Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյան. «Այս տարին տնտեսական հիասթափության տարի էր»

Դեկտեմբեր 23,2019 15:38

«Այս տարին ես կհամարեմ տնտեսական հիասթափության տարի, որովհետեւ  տարեսկզբին հայտարարվեց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, սակայն կարեւոր քայլեր այդպես էլ չտեսանք»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Հոդված 3» ակումբում  ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ 2019 թվականի տնտեսական արդյունքների մասին քննարկմանը:

Նա նաեւ նշեց՝ այս տարի կային դրական քայլեր՝ հարկային քաղաքականությունն էր, հարկային մուտքերի ավելացումը, բայց մնացած բնագավառներում կա աճի դանդաղում. «Ինձ համար ցանկալի կլիներ հասկանալ՝ տնտեսական իրակա՞ն աճ է եղել, թե՞ ստվերի կրճատման հաշվին, եկամուտներ կայի՞ն, ցույց չէի՞ն տալիս, թե՞ սկսեցին եկամուտներ առաջանալ: Տնտեսական հեղափոխության օրինակ են բերում, ասում են՝ մոնոպոլիաներ չկան: Կուզենայի նշեին 5 ընկերություն, որոնք զբաղեցրել են մոնոպոլ դիրք 2018-ի մայիսին, որոնք 2019 դեկտեմբերի 23-ին չկան: Ասում են՝ կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա չկա: Ուզում եմ հասկանալ՝ համակարգային կոռուպցիայի եւ կոռուպցիայի 3-5 չափանիշները: Ունենք գործազրկության կրճատում մոտ 46 հազար մարդով, բայց աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 51 հազար 500 մարդով: Այսինքն՝ գործազուրկները գնացե՞լ են, դրա համար էլ կրճատվե՞լ է: 2017-ին 13 հազար 500 աշխատանքային միգրանտ կար,  2018-ին՝11 հազար, 2019-ին՝ 14 հազար 200: Ասինքն՝ թվերը եթե նայենք՝ ամեն ինչ այդքան աննախադեպ լավ չէ: Լավ է օրինակ զբոսաշրջության աճը»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ նշեց՝ ռազմավարական ծրագրերի բացակայության, կապիտալ ծախսերի իրականացման, ներդրումների առումով կան խնդիրներ: Որպես դրական օրինակ, Խաչատրյանը նշեց՝ կառավարությունը նախկինում կուտակված պարտքերը վերադարձրել է, բայց մրցակցության առումով խնդիր կա. «Ազատ մրցակցությունը բացի ազատ մուտք ու ելքից, նաեւ գերիշխող դիրքի չարաշահման բացահայտումն է. «Պետք է այնպես անել, որ գերիշխող դիրքը տնտեսվարողները չչարաշահեն»:

Արկադի Խաչատրյանը նաեւ նկատեց՝ պետական գնումների մրցույթներում կան խնդիրներ՝ կառավարության այդ ոլորտում կատարած փոփոխությունը լրջագույն խոչընդոտ է փոքր ու միջին բիզնեսի համար, ՓՄՁ-ն, որը խնդիր ունի աճելու, զարգանալու, մեծ կապիտալ չունեն, բանկերը երաշխիք չեն տալիս, այն ինչ պահանջվում է կառավարության փոփոխմամբ, եւ այդպիսով ՓՄՁ-ն նվազ մրցունակ է դառնում:

«Տնտեսական աճի որակը կդիտվի դրական, եթե դրա գերակշիռ մասը լինեն արտահանելի ճյուղերը»,-ասաց Արկադի Խաչատրյանը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց՝ տնտեսական աճի ցուցանիշները գերազանց չեն, բայց լավն են. «Թե՛ տնտեսական աճի ցուցանիշով, թե՛ տուրիզմի, թե առանձին ոլորտի ցուցանիշներով բավականին լավ արդյունքներ ենք գրանցել, որով առաջատար ենք մեր տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների շարքում։ Մենք էլ ենք կիսում այդ որոշակի մտահոգությունները, որոնք կան, եւ աճի ցուցանիշը՝ կլինի 7%, թե՝ 10%, դա բավարար չէ ասելու՝ ամեն ինչ լավ է: Ավելի կարեւոր է  աճի որակը, թե ո՞ր ճյուղերում է աճը եղել, ներառակա՞ն է եղել, թե՞ ոչ:  Մեզ համար կարեւոր է ոչ միայն աճ ունենալ, այլեւ՝ զարգացում:  Տարվա ընթացքում օրենսդրական կարգավորումների առումով բավական քայլեր են կատարվել, որոնք հիմնականում ուժի մեջ կդրվեն եկող տարվա սկզբից։ Քայլեր կան, որոնց ազդեցությունը մեր հասարակությունը հաջորդ տարվանից անմիջապես զգալու է՝ օրինակ՝ նվազագույն աշխատավարձի աճը, թոշակների բարձրացումը, չնայած քիչ է, բայց մարդիկ զգալու են: Հարկային փոփոխություն է կատարվել՝ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցում է լինելու, շահութահարկի նվազեցում, նախատեսվում է ներդնել միկրոբիզնեսի շեմ, դրանք նույնպես, թե՛ բիզնեսը, թե՛ վարձու աշխատողներն իրենց գրպանի վրա կզգան»:

Թունյանը նկատեց՝ տնտեսական աճի տեմպը լավ է, սակայն խնդիրներ դեռ  կան. «Այդ խնդիրներից կառանձնացնեի մեր արագությունը: Կարծում եմ՝ մենք մի քիչ ավելի արագ այդ փոփոխությունները պետք է իրագործենք, որովհետեւ ակնկալիքներն ու սպասելիքները մեծ են, աշխարհն էլ շատ արագ զարգանում է: Բայց ընդհանուր առմամբ, այս պահին մտահոգիչ որեւէ հանգամանք չկա: Համոզված եմ, հաջորդ տարի շատ ավելի լավ ենք առաջ գնալու, հասարակությունն էլ ավելի անմիջական է աճի ազդեցությունը զգալու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբ – #Article3 Club-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031