Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներդրողները հետաքրքրված են Գյումրիում բազմաբնակարան շենքեր կառուցելով

Դեկտեմբեր 23,2019 00:01

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց, թե այս տարի ներդրումներ եղե՞լ  են Շիրակի մարզում, հատկապես որ մարզպետն աշխատանքային այցեր կատարեց Ռուսաստանի Դաշնություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

«Ներդրումների առումով մենք ունենք քննարկումներ նաև Հայաստանում մեր աշխատանքային հանդիպումների շրջանակում, և այն մարդիկ, որոնց հետ Չինաստանում շարունակում էինք աշխատել, իրենք Հայաստանում գրանցել են առաջին չինական հարյուր տոկոսանոց կապիտալով կազմակերպությունը, ինչը բավականին կարևոր իրողություն է։

Այն դառնալու է հարթակ այլ ձեռնարկատերերի համար տարբեր ոլորտներում շարունակաբար աշխատանքներ իրականացնելու։ Մեր սենյակում, մեր մարզում այս պահին կա 4-5 նախագիծ, որոնց հետ կապված տվյալներ այս պահին ճիշտ չեմ համարում հրապարկել, քանի դեռ չեն հասնում ամբողջական, մեկնարկային փուլին, համենայնդեպս Աշոցքի տարածքաշրջանն այսօր բավականին հետաքրքրում է,  ուշադրության կենտրոնում է, և ,իհարկե, Գյումրին զարգացման առումով քաղաքաշինական տեմպերի մեջ բավականին մեծ հետաքրքրություն ունի։

Հենց հիմա Գյումրիում բազմաբնակարան մասնավոր տների՝ որպես բիզնեսի, կառուցապատման մի քանի ծրագրեր կան, որոնք քննարկման փուլում են, ոլորտ, որը կապված է Գյումրու նկատմամբ մեծ հետաքրքրության հետ, կարող է զարգանալու շատ մեծ հեռանկարներ ցույց տալ։ Իհարկե, կա նաև արտադրական որոշակի պոտենցիալ։ Մենք այս տարի տեքստիլ  ոլորտում ունեցանք խնդիր, բայց մյուս հիմնական տնտեսվարողների մոտ մենք ունեցանք հետևողական զարգացումներ, մի քանի կազմակերպություններ իրենց հզորություններն այս տարվա մեջ մեծացրել են»,-ասաց մարզպետը։

Նա  նաև թվային տվյալներ ներկայացրեց՝  ոլորտ առ ոլորտ  հաշվետվություն տալով։

«Քաղաքաշինության ոլորտում, որը, ըստ էության, ուղղակիորեն ու անուղղակիորեն ցույց է տալիս մնացած ոլորտներում աշխուժությունը, մենք ունենք բավական լավ թվեր, կարելի է համարել շատ լուրջ թվեր։

Ես ինձ համար հիմք եմ վերցնում 2018 թվականի իրականությունը, և մեր մոտեցումները, զարգացումները 2018 թվականի համեմատությամբ կներկայացնենք, նաև որոշակի սպասումներ, որոնք  այս պահին 2019 թվականին ռեալ են, այդ մասով, որ տեսնում ենք։ Թվերը վերջնական չեն, դեռևս վերջնարդյունքում ճշտվելու առիթ ունեն, սա մեր ձեռքի տակ եղածն է , ոչ թե պետական վիճակագրական մարմինների տրամադրած թվեր են, ցուցանիշեր կան, որոնց դեռևս չենք տիրապետում։

Ներկայացնենք այն ցուցանիշները, որոնք ունենք․ քաղաքաշինության ոլորտում համարում ենք, որ բավականին լուրջ զարգացումներ ունենք։ 2018 թվականի համեմատությամբ՝ ունենք 32 տոկոս ընդհանուր ծավալի աճ, թվային տեսքով՝ 2018 թվականին ունեցել ենք մոտ 20 միլիարդի կատարողական, այս տարի մոտ 26 միլիարդի կատարողական ենք ապահովում։

Մեր մարզի համար, իհարկե, ամենացավալի խնդիրներից մեկը եղել և մնում է բնակարանային ապահովվածության խնդիրը։ Ես կուզենամ սկսել այդ ոլորտում ունեցած ցուցանիշներով, սրանք այն թվերն են, որոնք պաշտոնապես կան, դեռևս մի քանի ծրագրեր ներառված չեն։ 2018 թվականին բնակապահովման ոլորտում բյուջեն  եղել է 83 միլիոն դրամ, 2019 թվականին հաստատված բյուջեն 73 տոկոսով ավել է եղել, գրանցվել է 144 միլիոնի, և այս պահին արդեն հաստատված, արդեն հստակ ծրագրերով, պիտի նշեմ, որ այս ծրագրերում մենք  չունենք դեռևս վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի լուծումները, որոնք որոշակի առումով հաջորդ տարի սկսելու են կյանքի կոչվել, մի մասը ֆինանսական միջոցներ պահանջող, մի մասը՝ չպահանջող։

Մենք հաջորդ տարի ունենալու ենք 2 միլիարդ 18 միլիոն արդեն ֆիքսված, այսինքն աճը կազմելու է 18 թվականի համեմատությամբ 24 անգամ։ Հաջորդ տարի 24 անգամ աճ ենք ունենալու բնակապահովման ոլորտում»։

Մտավոր հաշվարկներով, ճանապարհաշինության ոլորտում  անցած տարվա տարբերությամբ  կա մոտ 225 տոկոս աճ։

«Հաջորդ տարի այս դինամիկան պահպանվելու է, և մենք ակնկալում ենք 2018թվականի համեմատությամբ՝ 250 տոկոսի աճի իրականացնել, այսինքն՝  այս տարի իրականացվել է մոտ 12,8 միլիարդ դրամի աշխատանքներ ճանապարհաշինության ոլորտում տարբեր ծրագրերով՝ պետական, վարկային սուբվենցիոն, այսինքն՝ գումարային արդյունքը մոտավորապես այս թվի տիրույթում է, հաջորդ տարի մենք ակնկալում ենք արդեն ֆիքսված, հաստատված 20 միլիարդ դրամի աշխատանքներ»,-ասաց մարզպետը։

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031