«2019 թվականին շուրջ 483 սուբվենցիոն հայտ էր հաստատվել, որից 462 ծրագիր կյանքի է կոչվել կամ գոնե 2020-ին կավարտվի: Դրանք 16.4 միլիարդ դրամի ծրագրեր են, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6.8 միլիարդ, իսկ պետական ֆինանսավորումը` 9.6 մլրդ դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր խոստման համաձայն` 10 միլիարդ դրամի շրջանակներում տրամադրել է 9.6 մլրդ դրամ պետական ֆինանսավորում, որի արդյունքում մենք համայնքներում ունենք զգալի ձեռքբերումներ»,-այսօր այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` տարեվերջյան ասուլիսում։
Նախարարն ամփոփեց նախարարության մեկ տարվա աշխատանքները։ Նրա խոսքով, կառավարությունն իր խոստման համաձայն` 10 միլիարդ դրամի շրջանակներում տրամադրել է 9.6 միլիարդ դրամ պետական ֆինանսավորում, որի արդյունքում մենք համայնքներում ունենք զգալի ձեռքբերումներ։ Նախարարը կարեւոր համարեց սուբվենցիոն ծրագրերը, քանի որ դրանք պետություն-համայնք համագործակցության արդյունք ենք։
«Մենք այս ճանապարհով փորձում ենք տարբեր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ունեցած հնարավորությունները, որոնք պատրաստ են տրամադրել համայնքին, օգտագործել համայնք-պետություն համագործակցության շրջանակում` ի շահ համայնքի»,-ասաց Պապիկյանը։ Նրա տվյալներով, սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս տարի կատարվել են 112 կմ ասֆալտապատման աշխատանքներ` համայնքային համաֆինանսավորմամբ, պետական եւ մասնավոր աջակցությամբ. «Սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է նաեւ խմելու ջրի ու ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր: 32 համայնքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ»։
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ