Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարկերիս հաշվին մինչեւ վերջ զինված ոստիկան չէի տեսել». վկան՝ 2016թ.-ի Սարի թաղի ցույցի մասին

Դեկտեմբեր 23,2019 13:18

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Ստելլա Աղաջանյանը: Նա դատարանին հայտնեց, որ Ղուկասյանին ճանաչում է համատեղ պայքարից, բարեկամական կապեր չունի:

2016թ.-ի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Ստելլա Աղաջանյանը պատմեց՝ ամսի 29-ին գնացել է Ազատության հրապարակ հավաքի, հետո՝ երթի ընթացքում Անդրիաս Ղուկասյանի հետ թեւանցուկ քայլել մինչեւ Սարի թաղ. «Տեսագրությունները կան»: Դատավոր Վարդան Գրիգորյանը վկայից հետաքրքրվեց՝ «ինչո՞ւ գնացիք Սարի թաղ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/645000322908396/

Վկա-Դա հավաք էր ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

Դատավոր-Ո՞վ ասաց, թե ուր եք գնալու եւ ինչի համար:

Վկա-Հատուկ ասող չի եղել, մենք քայլել ենք դեպի Խորենացի:

Դատավոր-Գնացիք Սարի թաղ, որտե՞ղ կանգնեցիք, ինչո՞ւ, ի՞նչ եղավ:

Վկա-Մեր համար խաղաղ գնացել ենք, թեքվել Սարի թաղ: Բարձրացանք, տեսանք, որ ներքեւում ոստիկաններ կային, կուտակումներ էին լինում: Մեզ չէին թողնում ներքեւ իջնել: Անդրիասը, Արմեն Մարտիրոսյանը, բոլորն այդտեղ էին: Հրահրումները եղել են ոստիկանների կողմից, անընդհատ ուզում էին, որ ինչ որ անկարգություններ լինեն, մինչդեռ մարդիկ վանկարկում էին, որպեսզի իրենց ձայները լսելի լինեին «Սասնա ծռերին»: Թե ինչու էին վահանավորվել, երբ ամբոխի մեջ կային թեւը եւ ոտքը կտրած տղամարդիկ, կանայք…Մեր եւ ոստիկանների միջեւ բախում չի եղել, բայց իրենց մեջ անընդհատ ինչ-որ շարժ կար: Այդ ամբոխն այնտեղ չէր՝ ՊՊԾ-ն գրավելու համար, թե ինչու էին ոստիկանները մինչեւ ատամները զինվել, չգիտեմ:

Դատավոր-Հետո ի՞նչ եղավ:

Վկա-Հենց այնպես նռնակներ բաց թողեցին՝ լուսաձայնային նռնակներ, մարդիկ էլ խուճապի մատնվեցին, դես ու դեն վազեցին: Արմենին քաշեցին տարան: Որեւէ մեկը չի ասում, որ ժողովուրդը 200 մետր հեռու էր իրենցից, ինչո՞ւ նռնակ նետեցին: Անդրիասն էլ կանգնած էր, որ ժողովուրդն առաջ չգնար: Ես տեսել եմ, որ մեկը նռնակը քաշում էր: Ոստիկանների մեջ նռնակավոր կար: Աղբամանի մոտ պատսպարվեցի:

Ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանը հետաքրքրվեց՝ եղե՞լ են քարեր նետելու եւ ագրեսիվ կոչեր:

Վկա-Ոչ, ոչ մի կոչ չի եղել, ագրեսիվ բան չի եղել: Անգամ անոտք մարդն էր խաղաղ եկել:

Անդրիաս Ղուկասյան-Ըստ գործում առկա ցուցմունքներից մեկի՝ ես Ազատության հրապարակում առանց բարձրախոսի կոչ եմ արել քարեր հավաքել, որպեսզի Սարի թաղում ոստիկանական պատնեշը ճեղքենք:

Վկա-Նման բան չի եղել: Ես անդադար թեւանցուկ եմ եղել Ձեզ: Դուք նման բան չեք արել:

Անդրիաս-Ժողովրդի կողմից ոստիկանների հանդեպ ագրեսիա եղե՞լ է:

Վկա-Ոչ, ժողովրդի կողմից ագրեսիա չի եղել: Մի երիտասարդ ոստիկան էր, ես ոտքի ծայրից սկսած եւ իմ հարկերի հաշվին նման զինված մարդ կյանքում չէի տեսել: Ինչո՞ւ էին նման կերպ զինվել: Մարդիկ ուրախ էին, վանկարկում էին «Սասնա ծռերի» անունները: ՊՊԾ գունդ գնալու կոչեր չեն եղել: Այդքան անխելք էինք, որ կանանց եւ երեխաներին գունդ պետք է տանեի՞նք: Փոստանջյան Զառան բղավում էր, թե ի՞նչ եք կռիվ սարքում, բայց ակնհայտ էր, որ ոստիկաններն ուզում էին ինչ-որ բան հրահրել:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետեւանքով տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ էին տուժել, ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ մեղադրող կողմը կատարվածը զանգվածային եւ կազմակերպված անկարգություններ է համարում:

Ի դեպ, ցուցմունք տալիս վկա Ստելլա Աղաջանյանը մի պահ նայեց գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին ու ասաց. «Ձեզ չէի տեսել, սիրուն մարդ եք, թե ինչի եք այդպես…»: Դատավարության կողմերը ժպտացին, դատավորն էլ կոչ արեց նման արտահայտություններով չդիմել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031