Իրավապաշտպան Արման Ղարիբյանն այսօր գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույց է անցկացրել. պահանջը կրկին նույնն էր՝ գլխավոր դատախազի հրաժարականը: Հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը Արման Ղարիբյանը վերսկսել է, իր խոսքով, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածության խախտումից հետո:
Արման Ղարիբյանի խոսքով, դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում հանդիպել է«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետ. «Ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մեր դիմումի հիման վրա Պետաիրավական հարցերի հանձնաժողովը նիստ կգումարի ու կհրավիրի մեզ, եւ մենք տեղում կներկայացնենք փաստեր ու հիմնավորումներ, թե ինչու ԱԺ-ն պետք է նախաձեռնի գլխավոր դատախազի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Մեր ներկայությամբ Լիլիթ Մակունցը զանգեց հանձնաժողովի նախագահին, ասաց՝ այսպիսի հարց կա, հաջորդ շաբաթ հանձնաժողովի նիստ գումարեք, հրավիրեք այս մարդկանց: Հանձնաժողովի նախագահն ասաց՝ այո: Վերջերս մենք ստացանք նամակ Լիլիթ Մակունցից, որը նա դեռ գրել է դեկտեմբերի 12-ին ՝ մեր հանդիպումից մոտ մեկ շաբաթ անց, որտեղ ասվում է՝ խնդրում եմ ներկայացնել Ձեր կողմից ներկայացված դիմումում նշված փաստերի հիմնավորումներ, քանի որ առանց դրանց ծանոթանալու ու մանրամասն ուսումնասիրելու, հնարավոր չէ գնահատել դիմումում ներկայացված պնդումների հիմնավորվածությունը: Խմբակցությունը չի կարող նախաձեռնել համատեղ քննարկում առանց պատշաճ հիմքերի: Սա այն դեպքում, երբ այդ օրերին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը լիքը փաստեր է ներկայացրել ԱԱԾ-ին գլխավոր դատախազի կատարած ապօրինությունների մասին՝ իր ունեցած բոլոր տեղեկությունները հայտնելով: Այսինքն, Մակունցը մեզ հետ համաձայն էր, թե ինչ եղավ մեկ շաբաթում, որ նա հետ քայլ արեց, կարող եմ միայն ենթադրել, որ ներքին խմորումներ, ճնշումներ Մակունցի նկատմամբ, ես չեմ բացառում, որ ընդհուպ մինչեւ վարչապետի կողմից: Կներեք, բայց ուղղակի «պադստավկա են» արել խմբակցության ղեկավարին, նա խայտառակվեց, խոստացավ մի բան, ի պաշտոնե հանձնարարեց, բայց մեկ շաբաթ հետո ասաց՝ մենք փոշմանեցինք, սա անլուրջ մոտեցում է պետական խոսքի նկատմամբ»:
Անդրադառնալով գլխավոր դատախազի, իրավապաշտպանի պնդմամբ՝ ապօրինություններին՝ Արման Ղարիբյանը պարզաբանեց՝ ինչ նկատի ունեն. «Մենք կրկնում ենք այն, ինչ ժամանակին ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից: Մարտի 1-ի գործով հանցավոր անգործությունը, այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը զրո տեղաշարժ Մարտի մեկի գործով եւ «Հաց բերողի» մահվան պատասխանատվությունը, հենց Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թիվ մեկ պատասխանատուն գլխավոր դատախազն է: Ես այսօր տիկին Մակունցին մի սկավառակ եմ ուղարկել ի պատասխան իր նամակի, այդ սկավառակում տեսաձայնագրել եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ժամանակ նա ԱԺ-ում 4 քուանշ տվեց գլխավոր դատախազին: Ես տիկին Մակունցին պատասխանում եմ իրենց քաղաքական առաջնորդի բերանով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից: