Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խորհրդանշում օճառ նվիրելը․ Էստոնիայի հայտնի օճառագործը գյումրեցի երիտասարդներին սովորեցնում է օճառի պատրաստման գաղտնիքները (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 22,2019 22:00

Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաները, որոնք նախորդ օրը կազմակերպել էին ամանորյա տոնավաճառ (Christmas Bazaar)` ցուցադրության հանելով իրենց ձեռքի աշխատանքները՝ բնական թելերից հյուսված տոնածառեր, փայտյա մոմակալներ, մոմեր, ամանորյա զարդարանքներ, անուշաբույր, օգտակար եթերայուղերով ու խոտաբույսերով, երբեմն նաև ծովի աղերով պատրաստված օճառներ, մտադրված են սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել, օճառի փոքր արտադրություն հիմնել ու ստացված հասույթով փակել կենտրոնի ծախսերը։

Հիշեցնենք, որ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը միակն է Հայաստանում, այն հիմնվել է Եվրամիության աջակցությամբ՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի կողմից, գործում է Գյումրու խոցելի թաղամասերից մեկում ու ոչ ֆորմալ կրթություն, նաև ժամանց է ապահովում սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար։

Նրանց օճառագործություն է սովորեցնում Էստոնիայում հայտնի օճառագործի դուստրը, որը Գյումրի է եկել «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի շրջանակում ու մասամբ աշխատում է կենտրոնում, տարբեր աշխատարաններ ու ակումբներ է վարում։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Արթուր Նաջարյանը։

 

«Երբ երկու ամիս առաջ կենտրոնի սաները փորձում էին մտածել՝ ինչ պարագաներ, զարդարանքներ կամ առհասարակ ապրանքատեսականի պետք է ստեղծեն, որ լինի ամանորյա, միաժամանակ նաև տոնավաճառում պահանջված, առաջարկներից մեկն էր օճառների արտադրությունը։ Իհարկե, այդ ժամանակ մեզ թվում էր մշուշոտ․ չգիտեինք՝ ինչի մասին է խոսքը, բայց մեր էստոնացի գործընկերը, ով Էստոնիայում շատ հայտնի օճառ արտադրողի աղջիկ է, ով պատրաստում է հատուկ յուղերից, էկոլոգիապես մաքուր մարմնի, դեմքի կամ այլ նպատակի համար օգտագործվող օճառներ, պատրաստակամություն հայտնեց իրենց տեխնոլոգիան փոխանցել մեր կենտրոնի սաներին` այն պայմանով, որ տեխնոլոգիան կմնա գաղտնի ու հետագայում կօգտագործվի կենտրոնում՝ օճառ պատրաստելու ու ինչու չէ, կենտրոնի որոշակի ծախսեր հոգալու, վաճառքը կազմակերպելու։

Սա հիանալի հաղորդագրություն էր, մեր կազմակերպության թիմի անդամներով երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ սա լավագույն գաղափարներից մեկն է, որը պետք է ստանա աջակցություն, ու սկսեցինք ուսումնասիրել այդ գործընթացը՝ ի՞նչ պարագաներ են պետք, ինչպե՞ս պետք է լինի, Հայաստանում որտեղի՞ց կարելի է ձեռք բերել, ովքե՞ր են օճառ արտադրում։ Այս օճառները բացառիկ են նրանով, որ ամբողջապես պատրաստված են բնական հումքից, եթերայուղեր են պարունակում, որոնք ամբողջապես օգնում են օրգանիզմին թարմ ու ավելի երիտասարդ տեսք ունենալու։ Մի մասը պատրաստված է ծովի աղից։

Նաև բացառիկ են նրանով, որ ամբողջապես պատրաստվում են սաների կողմից, ովքեր շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունեն, տեխնոլոգն առաջիկա չորս ամիսներին մնալու է Հայաստանում և փորձելու է ամբողջ տեխնոլոգիան փոխանցել մեր պատանիներին»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս պահին մասնագետը Էստոնիայում է, գնացել է այնտեղից հումք բերելու․Հայաստանում լավ հումք գտնելն ավելի դժվար է, այն ավելի թանկ է։

«Հիմա մտածում ենք՝ ինչպես այն վերածել սոցիալական ձեռնարկատիրության, որի ամբողջ հասույթը կուղղվի կենտրոնի երիտասարդներին տրամադրվող ծառայությունները շարունակական դարձնելուն»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Նրա պատմելով, մասնագետը սկզբում որոշակի մտավախություն է ունեցել։

«Իր ծրագրային գործողություններում օճառի արտադրության կետ չկար, մենք գաղափար անգամ չունեինք, որ ինքը նման ընտանիքից է։ Այս միտքը տեղում է առաջացել, ինքը վախենում էր, թե ինչպես կընդունվի այն, որովհետև նման դեպքերում մասնագետները վախենում են իրենց տեխնոլոգիան կիսել ուրիշների հետ, բայց ինչպես ինքն է կատակով ասում՝ քանի որ Հայաստանն այլ շուկա է, նույն գնորդները չեն, ես մեր գաղտնիքն ամբողջապես ձեր հետ կկիսվեմ»,-ասում է մեր զրուցակիցը։

ԵՆԿ նախագահի ասելով, այս պահին երիտասարդների պատրաստած օճառները նվիրում են գործընկերներին ու հյուրերին, ավելի մեծ քանակություն ունենալու դեպքում կհանեն վաճառքի։ Տոնավաճառում այն վաճառել են 750 դրամով, սակայն արտադրություն սկսելու դեպքում արդեն կհստակեցնեն գինը՝ միգուցե ավելանա, կամ պակասի։

Ի դեպ, ըստ Արթուր Նաջարյանի, օճառ նվիրելը սիրո, կրքի, մաքրության իմաստն է կրում։

«Երբ սկսեցինք օճառների, այսպես ասած, արտադրությունը կազմակերպել, սկսեցինք ուսումնասիրել ու հասկանալ՝ ինչ խորհրդանիշեր կան, հասկացանք, որ Սովետական Միության նախկին որոշ երկրներում է, որ օճառ նվիրելը արցունքի կամ տխրության հետ է ասոցացվում, շատ երկրներում հակառակ իմաստն ունեն՝ օրինակ Ֆրանսիայում այն սիրո, կրքի նշան է։ Գիտենք, որ արտերկիր մեկնողները չեն կարող, օրինակ, Ֆրանսիայից գալ՝ առանց ֆրանսիական օճառի։

Հուսամ, կկոտրվի Հայաստանում այդ կարծրատիպը, մարդիկ կսկսեն միմյանց օճառներ նվիրել ու այն կդադարի տխրության խորհրդանիշ լինել»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի և Արթուր Նաջարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031