Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեմմից մինչեւ գերնպատակ՝ Ազգային օպերային թատրոն

Դեկտեմբեր 23,2019 12:00

Հարցազրույց դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ

– Մաեստրո, մինչ օպերային թատրոնին վերաբերող հարցեր ուղղելը, հետաքրքիր է՝ «Գրեմմիին» մասնակցությունը ձեզ համար գերնպատա՞կ է: Հայտնի է, որ 2020թ. հունվարի 26-ին Լոս Անջելեսում անցկացվող այդ մրցանակաբաշխությանը ներկայանալու եք չորրորդ անգամ՝ «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում, ձեր ղեկավարությամբ Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի եւ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրած «A TE, O CARA»  ալբոմով: Ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, «Գրեմմի», «Օսկար» եւ էլի մեկ-երկուսի դեպքում թեեւ երբեւէ չի բարձրաձայնվել կոռուպցիայի մասին, բայց, այնուամենայնիվ, դա իսկապե՞ս բացառվում է:

– «Գրեմմիին» իմ մասնակցությունը գերնպատակ չէ: Կոնկրետ այս անգամ, երբ ստացա հրավեր, իսկապես հաճելի անակնկալ էր, ինչը, հավատացնում եմ՝ մտքովս չէր անցնի, քանի որ կոնկրետ այս անվանակարգում ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր ալբոմներից է ընտրություն կատարել: Անկասկած, կոռուպցիան բացառվում է, բայց, այդուհանդերձ, մինչ մրցանակաբաշխությունը եւ դրանից հետո էլ ծավալվում են տարաբնույթ խոսակցություններ:

– Թեեւ ընդունված է կոնկրետ թատրոնների դեպքում խոսել թատերաշրջանի կտրվածքով, բայց ձեր թույլտվությամբ եկեք  բացառություն անենք. կներկայացնե՞ք օպերային եւ բալետային ներկայացումների պրեմիերաները 2019 տարվա կտրվածքով:

– Հանդիսատեսին է ներկայացվել 5 օպերային պրեմիերա՝ համերգային եւ բեմականացման տեսքով: Դրանք են՝ Վերդիի «Աթիլլա», «Պարահանդես-դիմակահանդես», Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»,  Ջորդանոյի «Անդրե Շենյե» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաները:  Վերջինի պրեմիերան կայացել է 2018թ., Դուբայում եւ Քուվեյթում թատրոնի հյուրախաղերի ժամանակ: Ինձ հաճախ հարցնում են, թե  ինչու, ասենք, օպերաների պրեմիերաների թիվը՝ համերգային կամ բեմականացման ձեւաչափով, գերազանցում է բեմադրությունների թվին: Վստահ եմ, որ հարցի պատասխանը հայտնի է բոլորին, այդ թվում՝ հանդիսատեսին: Ոչ թե արդարանալու համար, այլ պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ, օրինակ, 4-5 օպերայի բեմականացումը կամ համերգային կատարումն արդեն ներկայանալի թիվ է ցանկացած հեղինակավոր թատրոնի համար: Բալետային մեկ ներկայացում ենք հանձնել հանդիսատեսի դատին՝ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակը»: Եթե խոսում ենք տարվա կտրվածքով, նշեմ, որ առաջին անգամ թատրոնի տանիքում կայացավ իսկապես շքեղ բացօթյա համերգ, տասնամյակների ընդմիջումից հետո թատրոնում հանդես եկավ ճանաչված երգչախմբերից մեկը՝ Կաունասի պետական երգչախումբը, մեր նվագախմբի հետ հանդես եկավ լիտվաբնակ ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Գրիգորյանը: Նաեւ ասեմ, որ թատրոնը «Անուշ» օպերայով հյուրընկալվեց Գյումրիում: Առաջին անգամ Պեկինի օպերային թատրոնը մեզ մոտ հանդես եկավ 4 ներկայացումով: Ընթացիկ եւ գալիք  թատերաշրջաններում՝ արդեն 2020թ., նախատեսել ենք բեմադրել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» եւ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները: Կոմիտասյան թեմաներով «Անտունին» ժամանակին եղել է թատրոնի խաղացանկում՝ անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ: Հենց այդ բեմադրությունն ենք ուզում վերականգնել: Հավանաբար կիրականացնենք «Աթիլլա» եւ  «Պարահանդես-դիմակահանդեսի» բեմադրությունները: Ցանկություն կա Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի բեմադրության առիթով համագործակցել Երեւանի պարարվեստի քոլեջի հետ: Եթե ձեր համբերությունը թույլ կտա, ես կարող եմ շարունակել թվարկել տարվա ընթացքում թատրոնում կայացած այլ նախագծեր եւս, այդ թվում՝ «Համերգ ճեմասրահում», որը հնարավորություն է ընձեռում մեներգիչներին, նվագախմբի երաժիշտներին՝ հանդիսատեսին ներկայանալ  խաղացանկային ներկայացումներից դուրս: Մեկ-երկու խոսք ասեմ թատրոնի  Երիտասարդական ծրագրի մասին, որտեղ ընդգրկված երգիչները տարվա ընթացքում մասնակցություն  ունեցան նաեւ միջազգային տարբեր մրցույթների: Վերջերս Նյու Յորքում անցկացվող վոկալիստների Premiere Opera Foundatoin Prize մրցույթում հրավիրված էի որպես ժյուրիի անդամ, որտեղ լավ տպավորություն թողեցին Երեւանից ժամանած երկու վոկալիստներ՝ Երիտասարդական ծրագրում ընդգրկված Մարիաննա Մարտիրոսյանը եւ կոնսերվատորիայի ուսանող Տաթեւ Բարոյանը:

– 2020թ. թատրոնը հյուրախաղեր կունենա՞:

– Այդ ուղղությամբ աշխատանքները սկսված են, այս պահին կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, բայց «Բյուրեղապակյա դղյակը» եւ Խաչատրյանի «Սպարտակը» կներկայացնենք Իտալիայում: Եթե հայտնի դառնա «Անուշ» օպերայի նոր բեմադրության ռեժիսորի անունը, հիշեցնեմ, որ մրցույթը դեռ շարունակվում է, այն կբեմադրվի եւ կներկայացվի ԱՄՆ-ում:

Զրուցեց  ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հաջողություն եմ մաղթում պարոն Օրբելյանին ,,Գրեմմի,, մրցանակաբաշխությանը … Ցանկալի կլիներ, որ հաջորդ անգամ մասնակցեր ,,Օրիգինալ երաժշտություն,, անվանակարգում … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031