Երեք տարի առաջ հունվարին Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվողների «Չորսի գործը»: Վեց նիստ հետո դադարեցվեց իմանալ-չհայտնելու մեջ մեղադրվող Դիանա Գորոյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Վերացվեց նրա խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տասը նիստ հետո՝ 2016թ. օգոստոսի 10-ի դատավճռով Ռաֆիկ Պապոյանը ճանաչվեց մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 14 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Ռաֆիկ Պապոյանի պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015թ. մայիսի 28-ից:
Կարինե Ղումաշյանը ճանաչվեց մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 12 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Նրա պատժի կրման սկիզբը 2015թ. մայիսի 19-ից է:
Կարդացեք նաև
Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Ռաֆիկ Պապոյանի որդու՝ Սերգեյ Պապոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված եւ նրան վերագրված արարքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Սերգեյ Պապոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը վերացվեց:
2017թ. հունվարի 17-ին դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում բեկանվելուց հետո գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է (Կենտրոնի նստավայր)՝ դատավոր Գ. Պողոսյանի վարույթում:
Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել էր, Սերգեյ Պապոյանի վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.08.2016թ. դատավճիռը բեկանել եւ քրեական գործը նրա մասով ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Վերաքննիչ քրեական դատարանի գնահատմամբ. «Սերգեյ Պապոյանի ցուցմունքներն այն մասին, որ նա հրաժարվել է օտարերկրյա հետախուզության առաջադրանքով գործողություններ կատարել, կասկածի տեղիք են տալիս եւ միայն վերոնշյալ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ ուսումնասիրության հիման վրա կարելի է խոսել Ս.Պապոյանի անմեղության մասին: Դատարանն այս հանգամանքները հաշվի չի առել, Սերգեյ Պապոյանի մասով չի իրականացրել քրեական գործի բազմակողմանի եւ լրիվ քննություն՝ թույլ տալով ՀՀ Սահմանադրության 63, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126, 127 հոդվածների խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398 հոդվածով նախատեսված՝ դատավարական իրավունքի խախտում»:
Այս գործի նախաքննությունն իրականացրել էր ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Սեյրան անունով ներկայացած անձի կողմից եւ կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Կարինե Ղումաշյանն էլ, «բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը, ստանալով 1500 ԱՄՆ դոլար գումար, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել»: Կարինե Ղումաշյանը չի ընդունել իրեն մեղսագրվածը:
Անմեղ ճանաչված Սերգեյ Պապոյանն էլ Թբիլիսի քաղաքում հանդիպել է այն նույն Սեյրան անունով ներկայացած անձի հետ, հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլար գումար` վերոհիշյալ Սեյրանին տեղեկությունները հայտնվել է համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Բեկանելով՝ դատարանը ուշադրություն էր հրավիրել հետեւյալի վրա. «2014 թվականի դեկտեմբերին եկել է Հայաստան ու որդին` Սերգեյը պատմել է, որ երբ Էրիկի հետ հանդիպել է Թբիլիսիում, Էրիկը իրեն տվել է 500 ԱՄՆ դոլար եւ առաջադրանք, որ նա մտնի ծառայության որպես պայմանագրային զինծառայող ԼՂՀ-ում եւ հայտնի այդ ծառայության հետ կապված բոլոր տվյալները։ Թե ինչ է ներկայացել Էրիկը, ինչպես է առաջադրանք տվել, որդին չի մանրամասնել, միայն հայտնել է, որ գումարը վերցնելուց ու Հայաստան գալուց հետո, թողել եւ գնացել է Ռուսաստան, մերժել է Էրիկին, նա չասաց նաեւ, թե ինչու է մերժել եւ ինչ է հասկացել։ Ռաֆիկ Պապոյանը լրացուցիչ հարցաքննվելիս հստակեցրել է, որ Էրիկ անունով անձնավորությունը իրականում իրեն Սեյրան անունով է ներկայացել, ուղղակի տվել էր Էրիկ անունը եւ, չգիտես ինչու, վախենում էր ասել, որ իրականում նրա անունը Սեյրան է, իսկ Կարինե Ղումաշյանին Սեյրանը ներկայացել է արդեն Արման անունով։ Միաժամանակ նա հայտնել է, որ խուզարկության օրը տան համակարգչում առկա հաղորդագրությունները հենց այդ Սեյրանից են ստացվել եւ որ Սեյրանը զինծառայողներով էր հետաքրքրվում, պահանջում էր գտնել եւ իրեն ծանոթացնել զինծառայող բարեկամ ունեցող անձանց հետ։ Ինքը Թուրքիայում շինարարություն անելիս, ինչպես նաեւ Հայաստան զանգելիս, ծանոթացել է այնտեղ բնակվող մի շարք հայերի հետ, օրինակ` Վահան անունով մի նախկին զինծառայողի հետ, որը լեյտենանտ է եղել, հայտնի զինվորական է եղել, Նանո անունով մի կնոջ հետ, որը նախկինում ենթասպա էր աշխատել, ըստ իր խոսքերի՝ Վազգեն Սարգսյանի մոտ»։
Դատավճիռը ամբաստանյալներ Ռաֆիկ Պապոյանի եւ Կարինե Ղումաշյանի մասով թողնվել է օրինական ուժի մեջ` մերժվել էին պաշտպաններ Սիրանուշ Հարությունյանի եւ Աշոտ Ապրեսյանի վերաքննիչ բողոքները:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող, պատիժը կրող Կարինե Ղումաշյանի մասին «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր նրա եւ պաշտպան Աշոտ Ապրեսյանի բողոքը վարույթ ընդունել:
Նա չի ընդունել իր մեղքը, դիմել էր բարձր դատարաններ՝ իրեն արդարացնելու պահանջով: Այս քրեական գործով դատարանի գնահատմամբ, հիմնավորվել էր, որ Կ.Ղումաշյանը Արմանին տեղեկություն է տվել մահացած ու վիրավորված զինվորների մասին, ըստ պաշտպանական կողմի, այդ տեղեկությունները տրամադրելիս նա չի գիտակցել, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի կամ գործակալի հետ: Պաշտպանական կողմը չի ընդունել այս մեղադրանքը, նաեւ այն, թե սույն տեղեկությունները կարող էին վնասել ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանը:
Կենտրոնի նստավայրում քսանվեց նիստ է տեղի ունեցել մինչ օրս՝ վերաքննիչից ուղարկվելուց հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.12.2019