Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն իբր տեղյակ չէ. ի՞նչ կրակոց, ի՞նչ մարտի 1, ի՞նչ սնայպերներ, ի՞նչ փաստաթղթեր փոխել, որ հիմա չքմեղանում է». Արամ Մանուկյանը

Դեկտեմբեր 23,2019 16:10

«Ես վատ եմ զգում, երբ ռևանշիստներին կամ մաֆիոզ կլաններին, որոնք երկիրը քայքայել են, հանկարծ ընդդիմություն են կոչում»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով իրենց ընդդիմադիր կոչող ուժերի միավորմանը:

Նա նշեց, որ այդ ուժերը չունեն բարոյական, քաղաքական աջակցություն. ատելությունը, զզվանքն ու արհամարհանքը նրանց նկատմամբ բավականին շատ է: Բայց նաև նշեց, որ նրանք ունեն լուրջ լծակներ ու մեդիամիջոցներ և գողացված փողեր:

Արամ Մանուկյանը հիշեցրեց՝ մենք տեսել ենք հոկտեմբերի 27, մարտի 1, գիտենք, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնց համար խորթ չեն այդ մեթոդները. «Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրություններ հավաքելը, Վերնատունը՝ ներքնատան նման, հասարակության կողմից մերժվածների հավաքները հենց ցույց են տալիս, որ բոլորին հավաքում են նավի վրա, որ իմանանք՝ ովքեր են եղել: Ռոբերտ Քոչարյանի աջակցողները պիտի բարոյականություն ունենան, խիղճ ու համարձակություն ունենան մարտի 1-ի զոհերի հարազատների, իրենց երեխաների աչքերին նայելու: Բայց իրենք գնում են այդ բանին»:

Հարցին՝ կա՞ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջիկա մեկ տարում պետք է հնարավորինս արագ փորձի բարեփոխումներ իրականացնել, դրանից մեկ տարի հետո լինելու է տասնապատիկ դժվար: Սահմանադրական փոփոխությունների պետք է գնալ այն ժամանակ, երբ դեռ վստահություն ունես, նույնը վերաբերում է Ընտրական օրենսգրքին: Գնա համարձակ քայլի, երբ դու ձիու վրա ես, երբ տիրապետում ես իրավիճակին»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ թե մինչև իր՝ նախագահ դառնալը ՀՀ-ն դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքին, որ իր նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, Արամ Մանուկյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը, որ ցինիկի նման ասում է՝ ես որ եկա, Հայաստանն աղքատ էր, տո լավ մարդ, եկար, Հայաստանի ամբողջ ռեսուրսները՝ մարդկային, ֆինանսական նյութական, Ղարաբաղ էր, չէ՞, գնում: Ես երկու անգամ ՀՀ-ի կառավարության նիստի եմ մասնակցել, որը տեղի է ունեցել Ստեփանակերտում, և Ռոբերտ Քոչարյանը նստած ասում էր, թե ինչ է պետք Ղարաբաղին՝ մեքենա, անասուն, սերմ, վառելիք, հացահատիկ: Եվ քննարկում էլ չէր գնում. Ղարաբաղի համար ինչ անհրաժեշտ էր, ՀՀ նախարարներն անմիջապես տեղում որոշում էին կայացնում և ուզածն՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի պահանջի գնում էր Ղարաբաղ, քանի որ հայ ժողովրդի ճակատագիրը Ղարաբաղում էր որոշվում: Ու այդքանից հետո մարդը գա ՀՀ ու ասի՝ Հայաստանն աղքատ էր, ես որ եկա…բա ի՞նչ պիտի լիներ:

Մի բան էլ նրա մասին, իհարկե, փորձում էի նրա մասին չխոսել…Հիշո՞ւմ եք, որ ասում է ես նախագահ էի և′ այնտեղ, և′ այստեղ, և չկար որոշում, որի մասին տեղյակ չլինեի. բոլոր քայլերն արվում էր իր հետ համաձայնությամբ, թե անկախության հռչակագիրն էլ էր իր ձեռքով գրել. մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը հայերեն գրել չգիտեր: Դրանից հետո ուզում եմ հարց տալ՝ իսկ որ Ղարաբաղից զորքերը բերում էին ՀՀ, սահմանից զորքերը բերում էին Հայաստան, Ղարաբաղի համար բոլոր կռված՝ մարմնի մեջ բեկորներով տղաները բանտերում հայտնվեցին, տեղյակ չէ՞ր դրա մասին, որ հիմա չքմեղանում ես: Տեղյակ չէ. ի՞նչ կրակոց, ի՞նչ մարտի 1, ի՞նչ սնայպերներ, ի՞նչ փաստաթղթեր փոխել, ի՞նչ մեկ տարվա ընթացքում ամբողջ փաստաթղթային բազայի փոխել, ու այս մարդը ղեկավարել է մեր երկիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031