Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա մի ժամանակ, երբ «կուշտ ստամոքսն ու «լայվերը» խնդիր չեն լուծելու». Կարեն Բեքարյան

Դեկտեմբեր 23,2019 15:01

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հետաքրքիր ձեռագիր ունի, քանի որ իշխանությունից եկող պատասխանը երբեք չեն արտացոլում հարցադրումները: Այդ մասին բանախոսն այսօր խոսեց «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած «Բանակցային գործընթացը եւ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ: Այս նույնն, ըստ նրա, իրականացվում է նաեւ արտաքին քաղաքական դաշտում. «Խնդիրներ ես առաջադրում հայ-ռուսական հարաբերությունների մասով, մարդը դուրս է գալիս եւ հայտարարում, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևէ այսքան լավը չեն եղել: Հայտարարում է`հայ-ամերիկյան հարաբերությունները բեկում կարձանագրեն. տակը ոչինչ չկա: Եվրոպական գործընկերները եւ այլն… ցավալի բան ասեմ, եվրոպական գործընկերները վերջին շրջանում ՀՀ-ի հետ շփվում են բացառապես շահերի դաշտում, արժեքային դաշտում որեւէ շփում չկա»:

Կարեն Բեքարյանը նաեւ ընդգծում է, որ իշխանության մանիպուլյատիվ հայտարարությունները հասարակ, այդ խնդիրներով չզբաղվող եւ դրանցում չխորացող մարդու մոտ տպավորություն են ստեղծում: «Կամ`հայտարարում է`ասում են`վարչապետը հող է հանձնում, բայց նման բան չկա: Ո՞նց մարդկանց բացատրես, որ հող հանձնելը անջատիչը չի: Դու կարող ես բանակցային գործընթացը տանել այն ուղղությամբ, որ հետագայում, տասնամյակների ընթացքում այն մեր շահերի դաշտ բերելը շատ բարդ կլինի»: Այս համատեքստում, բանախոսը նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի`Արցախի հարցում թողած ժառանգությունից հետո շատ բարդ եղավ գործընթացը բերել մեր շահերի դաշտ: Իհարկե, որ կային թերություններ եւ միգուցե մեր երազանքի արդյունքը չէինք արձանագրել, Կարեն Բեքարյանը չի վիճում, բայց ընդգծում է, որ կար մի իրավիճակ, որ Հայաստանի համար բարենպաստ էր: Մինչդեռ հիմա, նրա համոզմամբ, ձեռք բերած արդյունքները հերթով տապալելով գնում ենք:

«Տարիուկեսվա ընթացքում Ադրբեջանն իմիջ է ստեղծում, որ համեստորեն սպասում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, որ այնքան լավ ու դրական է տրամադրված ու տալիս է ժամանակ` բանակցային գործընթացում արդյունք ստանալու համար: Տվե՞լ է իրականում այդ ժամանակը. եւ այո, եւ ոչ: Տվել է այնքանով, որ բանակցային գործընթացում համբերության իմիտացիա է ստեղծել, ՀՀ վարչապետը բանակցային պատմությանը սկսել է ծանոթանալ Ադրբեջանի նախագահի հետ: Պարզվում է՝ Հայաստանում ու Արցախում մարդիկ չկային, ում հետ կարելի էր ծանոթանալ: Միեւնույն ժամանակ, այդ ողջ ընթացքում Ադրբեջանը իրականացրել է աշխատանք՝ շփման գծի երկայնքով, բանակցային օրակարգից իր համար անընդունելի կետերը վերացնելու, արտաքին աշխարհում իր իմիջը բարձրացնելու, այդ թվում՝ բանակցային գործընթացի եւ հակամարտության կարգավորման հարցով»,- ասաց նա`հավելելով, որ այդ ընթացքում մենք սեփական հանրության մեջ մտցրել ենք կեղտոտ ցեցը, որ մեր համար ոչինչ կարեւոր չի, բացի մեր լավ ապրելուց, ինչը դրանից դուրս է, դա գլխացավանք է. «Տեսեք թե ի՞նչ թեմաներն են այսօր թոփ, նայեք, թե ի՞նչ թեմաներ է թոփ դարձնում անձամբ վարչապետը եւ փորձեք դրանցում ազգային ինչ-որ բան գտնել: Ընդամենը օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին ունեինք բավական լուրջ միջադեպ. տեսե՞լ եք արձագանք, «լայվ» մտնել, տեսե՞լ եք, որ այդ թեման կարեւոր է: Ոչ` չեք տեսել, որովհետեւ այդ թեման գլխացավանք է, այն պետք է դուրս բերել հանրային դիսկուրսից եւ օրակարգից, ինչն էլ արվում է բավական հետեւողականորեն»:

Բարոյահոգեբանական դաշտը ջախջախելը եւ ամենը հասցնելն ամենառաջնային, կենցաղային խնդրի, Արցախի՝ որպես սուբյեկտ հետեւողական վերացնելը, ըստ Կարեն Բեքարյանի, պատահականությունների համախումբ չէ:

Հայաստանում առկա իրավիճակը, բանախոսը չի համարում նախկիններ -ներկաներ, վարչապետին սիրել-չսիրելու հարթությունում, ավելին, ասում է դրանք միմյանց հետ կապ չունեն. «Էդ զանգը ո՞նց խփել, որ մարդիկ այդ ամեն ինչից վեր կանգնեն: Եվ երբ այս պետությունը, մեր մյուս պետությունը` Արցախը, կանգնեցին խնդրի առաջ, ոչ մեկին չի հուզելու ներսում`ով է սեւ, ով սպիտակ, կարմիր կամ կանաչ, նախկին, ներկա: Այդ ժամանակ կուշտ ստամոքսը եւ լավերը խնդիր չեն լուծելու»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031