Դեկտեմբեր 19-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգ նվիրեց ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի հիշատակին:
Դիրիժորն էր Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։ Որպես մենակատարներ հանդես եկան Խաչատուր Ալմազյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ) և Անուշ Նիկողոսյանը (ջութակ):
Հնչեցին Վիվալդիի, Մասկանյիի, Մենդելսոնի գործերը: Տեղի ունեցավ նաև ներկայումս աճող համբավ վայելող չելյաբինսկցի կոմպոզիտոր Լերա Աուէրբախի «Երկխոսություններ Ստաբատ մատերի շուրջ» ջութակի, ալտի և նվագախմբի համար ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:
Ջութակահար Պետրոս Հայկազյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում: 1950թ-ից մինչև կյանքի վերջին օրերը դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003թթ՝ տնօրենը:
Նրա ղեկավարության օրոք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դարձել է Հայաստանի առաջատար երաժշտական կրթօջախներից մեկը՝ ամրապնդելով իր կապերը Մոսկվայի, Թբիլիսիի և Խորհրդային Միության այլ քաղաքների երաժշտական դպրոցների հետ:
Կարդացեք նաև
Նրա աշակերտների թվում են այնպիսի ջութակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Վիկտոր Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Տիգրան Տողրամաջյանը, Անահիտ Կուրտիկյանը, Գևորգ Բուդաղյանը, Դավիթ Հարությունյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Աստղիկ Վարդանյանը, Մարտին Յավրյանը, Սյուզի Երիցյանը, Գևորգ Ղարաբեկյանը, Էմանուել Ճգնավորյանը, Տիգրան Հախումյանը, Անուշ Նիկողոսյանը, Դիանա Ադամյանը և ուրիշներ: Արժանացել է մի շարք պետական պարգևների։
Հուժկու և երկարատև ծափահարություններից, բազմաթիվ ծաղկեփնջերից հետո հաջողվեց մի փոքր զրուցել մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ։
-Մաեստրո Օրբելյան, գո՞հ եք արդյոք նվագախմբից, մենակատարներից։
-Խոսք չկա, շա՛տ:
-Վերջերս գործուղման էիք մեկնել արտերկիր։ Չէի՞ք մանրամասնի:
-Նյու-Յորքում ես երգիչների միջազգային մրցույթի և աշխարհի քսան թատրոնների համար լսումների ժյուրիի կազմում էի՝ Premiere Opera Awards – New York Opera Auditions:
Եկել էին աշխարհի տարբեր ծայրերից քսան թատրոնների քաստինգի գծով տնօրեններ, որպեսզի նոր երգիչներ ընտրեն իրենց թատրոնների համար։
Ես պատիվ ունեցա հանձնելու Դմիտրի Խվորոստովսկու անվան հատուկ մրցանակը։
Նշեմ, որ մասնակիցների թվում էր մեր Թատրոնի երիտասարդական ծրագրի ներկայացուցիչ Մարիաննա Մարտիրոսյանը, որն անցել էր նախնական ընտրական փուլը, և թեպետև նա, ցավո՛ք, չանցավ եզրափակիչ, սակայն հիանալի երգեց։
Մի այլ հայուհի՝ ծնունդով հայաստանցի, իսկ ներկայումս՝ ամերիկացի, Տաթև Բարոյանը հասավ մինչև եզրափակիչ, որում երգեց Ձյունանուշիկի մեներգը Ռիմսկի-Կորսակովի համանուն օպերայից, այն էլ այնպես հրաշալի, որ Metropolitan Opera-ի հռչակավոր մեներգչուհի Էրըն Մորլին (Erin Morley), մոտենալով ինձ, ասաց, որ այսպիսի բան դեռ չէր տեսել և լսել, և հայտնեց, որ իր մրցանակը՝ վարպետության դասեր՝ տալիս է մեր հայրենակցուհուն, որը դաշնակահարուհի Զարուհի Բարոյանի դուստրն է։
Այնուհետև Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որ նշում էր իր համերգային սերիայի տասնամյակը, ինձ հրավիրեց Carnegie Hall-ի Փոքր դահլիճում կայացած համերգին՝ այդտեղ ապրող հայ շնորհալի երգիչների մասնակցությամբ, որից ստացա մեծ տպավորություններ։
Հետո գնացի լսելու մեր Մանե Գալոյանին՝ Չայկովսկու «Пиковая дама» օպերայում, Metropolitan Opera-ում, որի օթյակում կողք կողքի հյատնվեցի Նորվեգիայի թագուհի Սոնյայի հետ, որը հատուկ Օսլոյից ժամանել էր նույն օպերայում Լիզայի դերում հանդես եկող նորվեգացի երգչուհի Լիզա Դեվիդսընին լսելու համար։ Բանից պարզվեց, որ նորվեգացի երգչուհին հաղթել էր Նորին Մեծության ամենամյա մրցույթում։
Ի դեպ, չնայած պատկառելի տարիքին, թագուհի Սոնյան շատ ոճային և տպավորիչ կին է, ում հետ ներկայացումից հետո շամպայն ըմպեցինք թատրոնի գլխավոր տնօրենի մոտ։
– Իսկ ի՞նչ սպասենք Ձեր ղեկավարած թատրոնից մոտ ժամանակներս։
– Այժմ պատրաստվում ենք Ամանորի գալա-համերգին, տոնական օրերին թատրոնն աշխատելու է, նաև պատրաստվում ենք Ամանորի տոներից հետո ներկայացնել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը՝ ըստ Լևոն Շանթի։
Հատուկ պետք է նշեմ, որ «Բյուրեղապակյա դղյակ» բալետի հայաստանյան առաջնախաղը այնքա՛ն դուր եկավ հայ հանդիսականին, որ մարդիկ անհամբերությամբ սպասում են հունվարի վերջին-փետրվարի սկզբին նոր ներկայացումներին։
Հայտնեմ, որ բառացիորեն օրեր առաջ մեր Հասմիկ Գրիգորյանը արժանացել է Լիտվայի պետական մրցանակի, ինչը, անկասկած, բոլորիս մոտ հպարտության զգացում է առաջացրել։
Ի դեպ, օրեր առաջ Մեծ թատրոնում լսեցի նրա ֆանտաստիկ կատարումը «Մանոն Լեսկո» օպերայում։ Խոսեցինք մեր ապագա համատեղ ծրագրերի մասին։
Ջորջ ՉԱԽԱԼՅԱՆ