Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ գլխավորությամբ ընտանիքներում երեխաների` աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է

Դեկտեմբեր 23,2019 13:00

Փաստում են վիճակագիրները

2018թ.-ին մինչեւ 18 տարեկան երեխաների 1.5 %-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 29.2%-ն` աղքատության մեջ: Այս մասին փաստում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն` մանկական աղքատության վերաբերյալ իր զեկույցում: Ըստ նույն աղբյուրի, ծայրահեղ աղքատ եւ աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 1.0 եւ  23.5%-ը: Այսպիսով, կոմիտեի մասնագետների ներկայացմամբ, երեխաներն ավելի խոցելի են ե՛ւ ընդհանուր, ե՛ւ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը: Այս փաստաթղթից նաեւ տեղեկանում ենք, որ անցյալ տարի մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 23.9%-ը ստացել է ընտանեկան նպաստ: Ըստ սեռի, մանկական աղքատության պատկերը հետեւյալն է` աղքատ է աղջիկների 28.6 եւ տղաների՝ 29.8%-ը: Քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.7%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 1.3%-ի համեմատ:

Մասնագետները պարզել են, որ մանկական աղքատության ցուցանիշներն էապես տատանվում են` կախված տնային տնտեսությունում երեխաների թվաքանակից, կրտսեր երեխայի տարիքային խմբից, ինչպես նաեւ տնային տնտեսության գլխավորի բնութագրիչներից, այդ թվում` սեռից, կրթական մակարդակից ու զբաղվածության կարգավիճակից:

Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մինչեւ 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 38.2%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 2.7%-ը:

Մեր երկրում աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է 0-5 տարեկան երեխաների շրջանում: Կոմիտեի մասնագետները նշում են, որ աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր: Նշված ընտանիքներում աղքատ է երեխաների 32.8 %-ը, մինչդեռ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 15-18 տարեկան է, աղքատ է երեխաների 21.4%-ը: Ծայրահեղ աղքատության գծի համեմատ կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է 0-5 տարեկան կրտսեր երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում` 1.8%, մինչդեռ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 15-18 տարեկան է, այն ամենացածրն է` 0.6%:

Ըստ վիճակագիրների, կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի 22.5%-ը ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 35.6%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում, որտեղ ապրում են երեխաների 77.5%-ը, երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 27.4%:

Մանկական աղքատության վրա ազդող կարեւոր գործոններից է նաեւ տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է` 35.5%, քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը` 27.4%:

Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակը բարձր է:

«Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն` 43.5%, ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն` 46.2%, ունի միջնակարգ ընդհանուր կրթություն` 33.1%, միջին մասնագիտական կրթություն` 25.4%, համեմատ այն երեխաների, որոնք բնակվում են այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ գլխավորն ունի բարձրագույն կրթություն` 15.3%:

Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնք բնակվում են ոչ լրիվ միջնակարգ կրթություն ունեցողի գլխավորությամբ տնային տնտեսություններում: Տնային տնտեսության գլխավորի զբաղվածության կարգավիճակը նույնպես մանկական աղքատությունը կանխորոշող կարեւոր գործոն է»,-նշված է զեկույցում:

Ըստ փաստաթղթի հեղինակների, թե՛ աղքատության, թե՛ ծայրահեղ աղքատության ռիսկն ամենացածրն է այն տնային տնտեսություններում բնակվող երեխաների մոտ, որոնց գլխավորը վերջին յոթ օրվա ընթացքում կատարել է շահութաբեր որեւէ աշխատանք: Այսպես, այն տնային տնտեսությունների երեխաների շրջանում, որոնց գլխավորն աշխատում է, աղքատությունը կազմում է 25.1%` չաշխատողների 36.8%-ի համեմատ:

Տնային տնտեսության չափահաս անդամներից աշխատանք ունեցողների թվաքանակը նույնպես ազդում է մանկական աղքատության մակարդակի վրա:

Աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնց տնային տնտեսություններում 19-60 տարեկան չափահաս անդամներից ոչ մեկը չի աշխատում` 48.8%:

Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենացածրն է այն տնային տնտեսությունների երեխաների շրջանում, ուր աշխատում են ոչ միայն չափահասները: Պետք է նշել, որ երեխաների թվաքանակի գրեթե կեսը` 43.5%-ը ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, ուր աշխատում են ոչ բոլոր չափահաս անդամները` 19-60 տարեկան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031