Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»

Դեկտեմբեր 23,2019 11:30

Դեկտեմբերի 12-ը հայոց պատմության մեջ ընդմիշտ կմնա որպես կարեւոր իրադարձության օր. ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այս թեմայի շուրջ Tesaket.info-ն զրուցել է Հաճըն հայրենակցական միության ատենապետ, արմատներով հաճընցի Հովհաննես Գրիգորյանի հետ:

– Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ Սենատի քայլը:

– Իհարկե, դրական եմ գնահատում, վերջապես համարձակություն ունեցան, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում նախանձախնդիր բոլոր սենատորներին, ինչու չէ՝ նաեւ այս ամենում իր ներդրումն ունեցած հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Այս քայլի համար աշխարհաքաղաքական իրավիճակն էլ նպաստեց, եւ պահն էլ կարծես հասունացել էր, դե, գիտեք, շատ քայլեր պայմանավորված են հենց տվյալ պահի աշխարհաքաղաքական իրավիճակով…  Տարիներ շարունակ ասում ենք՝ ճանաչում, դատապարտում, հատուցում…

ԱՄՆ-ն ասում է՝ ժողովրդավարություն ենք քարոզում, սա էլ իրենց խոսքերի ապացույցներից մեկն է: Հայերիս համար սա եթե ոչ հաղթանակ, ապա գոնե մեր հույսերի իրականացմանն ընդառաջ արված եւս մեկ քայլ է, որովհետեւ, ինչպես գիտենք, Ամերիկան մեծ խաղացող է աշխարհում: Թեեւ, նախ եւ առաջ, Թուրքիան պիտի գա այս ամենին, Թուրքիան պիտի ընդունի: Գուցե մեծ տերությունների վարած քաղաքականությունն ինչ-որ մի օր Թուրքիային մտածելու եւ ստիպելու տեղիք կտա՝ առճակատվելու իր նախնիների վարած քաղաքականության հետ: Հասկանալի է, որ Սենատի ընդունած բանաձեւը, բնականաբար, հատուցում չի նշանակում, սակայն լուրջ նախադրյալներ ունի դրա համար՝ որպես Սենատի կողմից պաշտոնական ճանաչում եւ դատապարտում: Այո, հիշում են, դատապարտում, սա շատ կարեւոր եւ ողջունելի քայլ է՝ աշխարհում հետագա ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ: Եթե չես դատապարտում, նոր ցեղասպանությունների հավանականությունը մեծանում է:

Վերջերս բոլորս ականատես եղանք, թե ինչպես Գերմանիան առերեսվեց իր պատմության հետ. Մերկելն այցելեց Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր: Սա արդեն նշանակում է, որ այդ երկիրը պարզ ճակատով առաջ է գնում: Այսօր կան թուրք մտավորականներ, օրինակ՝ Թաներ Աքչամը, որոնք նույնպես կարողանում են ուղիղ նայել սեփական պատմության աչքերին, նրանք դրական են գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը եւ իրենք էլ իրենց երկրի ներսում կոչ են անում ընդունել սեփական սխալները: Հրանտ Դինքը, որպես տեղի հայերին ու թուրքերին կապող օղակ, ասում էր՝ դուք պիտի կարողանաք մաքրվել: Ճիշտ է, նա հարված ստացավ, բայց դարձավ այդ գաղափարի ջահակիրն ու առաջամարտիկը՝ փոխանցելով այն թուրք մտավորականներին: Նա դարձավ խորհրդանիշ ու այս գաղափարներն առաջ մղող մարդ, որին այսօր փոխարինելու է եկել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Այնպես որ՝ այս գործընթացը շարունակական է, եւ Թուրքիայում, տեղի հայերից բացի, թուրքերի մեջ էլ կան համարձակ մարդիկ:

-Դուք ինքներդ հայրենակցական միության նախագահ եք: Ինչպե՞ս եք գնահատում հայրենակցական միությունների դերը՝ աշխարհում քարոզչական միջոցառումների անցկացման եւ դրանով իսկ՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու տեսանկյունից:

-Հայոց ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին ողջ աշխարհով մեկ: Ցեղասպանություն տեսած մարդիկ ու նրանց հետնորդները թե՛ այդ ժամանակ, թե՛ անգամ դրանից առաջ ստեղծել էին հայրենակցական միություններ, բարեսիրական միություններ: Ես կարող եմ մեր՝ Հաճընի օրինակով ասել: Հաճընցիները մի բան գիտեին, երբ միավորվում էին: Տարբեր անվանումներով կազմակերպություններն իրականում համախմբում էին մարդկանց, որոնք միեւնույն ցավով էին տառապում՝ չկորցնել ինքնությունը, պահել-պահպանել սեփական տեսակն ու մշակույթը: Այսպես՝ ամբողջ աշխարհում ստեղծված հայրենակցական միությունները թե՛ բարոյապես, թե՛ նյութապես սկսեցին օգնել մայր Հայաստանին՝ դառնալով նրա հիմնասյուները: Հիշենք մեր այսօրվա թաղամասերի կամ քաղաքների անունները՝ Մալաթիա, Զեյթուն, Նոր Հաճըն, Խարբերդ…  Սրանք պատահական անվանումներ չեն…  Մեր Հաճըն հայրենակցական միությունը 1930-ականներին ստեղծվեց Բուենոս Այրեսում: «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական գրասենյակը հենց այդտեղ է գտնվում: Այնուհետեւ, Հաճընի հերոսամարտից հետո, աշխարհասփյուռ հաճընցիները հիմնեցին Միության իրենց գրասենյակները՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում եւ այլուր, ինչի շնորհիվ կարողացան իրենց հայրենասիրական ձեռնարկներով պահել  հայի տեսակն ու ազգային նկարագիրը:

1950-ական թվականներին Հայաստանի Սիլովոյ քաղաքը նմանեցնելով պատմական Կիլիկիո Հաճընին՝ հիմնադրվեց Նոր Հաճըն քաղաքը: Ի դեպ՝ առաջին ադամանդագործական մեքենաները հենց հաճընցիները բերեցին Հայաստան: Եվ ոչ միայն հաճընցիները, այլեւ աշխարհասփյուռ բոլոր հայերը, այս կամ այն տեղ միավորվելով, համախմբվելով ու հայրենակցական միություններ ստեղծելով, միշտ էլ տնտեսապես աջակցել, թեւ ու թիկունք են եղել Մայր Հայաստանին: Կարող եմ հստակ ասել, որ բոլոր միություններն անխտիր մշտապես հետեւողականորեն պայքարել, ուղերձներ ու կոչեր են հղել համապատասխան կառույցներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով, կազմակերպել են զանազան միջոցառումներ, տարբեր հարթակներից հանդես եկել ելույթներով: Ճիշտ է, ժամանակին հայրենակցական միության գաղափարն ինչ-ինչ պատճառներով, գուցե՝ քաղաքական նկատառումներով, խաթարվեց, արժեզրկվեց նրանց դերը, սակայն խոսքս հենց ցեղասպանություն տեսած մարդկանց ժառանգորդների ստեղծած միությունների մասին է, որպիսին նաեւ Հաճըն հայրենակցական միությունն է: Այսօր բոլորը նշում են ՀՅԴ-ի ու Հայ դատի գրասենյակի անունը. անշուշտ, հոգաչափ շնորհակալ ենք իրենց՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համառ ու հետեւողական ջանքերի համար, սակայն նրանց կողքին միեւնույն ժամանակ, կարծում եմ, անհրաժեշտ է ընդգծել նաեւ հայրենակցական միությունների դերն ու նշանակությունը, որոնք պակաս ներդրում չունեն:

Վստահ եմ, որ եթե հայրենակցական միությունները չլինեին, շատ բան այլ կերպ կլիներ: Այդ իսկ պատճառով ես իմ կոչն եմ ուղղում մեր իշխանություններին՝ չանտեսել մայր հայրենակցական միությունների գործունեությունը, հաշվի առնել դրանց գոյությունը եւ առաքելությունը: Իմ տատիկի ընտանիքից 40-ից ավելի մարդ է զոհվել Ցեղասպանության ժամանակ, տատիկս պատմում էր՝ ինչպես են իրենք փրկվել, եւ ես այսօր այդ ամենին չեմ կարողանում մատների արանքով նայել: Ոչ միայն ես, այլեւ Ցեղասպանությունը տեսած ցանկացած մարդու ժառանգ հիշում է իր պապերի պատմած սարսափների մասին: Դա մոռացության ենթակա չէ:

Մենք այսօր ունենք «Հաճըն» հայրենակցական միություն, որի շրջանակներում մյուս տարի նշելու ենք Հաճընի հերոսամարտի 100-ամյակը: Բազմաթիվ անկատար ծրագրեր ունենք՝ Հաճընի բարբառին նվիրված գրքի հրատարակումից մինչեւ գիտաժողովի կազմակերպում: Այդ ամենը կախված է եղած հնարավորություններից: Այնուամենայնիվ, մենք մեր հնարավորությունների սահմաններում պիտի նշենք Հաճընի հերոսամարտի 100-ամյակը: Ես աջակցության համար դիմել եմ իշխանություններին, բայց առայսօր ոչ մի պատասխան չեմ ստացել, նամակներ եմ ուղղել, եւ բախվել անտարբերության: Հուսանք՝ արձագանքներ դեռ կլինեն:

«Առավոտ» օրաթերթ
21.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031