Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Կյանքը եւ ես»

Դեկտեմբեր 23,2019 11:00

Ազնիվ Կարապետյանի 13-րդ հանդիպումն է ընթերցողի հետ: Վերհիշենք նախորդ հանդիպումներից մի քանիսը՝ «Կարոտի կանչեր», «Հոգու ղողանջներ», «Կապուտաչյա երջանկություն», «Լույսի սպասում», «Խնկաբույր երազ», «Տարիներս», «Մայրամուտից առաջ», «Վերջալույսի կրակներ»… գրքերը, որոնք կյանքի ուղեգիր են ստացել 1995 թվականից: Բանաստեղծուհին գրքից գիրք ավելի է հասունացել, նոր շունչ հաղորդել ստեղծագործություններին:

Ներկա գրքում տիկին Ազնիվը ազնվորեն է ներկայացրել իր կյանքի ջերմ զգացումներ արթնացնող դրվագները՝ գարնանամուտից մինչեւ աշնանամուտ:

«Կյանքիս ընթացքը» յուրատեսակ չափածո ինքնակենսագրականում հեղինակն անկեղծ զրույց է սկսում ընթերցողի հետ, իր հոգու էջերը բացում նրա առջեւ, պատմում իր արած ու դեռեւս ապրող երազանքների մասին: Արմատներով մշեցի-գյումրեցի Ազնիվ Կարապետյանը թեեւ ծնողների միակ զավակն է, բայց կարծես չծնված քույր-եղբայրների ներուժն է կուտակել՝ ներդաշնակել իր մեջ: Ծնողների ողջամիտ եւ ճիշտ դաստիարակության շնորհիվ ստեղծագործողի ես-ն է  պահպանել, ոչ թե եսամոլ դարձել: Գտել է իր երջանկության բանալին. ընտանիք է կազմել մշակույթի վաստակաշատ գործիչ, մարդկային արժանիքներով հարուստ, վերջերս հոբելյար դարձած (90 տարեկան) Հրաչ Մխիթարյանի հետ: Ունեցել են երկու ուստր, թոռներ, ծոռներ, որոնց. «Հարգանքը խորին է, վարմունքը՝ նրբին ու ջերմ…»:

«Կյանքը եւ ես» խոհափիլիսոփակայան բանաստեղծությունը հասուն մտքի արգասիք է, մենախոսություն՝ կյանքի եւ իր միջեւ. «Ես ապրեցի երազանքի, սպասումի հույսերով վառ…, հոգուս կրակը միշտ անմար, բարությամբ լի, եւ չարության հունդը չկար, որ ծիլ տալով, բազմանալով ավերեր իմ միտքն ու հոգին, շեղեր նաեւ կյանքիս ուղին…»: Տիկին Կարապետյանը չի շեղվել ճշմարիտ ուղուց եւ հորդորում է ապրել՝ «առմիշտ շիտակ…»:

Ժողովածուի թեմաները բազմաշերտ են. ընտանիք, հայրենիք, ավանդույթ… Հարազատ օջախն իր համար սրբության սրբոց է, ամենաթանկը, քանզի նրանով է դրվում հայրենիքի ամուր հիմքը…

Գրքում զգալի տեղ է հատկացված ընտանիքի անդամների, ծնողների, սրտամոտ մարդկանց դիմանկարներին, որոնք ծնունդ են առել սրտահույզ պահերից, սիրուց, կարոտից, երախտագիտությունից…

Երախտագիտության խորին զգացումով է գրված «Անմահ Թումանյանին» (ծննդյան 50-ամյակի առթիվ) բանաստեղծությունը, որը մի ինքնատիպ ձոն է՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին. «Այսօր հայրենի երկիրդ տոնում է շուքով, խինդով խանդավառ… Տոնում են հպարտ, ազգային ոգով եւ օրհներգում են օրը քո ծնված»…

Հայոց գրի զարդարող, հավերժի ճամփորդ «Վահան Տերյանին» նվիրված ձոներգում խոր ափսոսանք կա, պոետից ներշնչվածի խոստովանանք. «…Քո նրբահյուս քնարին հոգեպարար, ես աներկբա  նվիրված եմ մշտապես»: Տերյանի ոգին հարատեւ է, առինքնող, հուզող, գերող. «…Քնարը քո բազմախորհուրդ ու անգին՝ հավերժորեն կապրի գրում եւ այլոց…»:

Բանաստեղծուհու հոգին նաեւ խռովք է ապրել ու ապրում է՝ ընդդեմ մեր տաղտուկ իրականության: «Տարեցներն այսօր…» չափածո զրույց-իրապատումը քաղաքացիական, սոցիալական կյանքն արտացոլող նմուշներից են, որտեղ հեղինակը թումանյանական շնչով պատկերում է մեր դաժան իրականության դեմքը. «Իմ տան տարածքում, որին շրջակա տարածքի բնակիչները Մեծ Մերգելյանի անվամբ են կոչում,  կար կանաչապատ մի գողտրիկ այգի, որի ծառերի հովանու ներքո վայելում էին անդորրը հոգու… Բայց, ցավոք սրտի, անկախության այն անզուսպ թալանի մառ տարիներին պաշտպանված չեղավ եւ գողտրիկ այգին սեփականացվեց…, որի արդյունքում փարթամ ծառերը բնից հանեցին, ծաղկանոց դարձած կանաչ տարածքը սալապատեցին եւ այգին դարձավ բիզնեսի գերին…»: Սա էլ՝ տիկին Ազնիվի ազնիվ ապտակն է թալանչիներին:

«Հոգուս աշխարհում» գործը սրտի խոսք է. չմարող սեր, նվիրում իր ծննդավայր Շիրակ աշխարհին, իր հուշերի քաղաք Գյումրիին. «Դու իմ հարազատ, իմ քաղաք Գյումրի, սիրով եկել եմ քեզ այցելության՝ տարիների իմ բեռով կարոտի…»:

Ուշադրության են արժանի հայրենասիրական, խոհական մղումներով գրված «Մեր երկիրը», «Ա՜խ, Մասիս», Տերյանին նվիրված «Խաղաղ ննջիր», «Ապրում ենք անփույթ» գործերը:

Բանաստեղծուհու սրտում տագնապ կա, խռովք, սակայն գալիքի հանդեպ լավատեսությունը նրան չի լքում. հույս, հավատ, լույս է ներշնչում:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ   

«Առավոտ» օրաթերթ
21.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031