Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր կողմ են «փուլ առ փուլ» տարբերակին, թող գնան Մատաղիսում բնակություն հաստատեն. Դավիթ Շահնազարյան

Դեկտեմբեր 23,2019 12:14

«Ունենք մեզ համար շատ կարեւոր օրակարգի կորուստ»,- այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած «Բանակցային գործընթացը եւ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ, խոսելով հարցի մասին`ի՞նչ ունենք այսօր Արցախի հարցով բանակցային գործընթացում, ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը: Խոսքը Վիեննա-Սանկտ Պետեբուրգ օրակարգի մասին է, որը վերաբերում էր շփման գծում միջոցառումներ իրականացնելուն եւ ինչի արդյունքում, բանախոսի համոզմամբ, Ադրբեջանը ծուղակի մեջ էր:

Խոսելով ՀՀ իշխանության առաջարկած օրակարգի մասին`Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առնչությամբ, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ դա արվեց շատ ոչ պրոֆեսիոնալ. «Իրենց թվաց, թե մեկ հայտարարությամբ դա կարելի է անել, մինչդեռ դա տարիների աշխատանքի արդյունք էր: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը լեգիտիմ կարգավիճակ է ստանում: Դա չափազանց վտանգավոր հարց է»:

Արցախի ինքնորոշման հարցը, բանախոսի կարծիքով, էապես թուլացել է եւ ներկայիս իշխանությունը չի հետապնդում այդ սկզբունքը, իսկ հրապարակ նետված բանաձեւը, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, հակասում է ինքնորոշման սկզբունքին:

«ՀՀ իշխանությունը այս երկու տարվա ընթացքում գրեթե չի խոսել այն մասին, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը եւ այն շարունակել է 2016-ին: Ավելին, վերջին ամիսներին Ադրբեջանը ներկայացվում է իբրեւ ագրեսիայի զոհ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը`հավելելով, որ այս քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ստացել է նոր`մեծ քանակությամբ փաստարկների զինանոց, որով կարող է արդարացնել իր հերթական ռազմական հարձակումը`միջազգային հանրության առաջ: Դավիթ Շահնազարյանն արձանագրում է. «Առաջին անգամ է, որ միջազգային հանրությունը եւ Հայաստանը մի դիրքում են, Հայաստանը`այլ եւ, ըստ էության, մեկուսացված»:

Անդրադառնալով հարցին`ի՞նչ է բանակցային սեղանին, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Որքան էլ ՀՀ իշխանությունները հերքեն, սեղանին դրված է փուլ առ փուլ տարբերակը. սա ասվել է ԱՄՆ-ին, ՌԴ-ի, ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցչի կողմից: Սա նշանակում է առանց համաձայնություններ ձեռք բերելու`հետագայում հանրաքվե անցկացնելու մասին, որոշակի քանակությամբ տարածքներ վերադարձնել: Այստեղ բացարձակ կարեւոր չէ, թե քանի շրջան»: Բանախոսն ընդգծում է`ի տարբերություն ՀՀ իշխանությունների, մեզ համար սա անընդունելի է`աշխարհաքաղաքական անկայունության եւ մեծ տարածաշրջանում ընթացող զարգացումների ֆոնին. «Հույս ունենալ, որ միջնորդները մի քանի տարի հետո ինչ-որ բաներ կիրականցնեն, աբսուրդ է: Շփման գծի ողջ երկայնքով ստեղծված անվտանգության համակարգից եթե մեկ քար էլ հանվի, այն կփլվի ամբողջությամբ: Եվս մեկ փաստարկ կա, որի մասին հրապարակային չեմ խոսել`համարելով, որ չի կարելի: Բայց հիմա վիճակն այնքան օրհասական է, որ կխոսեմ. պատկերացրեք, եթե համաձայնություն լինի, մի քանի ինչ-որ գյուղեր վերադարձվեն Ադրբեջանին, ի՞նչ կսկսվի Արցախում: Կա՞ երաշխիք, որ արցախցին ամուր կմնա իր հողում: Ովքեր որ կողմ են դրան, թող գնան Մատաղիսում բնակություն հաստատեն, հետո դա անեն»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ նկատեց. «Ռազմական գործողությունների վտանգն անխուսափելի է եւ այդ ժամանակ պետք է անընդունելի լինի, որ այս իշխանությունը ղեկավարի այդ գործողությունները»: «Չնայած այս իշխանությունների ջանքերին», նա որեւէ կասկած չունի, որ Արցախը, նույնիսկ որեւէ թղթի վրա, չի հայտնվելու Ադրբեջանի կազմում, շփման գիծն էլ չի փոխվելու: Ասում է`հույսներս մեզ վրա պետք է դնենք, համախմբվելու հարցում մի քիչ դանդաղում ենք, բայց…

«Վերջերս բոլորս հանկարծ իմացանք, որ ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխություն է եղել: Այս ազդակները անհանգստացնում են մեզ, նաեւ միջազգային հանրությանը, որոնք փորձում են հասկանալ, թե ի՞նչն է փոխվել»,- իր խոսքը եզրափակեց բանախոսը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031