև Ֆեդերացիայի կամավորներ Արմեն Պապոյանը, Տիգրան Մարիկյանը, Ռուբեն Շահրամանյանը, Նարեկ Հակոբյանը, Արթուր Կիրակոսյանը, Էմիլ Մկրտչյանը, Ռաֆայել Կիրակոսյանը՝ 2019 թ. ՀԱՖ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու և աջակցելու համար:

Այնուհետև հերթը հասավ պատվոգրերի հանձնմանը: Մեծարման արժանացավ ֆեդերացիայի 3-րդ կարգի մրցավար Արմեն Պապոյանը՝ արտակարգ պայմաններում խիզախություն դրսևորելու համար: Ի դեպ՝ Արմեն Պապոյանը առաջիններից մեկն է եղել, որ օգնության է հասել մրցության ընթացքում գլխիվայր շուռ եկած ավտոմեքենայի վարորդին և առաջիններից էր, որ կրակմարիչներով սկսել է հանգցնել հրդեհի ճիրաններում հայտնված այդ նույն մեքենան:

Պապոյանին պատվոգիրը հանձնեց Ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Գրիգորյանը:

Ֆեդերացիայի նախագահության անդամ Իրինա Բելուբեկյանն էլ Սուրեն Մարգարյանին և Ստեփան Մարտիրոսյանին Ֆեդերացիայի նախագահի պատվոգիր հանձնեց՝ 2019 թ. արդյունքներով տարվա լավագույն մրցավարի կոչմանն արժանանալու համար: Նրանց որպես պարգև տրվեցին նաև «Ferrari» ապրանքանիշի ժամացույցներ

Այսքանով մրցավարների մեծարումը չավարտվեց: Ֆեդերացիայի նախագահի հրամանով Ֆեդերացիայի մրցավարներ Արմեն Պապոյանին, Էդգար Հակոբյանին, Իլյա Առաքելյանին շնորհվեց երրորդ կարգի մրցավարի աստիճանակարգ, իսկ Ֆեդերացիայի երրորդ կարգի մրցավար Ռաֆայել Նիկողոսյանին շնորհվեց ավտոսպորտի երկրորդ կարգի մրցավարի աստիճանակարգ:

Պատվի արժանացան նաև Ֆեդերացիայի այն անդամները, որոնք 2019 թվականի ընթացքում ապացուցեցին մրցուղիներում իրենց առաջատար լինելը: 2019 թ.  Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի «Արտաճանապարհային մեքենաների Ակումբի» կողմից կազմակերպված  «4 ԱՆԻՎ»  2019 Offroad մրցության «A» դասում Գավաթը նվաճած ավտոմարզիկ Վոլոդյա Կարապետյանը և ղեկապետ Հովհաննես Պետրոսյանը Գավաթ, համապատասխան դիպլոմներ, ինչպես նաև Ֆեդերացիայի նախագահի կողմից որպես պարգև տրված սպորտային սաղավարտ ստացան Ֆեդերացիայի փոխնախագահ Հովսեփ Պողոսյանից:

Նույնպիսի պարգևներ ստացան նաև 2019 թ.  Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի «Արտաճանապարհային մեքենաների Ակումբի» կողմից կազմակերպված  «4 ԱՆԻՎ»  2019 Offroad մրցության «B» դասում Գավաթը նվաճած ավտոմարզիկ Արմեն Ղազարյանը և ղեկապետ Էդգար Ավետիսյանը:

Ավտոմոբիլային ֆեդերացիայի «Կանանց ակումբի» անդամները նույնպես չանտեսվեցին: Ֆեդերացիայի գեղեցիկ սեռի հաղթողներին մրցանակներ և հատուկ իրենց համար պատրաստված նվերներ հանձնեց  Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Իսկ պարգևատրվողներն էին՝

Հռիփսիմե Ջանգիրյանը՝ 2019 թ. Ֆեդերացիայի գավաթի կանանց մրցությունում երրորդ արդյունք ցույց տալու համար:

Մարինա Բարսեղյանը՝ 2019 թ. Ֆեդերացիայի գավաթի կանանց մրցությունում երկրորդ արդյունք ցույց տալու համար:

Գոհար Տեր-Անտոնյանը՝ 2019 թ. Ֆեդերացիայի գավաթի կանանց մրցությունում Գավաթը նվաճելու համար:

Այսքանով 2019 թ. արդյունքներով պարգևատրումներն ավարտվեցին, սակայն, ինչպես պարզվեց, դեռ կային պարգևներ, որոնք իրենց հասցեատիրոջն էին սպասում 2018 թվականից: Խոսքը Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի մասնակցությամբ ստեղծված «Կովկասի Գավաթ» միջազգային մրցության և այդ մրցությունում մրցանակային տեղեր զբաղեցրած Անդրանիկ Հարությունյանի և Տիգրան Մկրտչյանի պարգևների մասին է: Ինչ-ինչ պատճառներով նրանք Վրաստանում ներկա չեն եղել մրցանակաբաշխությանը, սակայն «Կովկասի Գավաթ» մրցության կազմկոմիտեն հավուր պատշաճի այդ Գավաթներն ուղարկել է Հայաստան: Մարզիկներին գավաթները հանձնեց Ֆեդերացիայի նախագահության անդամ Արտավազդ Յախշիբեկյանը:

Ֆեդերացիայի՝ 2019 թ. միջոցառումների արդյունքներով պարգևատրումների արարողությունն ավարտվեց գեղեցիկ ձևավորված սեղանների շուրջ միմյանց ուղղված բարեմաղթանքներով և գալիք Ամանորի շնորհավորանքներով:


Ավտոմոբիլային ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031