Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի երեխաներն այսօր հավաքվել էին Հատիս լեռան ստորոտում: Նրանք սպասում էին իրենց ամենացանկալի հյուրերին՝ Ձմեռ պապիկներին եւ Ձյունանուշիկներին, որոնք երեխաներին այցելեցին եւ ամանորյա նվերներ բերեցին երկնքից՝ պարապլաներներով:
Քանի դեռ հյուրերը հորիզոնում չէին երեւում, երեխաների հետ երգում, պարում ու զանազան խաղեր էին խաղում սիրելի հեքիաթների հերոսները:
Երկնքից Ձմեռ պապիկների՝ երեխաներին այցելելու գաղափարի հեղինակը «Aero Club» ակումբի անդամներն են: Հարություն Աճեմյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ակումբի անդամներով միշտ ցանկացել ենք Ձմեռ պապիկի հանդերձանքներով թռչել: Եվ քանի որ Հատիս սարը մեր թռիչքների հիմնական վայրերից մեկն է, որոշեցինք մեր անձնական միջոցներով նվերներ պատրաստել եւ Նոր տարվա շեմին Հատիս լեռան ստորոտի գյուղերից մեկի երեխաներին զվարճացնել: Զանգեցինք Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանին: Նա անմիջապես ընդունեց մեր այս առաջարկը, միացավ մեզ եւ իր վրա վերցրեց կազմակերպչական աշխատանքների մեծ մասն ու անձնական մասնակցություն էլ ունեցավ, ինչի համար շնորհակալ ենք: Կարծում ենք, առաջին փորձը հաջողվեց, ու ամենայն հավանականությամբ սա ավանդույթ կդառնա: Համենայն դեպս, ե՛ւ մեր տղաները, ե՛ւ համայնքապետը այդպիսի ցանկություն հայտնեցին»:
Իսկ Հունան Ռուբենյանը հավելեց, որ առաջարկը ստանալուն պես, անմիջապես մտածել է, որ այսպիսի գեղեցիկ միջոցառմանը անհրաժեշտ է մասնակից դարձնել ոչ միայն Ակունքի, այլեւ համայնքի մյուս գյուղերի երեխաներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ