Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանախով լցոնած հավի կրծքամիս

Դեկտեմբեր 22,2019 21:43

Շատ համեղ ուտեստ է: Թեթեւակի տապակած սպանախը, սխտորն ու ընկույզը շատ լավ համադրվում են հավի կրծքամսի հետ: Այս ուտեստը կարելի է մատուցել նաեւ տոնական սեղաններին:

Անհրաժեշտ մթերքները

Հավի ոսկրահան կրծքամիս- 4 հատ

Համեմունքներ- ըստ ճաշակի (ես օգտագործել եմ աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած սխտոր, հազրեվարդ, ծիթրոն)

Ձիթապտղի յուղ- 1 ճաշի գդալ

Սպանախ-2 կապ

Պրաս (կամ «բուլղարական սոխ»)- կես հատ (կարող եք փոխարինել սովորական գլուխ սոխով)

Սխտոր-2 պճեղ

Չորալոլիկ (լոլիկի չիր)- 8 հատիկ (պարտադիր չէ)

Ընկույզ (կարող եք վերցնել ինչպես սովորական ընկույզ, այնպես էլ՝ հնդկական ընկույզ, նուշ, կաղին կամ մայրու ընկույզ)- մի բուռ

Բուսական յուղ-4 ճաշի գդալ

Կարագ-50 գրամ

Դեղին, պինդ պանիր (օրինակ՝ գաուդա)-8 բարակ շերտ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը մեջտեղից կիսել՝ չանջատելով իրարից, որպեսզի դառնա ավելի լայն կտոր: Համեմել աղով, պղպեղներով, չորացրած կանաչիներով, չորացրած կամ թարմ, ճզմած սխտորով, վրան ցողել ձիթապտղի յուղը: Բոլոր կտորները համեմելուց հետո ծածկել պոլիէթիլենային թաղանթով, դնել սառնարան: Կարող եք սառնարանում պահել մինչեւ 3 օր:

Սպանախը մաքրել, լավ լվանալ: Սոխը նույնպես շատ լավ լվանալ (պրասի տերեւների արանքներում միշտ հող է լինում, ուշադիր եղեք):

Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, ցածրացրեք կրակը: Սկզբում լցրեք կտրատած սոխը, մեկ-երկու րոպեից ավելացրեք շերտատած սխտորը, կտրատած չորալոլիկը, ընկույզը, խառնեք, թողեք մի փոքր էլ տապակվի, ավելացրեք կտրատած սպանախը: 3-4 րոպեն լրիվ բավական է, որ սպանախը տապակվի, ծավալը փոքրանա: Հենց բանջարեղենը տապակվի վերջանա, ավելացրեք աղ, մի քիչ սեւ պղպեղ, կարագ եւ անջատեք, թողեք հովանա:

Մինչ բանջարեղենը հովանում է, շերտ-շերտ կտրատեք պանիրը: Հավի կրծքամիսը բացեք գրպանիկի ձեւով, դրեք մի կտոր պանիր, մի գդալ տապակած սպանախ, վրայից հաջորդ կտոր պանիրը, փակեք «գրպանիկը» եւ ամրացրեք փայտե չոփիկներով:

Գրիլ թավան տաքացրեք, հավի կտորները 3-ական րոպեով տապակեք երկու կողմից:

Վերցրեք խորը, հրակայուն աման, հավի թեթեւակի տապակված կտորները դրեք մեջը, վրայից լցրեք ավելացած սպանախը ու դրեք 200 աստիճանով նախապես տաքացրած ջեռոցը 10-15 րոպեով:

Անջատեք, թողեք ջեռոցում մնա եւս 10 րոպե եւ մատուցեք տաք վիճակում: Որպես խավարտ կարող եք մատուցել բրինձ, թարմ բանջարեղեն:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031