Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսից հետո սոցցանցերում քննարկվում էր այն հարցը, թե ով էր ասուլիսի ժամանակ «Պուտինը հայերի նախագահն է» գրությամբ պաստառի հեղինակը:
Պարզվել է, որ նա երիտասարդ լրագրող Մարիա Լակատուշն է Կիսլովոդսկից:
«Իմ պաստառում ոչ մի սադրանք կամ քաղաքական ենթատեքստ չկա: Այդպիսով, ես պարզապես ցանկանում էի հրավիրել ռուսական պետության ղեկավարի ուշադրությունը, որպեսզի իմ հարցը տամ:
Նախագահին ուղղվելիք իմ հարցը չեմ պատրաստվում բարձրաձայնել, որովհետև, նախ, ունեմ մասնագիտական գաղտնիք պահելու իրավունք, երկրորդ, հույս ունեմ, ապագայում դեռ հնարավորություն կունենամ այդ հարցը տալու»,- ասել է Լակատուշը kavkaz.mk.ru-ի հետ զրույցում:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում ապրող 145 միլիոն մարդու նախագահն է, իսկ նրանց մեջ մեծ հայկական համայնք կա, որի թիվը հավասար է Հայաստանի բնակչությանը: «Եթե շարունակենք այդ տրամաբանական գիծը, ապա Սարգսյանը, Թրամփը, Մակրոնը և անգամ Ասադը նույնպես հայերի նախագահն են»,- ասել է Լակատուշը:
Հարկ է նշել, որ իսկապես, ամեն տարի Պուտինի ամենամյա ասուլիսից հետո քննարկումների առանձին առարկա են դառնում ասուլիսի ժամանակ բարձրացված պաստառները, որոնցով լրագրողները ցանկանում են ուշադրություն գրավել և հարցի իրավունք ստանալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ