Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջազգեստս ամբողջությամբ արյան հետքերի մեջ էր». վկան՝ Սարի թաղի հայտնի երթի մասին

Դեկտեմբեր 23,2019 16:23

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց թոշակառու Սուսաննա Պողոսյանը, որն ինչպես նախորդ վկա Ստելլա Աղաջանյանը, 2016թ.-ի  հուլիսի 29-ին Ազատության հրապարակից քայլել է մինչեւ Սարի թաղ՝ մասնակցելով «Սասնա ծռերի» պաշտպանության երթին:

Նա էլ դատարանում պնդեց, որ Անդրիաս Ղուկասյանը, իր խոսքով, «որեւէ ահաբեկչական գործողություն» չի արել, եւ որ քաղաքացիների երթը խաղաղ է եղել:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետեւանքով տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ էին տուժել, ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ մեղադրող կողմը կատարվածը զանգվածային եւ կազմակերպված անկարգություններ է համարում: «Մեր երթում կային դպրոցահասակ երեխաներ, տարեցներ, սայլակներով կանայք, սիրիահայեր: Որեւէ վտանգավոր մարդ չկար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի մասնակցությանը, տիկին Պողոսյանը վստահեցրեց, որ նա որեւէ հրահրող գործողություն չի արել. «Նա ոչինչ չի արել, ինչքա՞ն կարելի է ասել: Մենք պարզապես ուզում էինք «Սասնա ծռերին» ասել, որ ժողովուրդն իրենց հետ է»:

Սուսաննա Պողոսյանը ոստիկանական լուսաձայնային նռնակների կիրառումից հետո ստեղծված իրավիճակը «Սոդոմ-Գոմոր» որակեց. «Եթե քույրս եւ նրա երեք աղջիկները չլինեին, ես կտապալվեի…»:

Տիկինը նշեց, որ ինքը մարմնական վնասվածքներ չի ստացել, բայց դեպքի վայրից հեռանալիս շրջազգեստն ամբողջությամբ հայտնաբերել է արյան հետքերով. «Մի կողմում ծառեր էին այրվում, ձայնային նռնակներն այնքան արագ էին իրար հետեւից գնում, որ ամեն մեկս մտածում էր ոնց ճողոպրեր, որ դրանցից խուսափեր»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք տեսե՞լ է քաղաքացիական հագուստով ենթադրյալ ոստիկաններին, որոնք, ըստ գործի այլ ցուցմունքների, մտել են երթի մասնակիցների շարքերը եւ մահակներով հարվածել: Սուսաննա Պողոսյանը նշեց՝ տեսել է մի խումբ անձանց, որոնք մահակները ձեռքին հեռացել են տարածքից. «Մտածում էինք՝ բա ոստիկանները սրանց ո՞նց թողեցին գնալ: Հետո գլխի ընկանք, որ իրենցից են»:

Հավելենք, որ առաջիկա նիստերում Անդրիաս Ղուկասյանի գործով որպես վկա պետք է հարցաքննվեն նաեւ լրագրողներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031